Կանոնակարգո՞ւմ են դատական համակարգը

27/12/2006

Երեկ ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են «Դատական օրենսգրքի մասին» օրինագիծը: «Կառավարության կողմից ներկայացված օրինագծով փորձ է արվում մեկ փաստաթղթով կանոնակարգել երկրի ողջ դատական համակարգը: Խոսքը վերաբերում է դատական համակարգի կառուցվածքի, դատավորների նշանակման եւ նրանց առաջխաղացման կարգի փոփոխությանը»,- ասել է ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Դատական օրենսգրքի» մի շարք դրույթներ հայեցակարգային բնույթ ունեն: Մասնավորապես, առաջարկվում է առաջին ատյանի դատարանների հիման վրա ստեղծել ընդհանուր իրավասության մի քանի դատարան՝ կազմացրելով Տնտեսական դատարանը: Փոփոխությունների կենթարկվեն Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների կազմն ու գործառույթները: Օրինագծում առաջադրվում է «նախադեպ» հասկացությունը, ինչը ենթադրում է բոլոր դատարանների կողմից Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունների պարտադիր կիրառում: Բացի այդ, օրինագծում առաջադրվում է նաեւ դատարանների ինքնակառավարման հասկացությունը: Մասնավորապես, առաջարկվում է դատավորների խորհրդի ստեղծում, որը պարտադիր կարգով պետք է ունենա առնվազն երկու հանձնաժողով, որոնցից մեկը պետք է զբաղվի էթիկայի, մյուսը՝ դատավորների պատրաստման եւ վերապատրաստման հարցերով: Կանոնակարգվել են նաեւ դատավորների ընտրության փակ քվեարկության մեխանիզմները: