Մենք քեզ չենք մոռանա, Սափարմուրատ Աթաեւիչ

27/12/2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 24-ին մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Սափարմուրատ Նիյազովի՝ Թուրքմենբաշու հուղարկավորության արարողությանը: Վարչապետը նաեւ գրառում է կատարել Թուրքմենբաշու մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում: «ՀՀ կառավարության, ողջ հայ ժողովրդի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում եղբայրական թուրքմեն ժողովրդին անդառնալի կորստի՝ Թուրքմենստանի մեծ զավակ, երկրի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովի անժամանակ մահվան կապակցությամբ»,- գրել է Ա. Մարգարյանը: Նա գրել է նաեւ, թե Հայաստանում էլ «սիրում եւ հարգում էին Սափարմուրատ Աթաեւիչին»: «Մեր ժողովրդի շնորհակալ հիշողության մեջ նա ընդմիշտ կմնա որպես մի մարդ եւ պետական գործիչ, որը հայ ժողովրդի համար օրհասական պահին անգնահատելի օգնություն ցուցաբերեց մեր հանրապետությանը, հազարավոր մեր հայրենակիցներին»,- Թուրքմենստանի նախագահի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում գրել է ՀՀ վարչապետը: