Մենք ավելի հաճախ անդրադառնում ենք, թե ինչպես է հասարակությունը կազմավորում պետական ինստիտուտները, բայց այն, թե ինչ ազդեցություն է ունենում իշխանությունը հասարակական կյանքի վրա, ինչ մթնոլորտ է ստեղծում, ինչ միջավայր` անտեսում ենք:
Իշխանությունն, անշուշտ, պատասխանատու է ամեն ինչի համար` եւ լավի, եւ վատի, բոլոր ոլորտների, անգամ ընդդիմության աշխատանքի որակի համար:
Կա բերրի հող, որտեղ ծաղկում է բուսականությունը, եւ կա հող, որտեղ միայն մոլախոտն է կարողանում լավ աճել: Կա ճանապարհ, որը տանում է դեպի տաճար, եւ կա սողանցք, որը չի տանում դեպի տաճար: Քանի՞ հարյուր միլիոն երիտասարդ ունենք, որ, եթե հազարավորներին դարձնում ենք ոչ պիտանի կամ հասարակության համար հետագայում վնասակար, մտածենք, որ` ոչինչ: Կարող եք ասել՝ եթե փչանում են, ուրեմն ունեն դրա հակումը բնությունից: Եվ` այո, եւ` ոչ: Այո, որովհետեւ, իհարկե, կան պայծառ երիտասարդներ, որոնք բնությունից ճկվելու կառուցվածք չունեն, եւ` ոչ, որովհետեւ մյուսները նույնպես առողջ միջավայրում կարող են մարդավայել ապրել այն պարզ պատճառով, որ այդպես ապրելն ավելի հաճելի է:
Ո՞ր գծերն են երիտասարդությանն առավել բնութագրական. ռոմանտիզմ, անհնազանդություն, ըմբոստություն, մերժողականություն, նորարարության ձգտում… Հատկանիշներ, որոնք բնորոշ են ոչ այնքան իշխանության համար, որքան` ընդդիմության: Այդ դեպքում ինչպե՞ս է, որ այսօր Հայաստանում երիտասարդները ոչ թե ընդդիմադիր դիրքորոշում ունեն, այլ զանգվածաբար հայտնվում են իշխանական կամ իշխանամետ կուսակցություններում` միանգամից քաղաքական գործիչ դառնալու ցանկությամբ եւ հավակնությամբ: Թեեւ հակասություն է, բայց իրենց զրկելով մասնագիտանալու, սեփական, գուցեեւ հարուստ կենսագրությունը ունենալու հնարավորությունից եւ դառնալով գործիք տարբեր քաղաքական ուժերի ձեռքում, նրանք ձեռք են բերում առաջխաղացման ավելի մեծ հնարավորություն:
Ի՞նչ ասել է երիտասարդական կուսակցություն կամ կուսակցության երիտասարդական թեւ (անգամ կոմերիտմիությունը կուսակցություն չէր, այլ հասարակական կազմակերպություն էր): Պատկերացնենք, որ երիտասարդական կուսակցությունը հաղթում է ընտրություններում եւ գալիս է իշխանության: Այդ ո՞ր կենսափորձի եւ գիտելիքների հիման վրա պետք է նրանք ղեկավարեն: Դուք կասեք, որ հնարավոր չէ` հաղթեն, քանի որ չունեն դեռեւս կենսագրություն, որի հիման վրա ժողովուրդը նրանց կընտրի: Նախ, ընդհանրապես ոչինչ բացառել չի կարելի, իսկ, եթե ընդունենք, որ հնարավոր չէ, այդ դեպքում ափսոս է այն ժամանակը, որը նրանք վատնում են, երբ կարող են օգտակար գործով զբաղվել, մասնագիտական ոլորտներում առաջխաղացում ունենալ կամ, եթե ուժեղ է քաղաքացիական դիրքորոշումը եւ հասարակական գործունեության ջիղը, ուրեմն նաեւ զբաղվեն հասարակական աշխատանքով, որը, սակայն, երբեք չպետք է քաղաքականացված լինի: Եվ այն ժամանակ, երբ իրենց կատարած գործով հասարակությունը նրանց կճանաչի, իսկ դրա համար մի փոքր գոնե ժամանակ է պետք, եւ` շատ աշխատանք, եւ` մեծ նվիրում, նրանք, ովքեր ցանկություն կունենան մտնել քաղաքականություն` կմտնեն, բայց կլինեն արդեն արժեքավոր քաղաքական գործիչներ եւ ոչ թե կամակատարներ այս կամ այն կուսակցության ձեռքում:
Երիտասարդությունը մեկուսացած մի ժամանակահատված չէ, եւ չկան պարիսպներ, որ բաժանում են երիտասարդությունն ավելի հասուն տարիքից: Մեկը շարունակվում է մյուսի մեջ, մեկը մյուսով է հարստանում: Որտե՞ղ է վերջանում մանկությունը եւ վերջանո՞ւմ է արդյոք, եւ երիտասարդությունը` նույնպես, ե՞րբ են մարդիկ դառնում հասուն: Շատ հարաբերական է եւ անհատական. մեկն արդեն հասուն անհատականություն է երեսուն տարեկանում, մյուսն` ավելի ուշ, ոմանք այդ տարիքում արդեն իրենց գործով պատմության մեջ են մտել, իսկ ոմանք դեռ ծնողների խնամքի տակ են: Եվ, իհարկե, կան հազվագյուտ մեծություններ, որոնք պահում են մանկությունն իրենց մեջ մինչեւ խոր ծերություն, բայց նրանք, որպես կանոն, մեծ արվեստագետներն ու գիտնականներն են: Քաղաքականության մեջ եւս երիտասարդ տարիքն իր առավելությունն ունի. երիտասարդը կարող է իր հետ թարմ գաղափարներ բերել, նոր մոտեցումներ, նոր լուծումներ, համարձակ որոշումներ: Բայց դրանք վառ անհատներ են, տաղանդավոր եւ արժանապատիվ, որոնք երբեք կուսակցական ցուցակով ի հայտ գալ չեն կարող, այլ` հակառակը, այդ երիտասարդական ցուցակները կփակեն նրանց ճանապարհը, կզբաղեցնեն նրանց տեղերը, իսկ կորուստը կրում է առաջին հերթին հասարակությունը:
Այսօր նկատելի է, որ ձեւավորվում է կուսակցական երիտասարդության մի խավ, որը չի ուզում սովորել, բայց սովորեցնում է: Իրենց ոչ լիարժեք կրթությամբ նրանք ընդդիմության մեջ կարող են լինել անհանդուրժող եւ խռովարար, իսկ իշխանական թեւում նրանք, ցանկանալով աչքի ընկնել եւ դուր գալ վերնախավին, Հռոմի պապից ավելի կաթոլիկ են եւ իրենց մեջքին զգալով իշխանության ուժը` անհանդուրժող են, համառ եւ խառնակիչ:
Փոխարենը` գնալով պակասում են այն երիտասարդները եւ հասարակական կազմակերպությունները, որոնք մամլո ասուլիսներով, ցույցերով, հոդվածներով, նախագահին կամ վարչապետին ուղղված բաց նամակներով իրենց մտահոգությունն են հայտնում կամ վրդովմունքը ոչ թե, ասենք, ինչ-որ երգչի Հայաստան գալու կապակցությամբ, այլ կրթական, ժողովրդագրական, բնապահպանական եւ մյուս ոլորտներում այս կամ այն հրատապ խնդրի առնչությամբ կամ անարդարության որեւէ դեպքի առիթով:
Ո՞ւր են այսօր նրանք` այդ տաղանդավոր, խիզախ, անարդարության դեմ ընդվզող երիտասարդները: Երիտասարդությանը չեն վարժեցնում, այլ կրթում են եւ չեն կրթում կուսակցություն առ կուսակցություն, ինչպես այսօր է արվում, այլ` մեկ, միասնական պետական քաղաքականության շրջանակում: Եվ ստեղծում են պայմաններ, որտեղ վեր բարձրանալու հնարավորություն է ընձեռվում լավագույններին: Պետական կադրային քաղաքականություն ասվածը միայն ներկային չի վերաբերում, այլ ավելի շատ` ապագային: Ի՞նչ քաղաքականություն ենք այսօր մենք վարում երիտասարդության խնդիրներին ուղղված եւ երիտասարդության ներուժը երկրի զարգացմանն ի նպաստ ծառայեցնելու նպատակով:
Լինելով Անգլերեն խոսողների միության ղեկավար, առիթ եմ ունեցել մոտիկից շփվելու խոստումնալից համարվող ուսանողության հետ: Շուրջ տասը տարի է, անընդմեջ կազմակերպում ենք հրապարակախոսության հանրապետական մրցույթներ 16-20 տարեկանների շրջանում եւ այս ընթացքում նախ` զգալիորեն պակասել են տղաները, որոնք առաջին տարիներին մասնակիցների կեսն էին կազմում, այնուհետեւ, առաջին տարիների մասնակիցների մի մասն այսօր արդեն աշխատում են ոչ Հայաստանում: Եվ, ելնելով նաեւ իրենց ելույթների բովանդակությունից, այն տպավորությունն ունեմ, որ նրանք բոլորովին հպարտ չեն այս երկրի քաղաքացին լինելու համար: Թե ինչու է այդպես, կարծում եմ, պատճառը նախ` սեփական պատմության եւ մշակույթի թերի իմացությունն է եւ, թերեւս, արդեն ներկայիս կյանքում` արդարության պակասը: Չշփոթենք հպարտության զգացումը սնապարծության հետ, որը միգուցե, փոքր ժողովրդին հատուկ թերարժեքության բարդույթի հետեւանք է եւ լրացնում է այն բաց տեղը, որտեղ հենց հպարտությունը պետք է լիներ:
Դժվար է պատկերացնել զարգացող երկիր, որի քաղաքացիները եւ մասնավորապես երիտասարդները հպարտ չեն այդ երկրի քաղաքացին լինելու համար: Որտեղի՞ց սկսել, երբ ամեն ինչ փոխշաղկապված է: Պարզեցնել խնդիրը` նշանակում է զբաղվել ընդամենը միջոցառումներով, որն էլ այսօր հիմնականում արվում է: Համակարգել երիտասարդության հարցերը որեւէ ոլորտային նախարարության շրջանակում, տվյալ դեպքում՝ Մշակույթի նախարարության, նշանակում է հիմնախնդիրները սահմանափակել այդ շրջանակով (նույնը կարելի է ասել երեխաների հիմնախնդիրների առնչությամբ եւ այլն):
Երիտասարդ տարիքն առանցքային եւ որոշիչ ժամանակահատված է կյանքում եւ մեծ ուշադրություն է պահանջում իր հանդեպ: Առաջին հերթին` դաստիարակություն եւ կրթություն է պահանջում, բայց ինչպե՞ս. դպրոց, որն անցումային շրջանում է գտնվում այսօր, բարձրագույն կրթություն, որը շուտով կդառնա դասակարգային, հեռուստատեսություն` իր ոչ մի առումով չվերահսկվող ինֆորմացիայով, բռնության եւ այլասերության աննկատ եւ, միեւնույն ժամանակ, ակնհայտ պրոպագանդայով եւ նույնը` ինտերնետը: Ավելի օգտակար կլիներ, եթե կուսակցությունները, երիտասարդական խմբավորումներ ստեղծելու փոխարեն, զբաղվեին այս հարցերով:
Կյանքը շատ գեղեցիկ կարող է լինել, եւ երիտասարդ տարիքը վերջին շանսն է այդ ընտրության համար: Ընտրություն, որի առջեւ երիտասարդը կանգնում է իր տեղը կյանքում որոշելու համար: Կուսակցությունը երբեք չպետք է լինի միջոց երիտասարդի առաջընթացի համար եւ ոչ էլ, առավել եւս, հակառակը` երիտասարդը լինի միջոց կուսակցական գործերի համար. շատ թանկ է գինը:
Իշխանությունն, իհարկե, պատասխանատու է ամեն ինչի համար, բայց առաջին հերթին` մթնոլորտի համար, որ տիրում է երկրում: Պետք չէ երիտասարդներին կանգնեցնել անհեթեթ ընտրության առջեւ. ուզում ես լինել ազնիվ եւ աղքա՞տ, թե՞ անազնիվ եւ հարուստ, կամ հաջողակ եւ ծախո՞ւ, թե՞ հակառակը, եւ այլն: Երիտասարդների համար պետությունը պետք է ընդամենը ապահովի արդար մրցակցության դաշտ, միջավայր, եւ միակ անելիքը, որ կուսակցություններն այդտեղ կարող են ունենալ, այն է, որ որեւէ անելիք չունենան: