Ի՞նչ երգեր են այսօր երգում հայկական էստրադայի երգիչները: Ովքե՞ր են գրում դրանք, ինչպե՞ս է կայանում համագործակցությունը երգիչ-երգչուհիների հետ: Ի վերջո, հայկական էստրադայում կայացա՞ծ է երգերի շուկան:
Մանե Հակոբյանի գրած երգերն այսօր պոպուլյար են: Վերջինս հիմնականում գրում է քրոջ՝ երգչուհի Սիլվա Հակոբյանի համար: Սակայն Մանեն իր երգերը նաեւ վաճառում է: Մինչ այժմ նա համագործակցել է երգչուհիներ Շուշան Պետրոսյանի, Սիրուշոյի, Սյուզան Մարգարյանի, Սյուզի Մելիքյանի եւ այլոց հետ: Թե որքան արժե մեկ երգը, Մանեն չի ասում: Իսկ ահա այն հարցին, թե ինչպես է սկսվում համագործակցությունն այս կամ այն երգչի հետ, Մանեն պատասխանում է, որ պարզապես մեկը մեկին լսելով, իր երգերը լսելով, դիմում են իրեն. «Երբեք պատրաստի երգեր չեմ գրում-դնում մի կողմ, որ գան՝ ով ինչ ուզի, ընտրեն,- ասում է Մանե Հակոբյանը: -Պատվերով գրում եմ այն, ինչ իրենք են ուզում: Հիմնականում մեկ շաբաթում գործս վերջացնում եմ: Երգը եթե գրում եմ, դա իմ հոգեվիճակը չէ, այլ երգի պատվիրատուինն է: Դիմացինն ինչ ուզում է՝ գրում եմ: Թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը, թե՛ ռիթմը, այդ ամբողջն իրենց ցանկությունն է: Ընդհանրապես երգ գրողները պետք է հոգեբաններ լինեն, որ իրենց դնեն այդ մարդու տեղը եւ գրեն երգը, հասկանան, թե ինչ է նա ուզում: Պատվիրատուներն էլ պետք է լավ բացատրեն իրենց ուզածը: Առաջին անգամ երգ գրել եմ 7 տարեկանում, որը կոչվում էր «Հեքիաթ»: Սիլվան կատարեց այն: Ընդհանրապես իմ երգերն ինձ հետ մեծանում են»:
Իսկ ինչպե՞ս են վարվում սկսնակ հեղինակները, ովքեր ճանաչում չունեն այս ասպարեզում: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հաղորդավար Գոռ Պետրոսյանի գրած առաջին երգը կատարել է Քրիստինե Պեպելյանը: Երգը կոչվում է «Կգնամ»: «Երեք տարի առաջ էր: Երբ զանգեցի Քրիստինեին, ասացի՝ երգ ունեմ ձեզ համար, կլսե՞ք, թե՞ ոչ: Ընդամենը մեկ շաբաթ անց ստացա պատասխան: Իրականում մեր երգիչ-երգչուհիները չեն խուսափում նորահայտ հեղինակների հետ համագործակցելուց: Ի դեպ, առայժմ գրածս երգերից ամենահայտնին «Կգնամն» է: Այլ երգեր գրել եմ, երգել են նոր, կենսագրություն չունեցող երգիչներ: Որքան էլ կարծում էի՝ կերգեն, դեմք կդառնան, այդպես չեղավ: Դա նրանց համար հերթական զբաղմունք էր: Երգերիցս մեկը Սայաթ-Նովայի մրցույթին է մասնակցել: Հասավ մինչեւ կիսաեզրափակիչ»,- պատմում է նա: Գոռն առայժմ չի վաճառում իր երգերը, նրա խոսքերով՝ իր համար դեռ այն էտապը չի եկել, երբ երգ գրելը ֆինանսական բարեկեցություն ապահովելու միջոց լինի: Հիմա գրում է հաճույքի համար. «Մինչեւ հիմա ինչ երգեր գրել եմ, եղել են նվերներ: Բայց արդեն ունեմ նոր համագործակցություն, որը կոմերցիոն կլինի: Ես կգրեմ երգի բառերը, իսկ երգահան Մարինե Գյուլումյանը՝ երաժշտությունը: Այս երգերը երեւի կվաճառվեն»:
Գոռը պնդում է, որ երգի հեղինակն ինքն է որոշում իր երգի գինը: Տարբեր գործոններ են բերում նրան, թե ինչ կարժենա երգը: «Յուրաքանչյուր երգ ունի իր գինը,- ասում է նա: -Եթե դու ունես հայտնի երգեր, դրանք հիթային են, տրամաբանական է, որ դու, իբրեւ հեղինակ, պահանջարկ ունես: Այլ բան է, որ երբեմն գներն անցնում են տրամաբանականի սահմանը, որովհետեւ ժամանակի հետ հեղինակը որքան պոպուլյար է դառնում, այնքան գործը շատանում է, սկսվում է «գլխառադը»: Արդյունքում ստացվում են միանման երգեր: Սա օդից չեմ ասում, ցանկացած ունկնդիր տեսնում է, թե հիմա ինչ է կատարվում մեր երգի շուկայում: Երգերն իրարից չեն տարբերվում, սակայն հեղինակը հիթային է: Ամեն դեպքում, երբ հեղինակը հայտնի է, հնարավոր է ավելի մեծ գին ասել»:
Գոռը պատմում է, որ իր գրած երգերից մեկն առաջարկել է վաճառել մեր երգիչներից մեկին: Վերջինս պատասխանել է, թե ինքը երգ չի գնում, իրեն նվիրում են. «Նման սիտուացիաներ լինում են, եւ դա մեծամտություն է: Դու այսօր գրում ես երգ, վաղը կարող ես ընդհանրապես չգրել: Եվ եթե վաղը դիմես ինձ՝ ոչ կնվիրեմ, ոչ կվաճառեմ: Գոռոզամտություն կա, թե մենք հասել ենք բարձունքների, մեր գինն այսքան է: Իրականում մենք չունենք շոու բիզնես, որովհետեւ կան մարդիկ, ովքեր ղեկավարում են որոշակի օղակներ, եւ կան մարդիկ, ովքեր անկախ՝ իրենց ընկերների, սիրեկանների, ծնողների հաշվին են առաջ գնում: Իրականում դա չէ շոու բիզնեսը: Համաշխարհային ստանդարտներում գոյություն ունեն պրոդյուսերական կենտրոններ: Դրանք կազմված են բազմաթիվ թիմերից, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր գործը՝ գրում են երգեր եւ այլն: Նրանք ստեղծում են արտիստին, նրա միջոցով՝ փող: Իսկ մեզ մոտ՝ ով ինչ-որ բանի հասել է, դոփում է տեղում: Մենք խոսում ենք չկայացած մի երեւույթի մասին, որի մեջ էլի գտնվում են մարդիկ, ովքեր մեծ կարծիք ունեն իրենց եւ իրենց արածի մասին»,- ասում է նա:
Երգի պետական թատրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանի գրած երգերը կատարել եւ կատարում են մեր հայտնի արտիստները: Վերջինս, սակայն, իր պնդմամբ, երբեւէ չի վաճառել եւ չի էլ պատրաստվում վաճառել իր գրած երգերը. «Ինձ մոտ կյանքում ստացվել է շոուն, բայց բիզնեսը չի ստացվել: Բայց ես չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր երգեր են վաճառում: Դա ապրելու տարբերակ է: Ես նվիրում եմ, տալիս եմ իմ երգերը: Եվ ընդհանրապես չեմ էլ պատկերացնում, թե ո՞նց պետք է վաճառեմ իմ երգերը: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ես այստեղից՝ մեր թատրոնից դուրս եկած երեխաներին երգ վաճառեմ, ո՞նց կարող եմ իմ երեխեքին երգ վաճառել»,- ասում է Արթուր Գրիգորյանը:
Այսպիսով, մեզ այդպես էլ չասացին, թե որքա՞ն արժե մեկ երգը: Որոշ երգիչների հետ մեր զրույցներից պարզ դարձավ, որ քիչ հայտնի կոմպոզիտորների հեղինակած մեկ երգը նրանք գնում են մոտ 400-600 դոլարով, իսկ հայտնի կոմպոզիտորների հեղինակած մեկ երգի արժեքը մոտ 1000-1500 դոլար է: