Սամվել Բաբայանի «Դաշինքի» ինչի՞ն է պետք իմ անձնագրի տվյալը

27/12/2006 Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Արցախի պաշտպանության նախկին նախարար, ազատամարտի հերոս, գեներալ- լեյտենանտ Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության ակտիվիստներն ու ակտիվիստուհիներն այս օրերին տնետուն են շրջում, տարածելով իրենց քաղկազմակերպության մասին պատմող բրոշյուրներ:

Սկզբունքորեն, ոչ մի պախարակելի բան դրանում չկա: Գալիք Խոզի տարում խորհրդարանական ընտրություններ են լինելու, եւ ամեն մի կուսակցություն պետք է որ ձգտի օրենքին չհակասող եղանակով հանրությանը տեղյակ պահել իր գոյության մասին: Բայց:

Նախօրեին մեր տուն այցելած «Դաշինքային» երկու ակտիվիստուհիների համար, պարզվեց, իրենց բրոշյուրի մեկ օրինակ մեզ փոխանցելը քիչ էր: Նրանք կուսակցական հանձնարարություն էին ստացել պարզել. ա) քանի՞ ընտրող կա տանը, բ) ընտրողների (կամ ընտրելու իրավունք ունեցող տնեցիների) անձնագրային տվյալները: Թե քանի՞ ընտրող կա որեւէ թաղամասում, շենքում, համայնքում, «դաշինքայինները» կարող են իմանալ նաեւ այլ աղբյուրներից (օրինակ, ընտրացուցակներից):

Բայց, այ, թե Սամվել Բաբայանի «Դաշինքի» ինչի՞ն է պետք իմ (մեր) անձնագրային տվյալները, մութ հարց է: Իսկ գուցե կոշիկի համա՞րն էլ ասենք, բանկային հաշիվը, հոսանքի ծախսը, ջրաչափի ցուցիչի ընթացիկ տվյալը: Տեղեկություններ են, էլի: Կարող է, պե՞տք գան:

Panorama.am