Օրհներգն ընդունվեց, բայց դեռ հիմն չունենք

27/12/2006

Երեկ ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ՀՀ պետական օրհներգի մասին օրինագիծը: Կառավարության ներկայացրած նախագծի օգտին քվեարկել է կողմ՝ 71, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: Ընդունված նախագիծը օրենքի ուժ կստանա երկրի նախագահի կողմից հաստատվելուց հետո տասներորդ օրը, ինչը նշանակում է, որ Հայաստանն Ամանորը կդիմավորի առանց պաշտոնական օրհներգի: Օրինագծով ամրագրվում է, որ ներկա հիմնը՝ «Մեր Հայրենիքը», ուժի մեջ է «մինչեւ Հայաստանի նոր օրհներգի տեքստը եւ երաժշտությունը օրենքով սահմանելը»: Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը վստահեցրել է, որ «օրհներգն արագորեն կստորագրի հանրապետության նախագահը, կվավերացվի, եւ, ըստ էության, այդ պահից մենք կունենանք օրհներգ: Ոչ մի փաստաթուղթ չի արգելում հնչեցնել «Մեր հայրենիքը» դեկտեմբերի 31-ին՝ մի քանի րոպե պակաս Նոր տարվա գալուց»: Այսինքն՝ այս դեպքում օրենքի խախտումը կներվի՞: «Որեւէ տեղ գրված չէ, որ, օրինակ, դեկտեմբերի 31-ին, ժամը ահա այս պահին չի կարելի որեւէ մեղեդի ներկայացնել օրինակ հեռուստատեսությամբ, այդ թվում նաեւ` «Մեր հայրենիքը», ինչո՞ւ չէ»,- ըստ «Ա1+»-ի, ասել է Տ. Թորոսյանը: