Նժդեհ ու Դոստոեւսկի կարդացեք

26/12/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին երեկ նման կոչ արեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը:

Պարոն Աղայանն իր այս կոչը հնչեցրեց հենց ԱԱԾ շենքի դիմաց՝ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության շարժման համակարգող խորհրդի կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ: Անդրադառնալով դեկտեմբերի 2-ին «Հայ կամավորականների համախմբման» փակ հավաքի ընթացքում Ժ. Սէֆիլյանի եւ Վ. Մալխասյանի արած հայտարարություններին, որոնք օրերս տպագրվել են մամուլում եւ հենց որոնց հիման վրա էլ Ժ. Սէֆիլյանն ու Վ. Մալխասյանը մոտ երկու շաբաթ առաջ կալանավորվել են՝ Ա. Աղայանը նշեց, թե Ժ. Սէֆիլյանի ելույթի դեպքում ասելու բան չկա, ամեն ինչ պարզ է, իսկ Վ. Մալխասյանի ելույթի մասով էլ Ա. Աղայանը ոմանց կոչ արեց «ուշադիր կարդալ հայ եւ ոչ միայն հայ դասական հեղինակներին, որոնց մեջբերումներից էլ հիմնականում բաղկացած է Վ. Մալխասյանի ելույթը»: «Բոլոր այն տողերը, որոնք դուք թյուրիմացաբար համարում եք քրեական գործի հիմք, կարող եք ընթերցել Միքայել Նալբանդյանի, Գարեգին Նժդեհի եւ Դոստոեւսկու ստեղծագործություններում»,- դիմելով ԱԱԾ աշխատակիցներին` ասաց Ա. Աղայանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ հավանաբար հաջորդ շաբաթ վերաքննիչ դատարանում կլսվի Ժ. Սէֆիլյանի եւ Վ. Մալխասյանի «երկու ամսվա կալանքի հետ կապված բողոքը»: Բոլորին կոչ եմ անում ներկա լինել դատարանի շենքի մոտ: Այնտեղ նույնպես հավանաբար կկազմակերպվի բողոքի ցույց»,- ասաց նա: Իսկ երեկվա բողոքի ցույցը մեկնարկեց Մերգելյան պուրակից: Ցուցարարները, որոնց շարքերում էին Ժ. Սէֆիլյանի եւ Վ. Մալխասյանի մարտական ընկերներ, մտավորականների ֆորումի ավագանու, Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր Ժամանակներ» կուսակցության, «Հայ կամավորականների համախմբման» ներկայացուցիչներ եւ այլք՝ մոտ 200 հոգի, Կասյան-Բաղրամյան-Մոսկովյան երթուղով բողոքի երթն ավարտեցին ԱԱԾ շենքի մոտ: «Ո՛չ անպատիժ բռնությանը», «Ազատություն Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին», «Ճանաչել Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիությունը», «Բռունցքվելն է փրկությունը Հայաստանի»` եւ այլ պաստառներով, ՀՀ եւ ԼՂՀ պետական դրոշներով ցուցարարները, «Զարթիր Լաո» ու նմանօրինակ այլ երգեր երգելով, Մերգելյան պուրակից մայթերով շարժվելով` հասան ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Այստեղ ցուցարարները կանգնեցին, «Ազատություն» վանկարկեցին, հնչեցին կարճ ելույթներ, որոնցից մեկի ժամանակ «Հայ կամավորականների համախմբման» ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը տեղեկացրեց, որ տվյալ պահին ցուցարարների շարքում է նաեւ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Ցուցարարների շարքերում էր նաեւ «Հայ արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Նախագահի նստավայրի մոտ ցուցարարներին միացավ նաեւ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Վերջինս ցուցարարներին ուղեկցեց մինչեւ ԱԺ շենքի մոտ, որտեղ եւս ցուցարարները մի քանի րոպե կանգնեցին ու «Ազատություն» վանկարկեցին: ԱԺ շենքի մոտ իր կարճատեւ ելույթում Ս. Հարությունյանը հայտարարեց, որ իրենց այս պայքարին հենց առաջին օրից միացել է նաեւ «Դաշինք» կուսակցությունը՝ իր ղեկավար Սամվել Բաբայանի գլխավորությամբ: Ցուցարարները շարունակ նաեւ շեշտում էին, որ իրենք «Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիությունը ճանաչում են 1990թ.-ից»: Բողոքի երթի ավարտին ԱԱԾ շենքի մոտ ընթերցվեց մի հայտարարություն: Հայտարարության մեջ, որի տակ ցանկացողները կարող են ստորագրել, մասնավորապես ասվում էր, որ «համամիտ ենք եւ միանում ենք» վերոնշյալ հավաքի ընթացքում հնչած բոլոր մտքերին ու կոչերին: «Խստագույնս դատապարտում ենք ազգային նվիրյալներ՝ հրամանատար Ժ. Սէֆիլյանի եւ նրա զինակից Վ. Մալխասյանի դեմ ծավալված քաղաքական հետապնդումը եւ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրանց»,- նշված էր հայտարարության մեջ:

Ո՞ւր էր ընդդիմությունը

Ժ. Սէֆիլյանի եւ Վ. Մալխասյանի ձերբակալության հաջորդ օրը ՆԺԿ-ի ու «Հայրենիք ու պատիվ» կուսակցության (որի անդամ է Վ. Մալխասյանը) նախաձեռնությամբ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հավաք էր կազմակերպվել, որին մասնակցում էին ընդդիմադիր ողջ դաշտի ներկայացուցիչները: Հավաքի վերջում ներկաներն ընդունեցին հայտարարություն, որով դատապարտում էին իշխանությունների գործելաոճն ու պահանջում էին ազատ արձակել ձերբակալվածներին: Երեկ, սակայն, վերոնշյալ բողոքի ցույցին միայն հատուկենտ ընդդիմադիրներ էին մասնակցում: Ո՞ւր են այդ հավաքի մասնակիցները, ովքեր օրեր առաջ հայտարարությամբ պահանջում էին, որ Ժ. Սէֆիլյանին ու Վ. Մալխասյանին ազատ արձակեն: Մյուսներն ինչո՞ւ չեն եկել՝ հարցրեցինք ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանին: «Ակցիաները մեկ բան են, ժողովները՝ մեկ ուրիշ բան: Ինչո՞ւ չեն եկել՝ չգիտեմ: Քանի որ կազմակերպիչը ՆԺԿ-ն չի, Հակակրիմինալը չի, չգիտեմ»,- ասաց Արամ Կարապետյանը՝ հավելելով, թե եթե Հայաստանում որեւէ մեկն ուզում է ժողովրդական զանգվածների հետ աշխատել, ապա բոլոր միջոցները պետք է օգտագործվեն՝ «ներառյալ փողոցային միջոցառումները»: «Հասարակությանը տեղեկացնելուց, հասարակությանը բարձրացնելուց, քաղաքացիական անհնազանդությունից ավելի ճիշտ ուղի կա՞»,- հարցնում է ՆԺԿ ղեկավարը: Այդ դեպքում ինչո՞ւ չեն միանում «Քաղաքացիական անհնազանդության շարժմանը»: Մեր այս հարցին էլ ՆԺԿ ղեկավարը պատասխանեց. «Որովհետեւ մենք (հակակրիմինալ շարժումը.-Ռ.Թ.) ավելի մեծ շարժում ենք»: Միաժամանակ նա չի բացառում համագործակցությունը «Քաղաքացիական անհնազանդության շարժմանը», «Այլընտրանքի» եւ ընդհանրապես բոլոր նրանց հետ, «ովքեր կողմ են, որ իշխանափոխություն լինի, ու նորմալ, ժողովրդավարական ընտրություններ լինեն»: «Դրանք բոլորը մեր բարեկամներն են»,- եզրափակեց նա: