Ցմահ ազատազրկվածները կալանքից ազատվեցին

26/12/2006

Երեկ Վճռաբեկ դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեցին 2004թ. ապրիլից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող երեք երիտասարդներ՝ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը եւ Արայիկ Զալյանը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում էին իրենց հետ նույն զորամասում ծառայող երկու զինվորների սպանության համար: Առաջին ատյանի դատարանը տղաներին դատապարտել էր 15 տարվա, իսկ Վերաքննիչ դատարանը՝ ցմահ ազատազրկման:

Բացառված չէ, սակայն, որ այս տղաներն ազատ են արձակվել քաղաքական որոշման արդյունքում: Այլապես դժվար է բացատրել, թե ինչո՞ւ են դատական այս երեք ատյանները, մեղմ ասած, հակասական վճիռներ կայացրել: Մյուս կողմից` սա հերթական անգամ ապացուցում է, որ մեր դատական համակարգն, իրականում, միանգամայն այլ ատյաններում կայացրած որոշումների դակող է, ինչի արդյունքում անմեղ մարդկանց ճակատագրեր են խեղվում: Ակնհայտ է նաեւ, որ ցանկացած իրավական երկրում այս պատմությունը լրջագույն հետեւանքներ կունենար (այդ թվում նաեւ՝ քաղաքական), եւ այս գործի հետ կապված պաշտոնյաներն իրենք խնդիրներ կունենային քրեական իրավունքի հետ: