Ալիեւը չի՞ ժառանգել հոր խոհեմությունը

26/12/2006

«Մենք արդեն ընտելացել ենք, որ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող Ադրբեջանի նախագահի ելույթներն աչքի են ընկնում ագրեսիվությամբ»,- «Արմինֆո»-ին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դեկտեմբերի 21-ին Նախիջեւանի խորհրդարանում խորհրդակցության ժամանակ: «Ամենայն հավանականությամբ, դա ինքնահաստատման կամ սեփական երկչոտությունը հաղթահարելու յուրահատուկ մի ձեւ է: Նախիջեւանում արված Ալիեւի հայտարարությունները, բացի դրանից, նաեւ դուրս էին կոռեկտության սահմաններից: Ցավում ենք, որ Ադրբեջանի նախագահը, ժառանգելով հոր պաշտոնը, չի ժառանգել նրա խոհեմությունը: Լեզվակռիվը նախագահներին հարիր զբաղմունք չէ»,- ասել է Վ. Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ Ի. Ալիեւը հայտարարել էր, թե Հայաստանի եւ Ադրբեջանի դերակատարումներն աշխարհում անհամեմատելի են: Նա նաեւ ընդգծել էր, որ ներկայումս բանակցություններում կարող է արտացոլում գտնել ԼՂՀ-ին ինքնավարության կարգավիճակի շնորհումը, սակայն հետագայում նույնիսկ դա չի կարող տեղի ունենալ: «Ես Հայաստանի ղեկավարությանը կոչ եմ անում կառուցողական դիրքորոշում դրսեւորել»,- հայտարարել էր Ի. Ալիեւը: