«Անհիմն հայկական գաղափարների դեմ անհրաժեշտ է համընդհանուր պայքար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը` պատասխանելով «Մայր հայրենիք» կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Զյուհեիր Ամբերի հարցին: «Այսպես կոչված, հայկական գաղափարներին առնչվող իրողությունները հասկանալու համար իմ գլխավորած գերատեսչությունը բազմակողմանի աշխատանք է իրականացրել, սակայն այդ պայքարում անհրաժեշտ են համընդհանուր ջանքեր»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ գործում իրենց ջանքերը պետք է միավորեն երկրի համալսարանները, հասարակական եւ արհեստակցական կազմակերպությունները, գործարարները: «1915թ. իրադարձություններն ուսումնասիրելու համար 2005թ. ապրիլի 10-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղարկած նամակով առաջարկել էր ստեղծել թուրք եւ հայ պատմաբանների համատեղ հանձնաժողով: Մինչ օրս այդ առաջարկությանը դրական պատասխան չենք կարողացել ստանալ»,- ասել է Աբդուլլահ Գյուլը: