Մհեր Մկրտչյանը, մեր բոլորիս սիրելի Ֆրունզիկը, ով ավելի շատ հայտնի էր իր անմոռանալի կինոկերպարներով, միշտ երազել է թատրոնի բեմի ու թատրոնի հայտնությունների մասին, ցանկացել է ողբերգական հերոս խաղալ, սակայն կատարել է կատակերգական դերեր: Յուրաքանչյուր դերում նա բազմաշերտ ու խոցելի էր, այդ պատճառով էլ` սիրելի բոլորի համար: 13 տարի է, ինչ նա հեռացել է մեզանից` մեզ թողնելով իր սեփական դերերն ու իր երազանքը` թատրոնը: Նա մահացավ 1993թ. դեկտեմբերի 28-ին. այդ օրը Երեւանում սարսափելի ցուրտ ու մութ էր: Եվ անհույս էր: Ֆրունզիկի հուսադրող ու բարի կերպարը չկարողացավ կոտրել այդ անհուսությունը, սակայն կարողացավ գոնե մեղմել այն: Մհեր Մկրտչյանի հիմնադրած Արտիստական թատրոնն ի հիշատակ մեծն դերասանի` դեկտեմբերի 28-ին, ժամը 3-ին Հանրապետության հրապարակ է հրավիրում բոլոր երեխաներին` բարեգործական տոնածառային ներկայացում դիտելու համար: Ֆրունզիկի միաժամանակ ողբերգական, ծիծաղելի, միամիտ ու լուսավոր կերպարը դեռ երկար կլինի մեր սրտերում: Երկար կմնան նաեւ նրա ժպիտն ու ցավը: Լուսավոր ժպիտն ու անտանելի ցավը: