Նոր տարի. երջանիկ ու անպատժելի մի քանի անհոգ օրեր

27/12/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Տոնական օրերին, որպես կանոն, բոլոր հայերս սեփական գրպանում ու դրամապանակում արդար քրտինքով վաստակած ու մեծ ջանքերով տնտեսած կամ արդար բարեկամական նվիրատվության շնորհիվ, որոշակի գումար ենք հայտնաբերում: Առանց փողի Նոր տարվա եզրագծին գրեթե ոչ ոք չի մոտենում: Իհարկե, գումարների ծավալներն ու չափերը տարբեր մարդկանց մոտ տարբեր, խիստ տարբեր են լինում, բայց, միեւնույն է, գումար ունենալու տենդենցը բոլորի մոտ նույնն է, քանի որ տոնն առանց փողի ոչ ոք պատկերացնել չի կարող: Մտածում ենք` «Քարը պայթի», բայց տարին արժանավայել ենք ավարտելու, լցնելու ենք սառնարանն ու հանգիստ մի քանի օր ուտելու ենք, խմելու ենք ու հեռուստացույց ենք դիտելու: Երեւակայությունն, իհարկե, հուշում է, որ տոնական մթնոլորտ ստեղծելու կամ որոնելու ու դրա մեջ ընկղմվելու համար ուրիշ ուղիներ ու վայրեր էլ կան, բայց թե որո՞նք են դրանք կոնկրետ, իրականությանն ամուր գամված մեր երեւակայությունը հուշել արդեն չի կարող: Կարելի է փող տալ ու գնալ որեւէ մի ռեստորանի հավաքույթին միանալ, կողք կողքի նստել որոշ իմաստով հայտնի մարդկանց ու որոշ իմաստով հայտնի «աստղերի» ելույթները լսել: Այդ դեպքում կշոյվի մեր ինքնասիրությունը ու հետագայում մենք ընկերներին ու ծանոթներին պատմելու բան կունենանք: Բայց ուտելու, խմելու, երաժշտություն լսելու, միգուցեեւ` պարելու բաղադրատոմսը նույնն է լինելու, ինչ «տնական տոնը»: Միայն մեկ տարբերությամբ` մենք հեռուստահամերգի փոխարեն բեմահամերգ ենք լսելու, իսկ սեղանի հյուրասիրության համար ավելի շատ փող ենք ծախսելու, քան «տնականի» համար: Ռեստորաններում, սրճարաններում ու ակումբներում, սովորաբար, մեկ անձը մուծելու է 50 դոլարին համարժեք գումար: Դա նվազագույն գումարն է, առավելագույնն անսահմանափակ է: Մեր ներքին ձայնն, իհարկե, կրկին փորձելու է ահազանգել ու շշնջալ, որ մենք տոնն ավելի լավ կարող էինք կազմակերպել, բայց մեր անհագուրդ տոնական տրամադրությունը լռեցնելու է այդ շշուկը, քանի որ մենք Ամանորի օրերին ոչ թե մտածելու, պլանավորելու ու վերլուծելու վրա ենք ցանկանում ծախսել, այլ` ուրախանալու: Ամենամյա տոնական մարաթոնն արդեն մեկնարկում է, բոլորս պատրաստվում ենք ուրախանալ, ավելի ճիշտ՝ ի ցույց դնել մեր ուրախությունը:

Մենք սովոր չենք այդ օրերին ժլատություն անել, այլ` ցանկանում ենք ամեն գնով անմնացորդ տրվել ուրախ ու անհոգ ժամանցին: Եվ քանի որ անհոգ ու ուրախ իրականում մեզ չենք համարում ու ներքուստ լի ենք վաղվա օրվա մասին ծանր մտքերով ու այդ մտքերը մեզնից վանելու դժվարին ու անշնորհակալ գործով ենք զբաղված, տոնն էլ մի տեսակ շինծու ու կիսատ է ստացվում: Մենք ավելի շատ ցուցադրելու ենք մեր ուրախությունն ու ավելի ջերմեռանդ ենք ձեւացնելու, որ հավատում ենք Նոր տարվա ամոքիչ ու լուսավոր տոնին, քան իրականում մեզ ուրախ ու երազանքներով լի ենք զգալու: Աղմուկ-աղաղկակով փողոց ենք դուրս գալու, ավտոմեքենաների ազդանշաններով ու երաժշտությամբ խլացնելով բոլոր անցորդներին, անհասկանալի դիվային ծիծաղով վառելու ու պայթեցնելու ենք տարբեր տրամաչափի հրավառ ու աղմկահարույց պիրոտեխնիկական սարքերը, որպեսզի բոլորին պարզ դառնա` մենք ուրախանում ենք, եւ ոչ ոք մեզ մեղադրելու կամ կշտամբելու բարոյական իրավունք չունի: Մենք վաստակել ենք անհոգության այս մի քանի օրերը: Եվ քանի որ անհոգությունը, այսինքն` շատերի պատկերացմամբ, երջանկությունը, լուռ եւ օրինապաշտ լինել չի կարող, մենք պետք է ցուցադրենք, որ աղմկոտ ու անպատժելի ենք: Եվ հետեւաբար` երջանիկ: Գոնե մի քանի օր շարունակ:

Ով ինչ ուզում է, թող մտածի, մենք այդպես ենք ուրախանալու: Հյուր ենք գնալու, ուտելու ենք, խմելու ենք, պարելու ենք ու երգելու ենք: Հետո հրավառություն ենք անելու: Եվ որքան բարձր, այնքան լավ: Նոր տարվա գաղափարը հենց դրանում է: Իսկ նոր գաղափարներ դեռ ի հայտ չեն եկել: Ուրեմն, հանգիստ ենք ընդունելու մեր համաքաղաքացիների տոնական մարաթոնը, բայց աչքի պոչով` նոր գաղափարներ ենք որոնելու: Ավելի թարմ, հետաքրքիր ու ցածրաձայն: «Աստղային» համերգները, «մանկական տխուր տոնածառներն» ու փողոցային եռուզեռային աղմկոտ տրամադրությունը ավելի շատ ուժ ու ներուժ են խլում մեզանից, քան թարմացնում, ուրախացնում ու խաբուսիկ երջանկության պատրանք են տալիս: