Ահա եւ 2006-ը մոտեցավ իր ավարտին: Թե ինչպիսին կլինի հաջորդ տարին, դեռ հայտնի չէ, քանի որ ակնկալիքներն ու սպասումները ոչ միշտ են իրենց արդարացնում եւ ոչ այնպես, ինչպես ակնկալվում էր:
Իսկ 2006-ի ձեռքբերումների եւ բացթողումների մասին այժմ արդեն հանգիստ կարելի է խոսել ու ամփոփել անցնող տարվա արդյունքները: Իսկ ինչպիսի՞ն էր այն Ղարաբաղի եւ ղարաբաղցիների համար:
Անշուշտ, արցախցիների համար տարբեր ոլորտներում առաջընթաց գրանցվել է: Այս մասին խոսում են նաեւ տարվա ընթացքում կատարված հարցումների արդյունքները:
Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում միջազգային հանրությունը եւ միջնորդներն ակնկալում էին ավելին ու հենց տարվա սկզբից հայտարարեցին, որ 2006-ին բանակցությունների պատուհանը բաց կլինի, որը լավ առիթ է որոշ համաձայնությունների ձեռքբերման համար: Սակայն տարվա ընթացքում շոշափելի եւ էական ձեռքբերումներ այս ուղղությամբ չեղան: Միակ նվաճումն այն էր, որ միջնորդների եւ միջազգային հանրության ջանքերին զուգահեռ` Ղարաբաղը նորից հաստատեց, որ ոչինչ առանց Ղարաբաղի չի որոշվի, եւ բանակցություններին Ղարաբաղի մասնակցությունն անխուսափելի է:
Տարին Ղարաբաղի համար կարեւորվում էր նրանով, որ անկախության հանրաքվեից ուղիղ 15 տարի անց` դեկտեմբերի 10-ին հանրապետությունն ունեցավ նաեւ Սահմանադրություն: Ժողովուրդը հանրաքվեի միջոցով մեկ անգամ եւս հաստատեց ազատ եւ անկախ ապրելու իր իրավունքը:
Հանգիստ էր վիճակը նաեւ ներքաղաքական առումով. ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել, եւ ամեն ինչ ընթանում էր իր հունով: Ադրբեջանի հետ շփման գծում նույնպես, անցած տարիների համեմատ, 2006-ին ավելի հանգիստ էր: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստմամբ, այս տարի համարյա զրոյի են հավասարեցվել հակառակորդի ազդեցության արդյունքում ունեցած կորուստները:
Տարվա նվաճումներից մեկն էլ նոյեմբերին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպած հեռուստամարաթոնն էր, որի արդյունքում հավաքվեց բոլոր տարիների ցուցանիշը գերազանցող գումար` 14.7 մլն դոլար, որի հիմնական մասն ուղղվելու է ԼՂՀ Հադրութի շրջանի վերականգնմանը:
Ականատեսը լինելով երկրում ընթացող շինարարությանը, նոր եւ արտասահմանյան մեքենաների օրեցօր շատացմանը, մարդկանց հագնվելու ոճին ու ուրախ դեմքերին, կարելի է եզրակացնել, որ գնալով այստեղ կյանքն ավելի է բարելավվում: Դրա մասին է խոսում այն փաստը, որ ավելի են շատացել էլեկտրոնային եւ կենցաղային տեխնիկայի գնորդները, բջջային հեռախոսի եւ ինտերնետային բաժանորդները: Ի դեպ, ղարաբաղցիներն ավելի հաճախակի են սկսել սրճարաններ ու բարեր հաճախել, եւ արդեն ձեւավորվում է տնից դուրս ճաշելու մշակույթը, ինչն այնքան էլ էժան հաճույք չէ:
Իսկ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը եւ նման առաջընթացը գուցե պայմանավորված է նրանով, որ դոլարի փոխարժեքը տարվա ընթացքում բավականին իջել է, եւ դրանից շահել են դրամով աշխատավարձ ստացողները: Փոխարժեքի փոփոխության արդյունքում ավելի է էժանացել, օրինակ, կենցաղային տեխնիկան, որոնց գներում Ամանորի կապակցությամբ նույնպես զեղչեր են հայտարարվում: Ստեփանակերտի բոլոր խանութներում զեղչերի չափը 5-30 տոկոս է: Ասել է թե` սպառողների համար բարենպաստ եւ մատչելի պայմաններ են ստեղծվում:
Թե ինչպիսին էր տարին, երեւի թե յուրաքանչյուրն իր որակումն ու գնահատականը ունի. մեկի համար հնարավոր է` այն շատ լավ, մյուսի համար` շատ վատ տարի է եղել, իսկ մեկ ուրիշն էլ կարող է արձանագրել, որ որեւէ էական փոփոխություն չի եղել իր կյանքում… Անկախ այս տարբեր կարծիքներից, ղարաբաղցիները շարունակում են պատրաստվել ամանորյա տոներին` պատրաստ ճանապարհելու հին եւ դիմավորելու նոր տարին: Տարի, որից գուցե շատ բան է ակնկալվում…
Իսկ տոնական գնումները Ղարաբաղում սկսվել են դեկտեմբերի կեսերից ու կշարունակվեն մինչեւ տարվա վերջին օրը: «Պետք է Նոր տարին լավ դիմավորենք, տարվա մեջ մեկ օր է, էլի՜»,- ասում են գնորդներից շատերը, որոնք միաժամանակ բողոքում են, որ մրգերի գները շատ բարձր են:
Իսկ խոզի միսը, որի խորովածը ղարաբաղցու սեղանից անպակաս է, վերջին մի քանի ամիսներին էժանացել է` 1 կիլոգրամը կարելի է գնել 1000-1200 դրամով: Հնդկահավը, որի 1կգ-ն արժեր ընդամենը 800-1000 դրամ (թռչնագրիպի հետ կապված լուրերի պատճառով), այժմ կարելի է ձեռք բերել 2500-3000 դրամով: Բանանն, օրինակ, արժե 800-850 դրամ, նարինջը` 750-800, մանդարինը` 500, խնձորը` 300-500, պնդուկը` 1000-1500 դրամ եւ այլն:
Գները տարբեր են, մարդկանց հնարավորությունները` նույնպես: Մեր փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ Նոր տարվա սեղանի համար ղարաբաղցուն անհրաժեշտ է առնվազն 35-45 հազար դրամ: Լրացուցիչ գումարներ են պետք նաեւ հարազատներին եւ ընկերներին շնորհավորելու համար:
Թե ով ինչ սեղան կպատրաստի, քանի օր քեֆ կանի, որտեղ եւ ինչպես, դա, վերջին հաշվով, այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ խաղաղ երկնքի տակ եւ ուրախ սրտով դիմավորես Նոր տարին: