Դեկտեմբերի 24-ի առավոտյան հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանի թիվ 2-11 արտադրամասում: Այրվել են լաքէթինոլ տեսակի քիմիական նյութի երկու պահեստարանները, յուրաքանչյուրը 300-ական տոննա ծավալով: Լաքէթինոլ նյութն օգտագործվում է ներկերի արտադրության մեջ: «Նաիրիտի» տնօրեն Կարեն Իսրայելյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այրվածը խորհրդային տարիներից մնացած արտադրական թափոն է եղել: Մասնագետները տեղեկացնում են, որ նույնիսկ ժամկետանց լաքէթինոլը ռեակտիվ նյութ է համարվում եւ հենց այնպես թափել չի կարելի: Ըստ Կ. Իսրայելյանի՝ գործարանը ներկայումս առաջացած թափոնները հասցնում է այրել պահանջվող տեխնոլոգիաներով, սակայն հնարավորություն չունի այրել նաեւ տարիների ընթացքում կուտակվածը: Այսպիսով, լաքէթինոլ նյութը պահեստավորված վիճակում երկար ժամանակ մնալով՝ քիմիական ռեակցիա է առաջացրել, որն էլ դարձել է հրդեհի պատճառ: Պահեստարաններից մեկում հրդեհը հաջողվել է մարել երեկոյան ժամը 23:30-ին: Դեկտեմբերի 25-ի առավոտյան հաջողվել է տեղափակել նաեւ երկրորդ պահեստարանի հրդեհը: Ըստ գործարանի տնօրենի, բարեբախտաբար, տուժողներ չկան:
Այրվել է 600 տոննա տարողությամբ լաքէթինոլ տեսակի քիմիական նյութը: Դեպքի վայր մեկնած հրշեջ ծառայությանը հաջողվել է տեղայնացնել հրդեհը: Տեղեկացնենք, որ լաքէթինոլ նյութն օգտագործվում է ներկերի արտադրության մեջ: «Նաիրիտի» տնօրեն Կարեն Իսրայելյանը տեղեկացրեց, որ այրվածը խորհրդային տարիներից մնացած արտադրական թափոն է եղել: Մասնագետները տեղեկացնում են, որ լաքէթինոլը համարվում է ռեակտիվ նյութ եւ հենց այնպես թափել չի կարելի, եթե նույնիսկ դա ժամկետանց լինի: Այդ նյութը չի կարելի նաեւ հենց այնպես այրել, որովհետեւ բնապահպանական խնդիրներ կառաջացնի՝ կաղտոտի մթնոլորտը եւ շրջակա միջավայրը: Պարոն Իսրայելյանի տեղեկացմամբ, գործարանը ներկայումս առաջացած թափոնները հասցնում է այրել պահանջվող տեխնոլոգիաներով, սակայն չունի հնարավորություն այրել նաեւ տարիների ընթացքում կուտակվածը: Եվ գործարանը քիմիական նյութը պահեստավորած վիճակում պահում էր հայտնի չէ մինչեւ երբ: Իսկ լաքէթինոլը պահեստավորված վիճակում երկար ժամանակ մնալով՝ առաջացրել է քիմիական ռեակցիա, որն էլ դարձել է հրդեհի պատճառ: «Նոր սեփականատերը պարտավորվել է այրել այդ նյութերը»,- տեղեկացրեց Կ. Իսրայելյանը:
Հիմա արդեն տեղին է ասել, որ վթարները «Նաիրիտում» սովորական երեւույթ են դարձել: Միայն անցած 4-5 ամիսներին գործարանում տեղի է ունեցել 4-5 վթար: Վերջին հրդեհը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 22-ին: Կոմպրեսորից գազի արտահոսք էր եղել, որին էլ հետեւել էր բռնկում: Դրանից առաջ, նոյեմբերի 12-ին այրվել էր նույն լաքէթինոլ նյութը: Բայց այդ անգամ բռնկումը թույլ է եղել, եւ հրշեջներին հաջողվել է շուտ կանխել տարածվող հրդեհի կամ պայթյունի վտանգը: Իսկ գործարանի այս տարվա ամենամեծ վթարը սեպտեմբերի 23-ին էր, երբ ընկերության կոլեկտորի խողովակաշարում տեղի էր ունեցել հզոր պայթյուն, որի հարվածային ալիքն ավերել էր Նորագավիթ թաղամասով եւ Այնթապ գյուղով անցնող մոտ 40 դիտահոր, վնասել էր Նորագավիթով անցնող թիվ 3 մայրուղային ջրատարը, շինություններ, ավտոմեքենաներ, վիրավորվել էին մարդիկ: Այս մեծ վթարի հետ կապված քրեական գործ էր հարուցվել Շենգավիթի դատախազությունում, որը հետո ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով սեպտեմբերի 26-ին տեղափոխվել էր Երեւան քաղաքի դատախազություն: Գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել, բայց պարզվել են պայթյունի պատճառները:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ 1-19 արտադրամասում թափոնների կուտակման համար նախատեսված տարողությունների անսարքության պատճառով տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով այրման համար նախատեսված մոտ 14 խմ պայթյունավտանգ քիմիական թափոնները լցվել են գործարանի արտադրահեղեղատար կոյուղագծի կոլեկտոր, որն էլ հանդիսացել է պայթյունի պատճառ: Քննչական այս վարկածը հիմնավորվել է նաեւ պայթյունահրդեհատեխնիկական, քիմիական եւ անվտանգության տեխնիկայի համալիր փորձաքննության եզրակացությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա 1-19 արտադրամասի տեխնոլոգ Սմբատ Ղազարյանին, հերթափոխի պետ Հովհաննես Հովհաննիսյանին եւ ապարատավար Մերուժան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 231 հոդվածի երկրորդ մասով»,- տեղեկացրին ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Վերը նշված հոդվածը ենթադրում է՝ «Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնների խախտում» եւ նախատեսում է 4-10 տարի ազատազրկում: Այսինքն` սեպտեմբերի 23-ին «Նաիրիտում» տեղի ունեցած վթարի համար մեղադրվում են գործարանի այս երեք աշխատակիցները, որոնք էլ կկրեն օրենքով նախատեսված պատիժը: Պարզապես հիշեցնենք, որ դեպքի օրերին այս վթարի հետ կապված շրջանառվում էր նաեւ մեկ ուրիշ վարկած՝ որ պայթյունը տեղի է ունեցել ոչ թե «Նաիրիտի», այլ այդ կոյուղագծից օգտվող մեկ այլ ընկերության արտանետած թափոնների պատճառով: Բանն այն է, որ «Նաիրիտի» կոյուղագծից օգտվում են շրջակայքի բազմաթիվ օբյեկտներ՝ գործարան, գազալցակայան, դեղատուն եւ այլն: Եվ հիմնական շեշտը դրվում էր մոտակայքում գործող ինչ-որ գազալցակայանների վրա:
«Մենք մինչեւ հիմա էլ կասկածներ ունենք, թե պայթյունը տեղի է ունեցել կոլեկտորով հոսող թափոնների եւ գազի միախառնման արդյունքում,- ասում է Կ. Իսրայելյանը: -Մեր մասնագետները պայթյունի հատվածներում գազի հոտ են զգացել»:
Այդ դեպքից հետո, չգիտես ինչու, մեղավոր է ճանաչվել միայն «Նաիրիտը»: Թերեւս այն պատճառով, որ կոլեկտորը «Նաիրիտինն» է, այդ գործարանում պայթյուններ հաճախ են տեղի ունենում: Մինչդեռ մեր տեղեկություններով` պայթյունի պատճառը եղել է գազալցակայանը: Պարոն Իսրայելյանի տեղեկացմամբ` գործարանի, նաեւ կոյուղագծի շրջակայքում կան մի քանի գազալցակայաններ: Հայտնի է, թե Հայաստանում ինչ դիրքի տեր մարդիկ կարող են ունենալ գազալցակայան: Եվ նման հնարավորությունների տեր մարդու համար դժվար չի լինի մեղքը կոտրել «Նաիրիտի», այն էլ` շարքային մի քանի աշխատողների վրա: Չէ՞ որ, անկախ ամեն ինչից, առաջին «կասկածյալը» հենց այդ գործարանն է: Եվ պարզ է, որ նման դեպքերում կմեղադրվեն եւ պատասխանատվության կենթարկվեն շարքային աշխատակիցները:
«Մեր աշխատակիցների անփութության մեղքը կա,- ասում է գործարանի տնօրենը: – Նախաքննությունն ավարտելուց հետո, երբ գործը հանձնվի դատարանին, մենք մեր շահերը կպաշտպանենք, աշխատակիցներն՝ իրենց: Դատարանն էլ կպարզի, թե ո՞վ է մեղավորը: Իսկ պայթյունի հետեւանքների վերացման պատասխանատվությունն ու ծախսերը կկրեն արդեն դատարանի կողմից մեղավոր ճանաչվածները»:
Հիշեցնենք, որ պայթյունի օրերին Նորագյուղի բնակիչները մեզ տեղեկացրեցին, որ վնասված մեքենաների տերերին «Նաիրիտից» կանչել են եւ փոխհատուցում են առաջարկել: Բայց պարոն Իսրայելյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հերքեց այս փաստը: Այնպես որ, այդ վթարի հետաքննությունը բավականին խորհրդավոր ընթացք եւ լուծում է ստանում: Իսկ Դատախազության նախաքննության տվյալներն այնքան էլ համոզիչ չեն. տպավորությունն այնպիսին է, թե գործը ծածկադմբոց է արվում: Մեր տեղեկություններով` «Նաիրիտի» կոյուղագծից օգտվում են մոտ երկու տասնյակ ընկերություններ: Դե, պատկերացրեք, եթե գործը նախաքննող Դատախազությունը հերթով մտնի այս օբյեկտները: Բնական է, որ դատարկաձեռն դուրս չեն գա: Բոլոր դեպքերում սա, որքան էլ ճշմարտանման հնչի, ընդամենը վարկած է:
Հիշեցնենք, որ այս տարի օգոստոսին կառավարությունը հերթական անգամ եւ հնարավորինս թաքուն պայմաններում վաճառեց «Նաիրիտ» գործարանը: Գնորդը Բրիտանիայում գրանցված ինչ-որ գերմանա-լեհա-ամերիկյան «Ռայնովիլ փրոփերթի լիմիտեդ» կոնսորցիումն է, որն, ըստ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի՝ ստեղծվել է հատուկ «Նաիրիտի» գնման համար: Ներկայումս գործարանի բաժնետոմսերի 90%-ը պատկանում է այդ ընկերությանը, 10%-ը՝ ՀՀ կառավարությանը: «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 %-ն այդ ընկերությունը գնել է 40 մլն դոլարով եւ պարտավորվել է 5 տարվա ընթացքում ներդնել 120 մլն դոլար: Իսկ իրականում, ասում են, «Նաիրիտը» մաս-մաս են արել մեր որոշ իշխանավորներ` Ռուսաստանի իրենց գործընկերների հետ միասին: Այնպես, ինչպես սեփականաշնորհվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», եւ հայտարարեցին, թե գնորդը գերմանական մի ընկերություն է: Ցավալին այն է, որ գործարանի սեփականատերերը, լինեն նրանք տեղացի թե օտարերկրացի, շահույթ ստանալուց բացի, ուրիշ ոչնչի մասին չեն մտածում: Լինի դա անվտանգության նորմերի, շրջակա միջավայրի պահպանությո՞ւն, թե՞ իրենց իսկ աշխատակիցների անվտանգության ապահովումը: Կարեն Իսրայելյանի տեղեկացմամբ, այս անգամ տուժող աշխատակիցներ չկան: