Վսյո նորմալնո գոսպոդա!

26/12/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հրաժարվեց գնահատական տալ 2006թ. ընթացքում իր ղեկավարած գերատեսչության աշխատանքին` այդ գործը թողնելով ՀՀ վարչապետին:

Սակայն նա համոզված է, որ վերջինիս կողմից «երկու» գնահատականին չի արժանանա: Նախարարը բազմաթիվ ձեռքբերումներ նշեց, որ ՀՀ էներգետիկայի ոլորտն ունեցել է այս տարվա ընթացքում: Դրանցից մեկն էլ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի մասին «վերջնականապես որոշում ընդունելն էր»: «Հինգերորդ բլոկի վերականգնման եւ մեր գազատուրբինի հետ կցորդման նախագծային աշխատանքներն արդեն սկսված են: Դրանից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները, եւ 2008թ. վերջին 300 մվտ հզորության հինգերորդ բլոկի փոխարեն կունենանք 450 մվտ հզորությամբ համակցված մեկ կայան, որը հնարավորություն կտա 1կվտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու վրա ծախսել մոտ 220-240 գրամ գազ` այսօրվա 330-350 գրամի փոխարեն: Այդ աշխատանքներն իրականացնում է «Գազպրոմ» ընկերությունը, իսկ համապատասխան ֆինանսավորումն արդեն բացված է»,- նշեց Ա. Մովսիսյանը:

«ՀայՌուսգազարդը» լավագույն տարբերակն է

ՀՀ էներգետիկայի նախարարի հավաստմամբ, Իրան-Հայաստան գազատարի շինարարության աշխատանքները հիմնականում մինչեւ տարեվերջ կավարտվեն եւ որոշակի փորձարկումային աշխատանքներից հետո հնարավոր կլինի Իրանից Հայաստան գազ ներմուծել: Ինչ վերաբերում է պետական սեփականություն հանդիսացող այս գազատարի կառավարմանն, ապա Ա. Մովսիսյանը գտնում է, որ դա պետք է հանձնվի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին: «Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսապես ավելի էֆեկտիվ է գազամուղի կառավարումը տալ այնպիսի ընկերության, որն ունի այդ ոլորտում մասնագիտական ուղղվածություն: Դուք պատկերացրեք, մենք այսօր ստեղծում ենք մի ընկերություն, անունը դնում ենք պետական, հավաքագրում ենք մարդկանց, գնում ենք համապատասխան տեխնիկա եւ այլն, որպեսզի կարողանանք գազատարը շահագործել: Շուրջ 2600 կմ-անոց գազամուղի ընդամենը 40 կմ-ն է Հայաստանում: 2600 կմ-ի շահագործումն իրականացնում ենք «ՀայՌուսգազարդի» միջոցով, 40 կմ-ի համար պետք է առանձին ընկերությո՞ւն ստեղծենք»,- ասաց նախարարն` ավելացնելով նաեւ այն հանգամանքը, որ «այդ գազն, այսպես թե այնպես, մեր սպառողին է հասցնելու «ՀայՌուսգազարդը», ուրեմն վերջինս էլ կիրականացնի կառավարումը»: Իսկ թե ինչո՞ւ այլ արտասահմանյան ընկերություններ չեն հետաքրքրվել Իրան-Հայաստան գազատարի կառավարմամբ, Ա. Մովսիսյանը բացատրեց նրանով, որ 40 կմ-անոց հատվածի կառավարումն օտար ընկերության համար շատ ծախսատար կլինի, իսկ ծախսերը փոխհատուցվելու են գազի սակագնի բարձրացման ձեւով: Անդրադառնալով Իրան-Հայաստան գազատարի կառուցումից հետո Ռուսաստանից ՀՀ էներգետիկ ոլորտի կախվածության մակարդակին` նախարարը նշեց. «Մենք կարող ենք արձանագրել, որ գազատարի կառուցումից հետո ավելի մեղմ վիճակում կհայտնվենք, քան, եթե այդ գազատարը չլիներ»:

120 մլն դոլարի ներդրում «Նաիրիտում»

Քիմիական արդյունաբերական «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է բրիտանական «Ռայնովիլ Փրոփրթի Լիմիտեդ» ընկերությանը (10%-ը ՀՀ կառավարությանն է պատկանում), որի բաժնետերերն են կաուչուկի սպառողներ հանդիսացող գերմանական, լեհական եւ ամերիկյան երեք ընկերություններ: Վերջիններս հատուկ «Նաիրիտի» գնման նպատակով են ստեղծել «Ռայնովիլ Փրոփրթի Լիմիտեդը»: «Դա մեր պայմաններից մեկն է եղել, որպեսզի վաղը-մյուս օրը հանկարծ «Նաիրիտի» ճակատագիրը հարվածի տակ չլինի: Մեր կողմից պայման է եղել, որ այդ ընկերությունը, բացի «Նաիրիտից», այլ գործունեություն չծավալի, ու «Նաիրիտն» այդ ընկերության համար վճարման միջոց չդառնա»,- նշեց նախարարը: «Նաիրիտի» բաժնետոմսերի վաճառքի պայմանագիրը կնքվել է օգոստոսին: Բրիտանական ընկերությունն արդեն փոխանցել է 20 մլն եւ 19 մլն դոլարանոց երկու տրանշերը, իսկ 1 մլն դոլարը կտա գործարքի կնքումից հետո: Ա. Մովսիսյանի խոսքերով, «Ռայնովիլ Փրոփրթի Լիմիտեդը» պարտավոր է 5 տարվա ընթացքում «Նաիրիտի» կատարելագործման եւ արդիականացման համար կատարել 120 մլն դոլարի ներդրում: «Մշակման փուլում է գտնվում հատուկ մի համաձայնագիր, որում նշվելու են, թե որ ծախսերն են համարվում ներդրում, որոնք` ոչ: Համենայնդեպս, ես չգիտեմ Հայաստանում մեկ այլ այնպիսի պայմանագիր, որում նման ձեւով ամրագրված լինեն ներդրումները»,- ասաց էներգետիկայի նախարարը: Նրա հավաստմամբ, ենթադրվում է, որ այդ ներդրումներից հետո կաուչուկի արտադրության հզորությունը երեք անգամ կաճի` հասնելով տարեկան 30.000 տոննայի:

Հ. Գ. Էներգետիկայի նախարարը հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Քանի որ էներգետիկ ոլորտում գրեթե հայկական ընկերություններ չկան, Ա. Մովսիսյանն ի պաշտոնե ստիպված առնչվում է արտասահմանյան, բարդ անվանումներ ունեցող ընկերությունների հետ: Հենց դա է պատճառը, որ դրանց մեծ մասի անուններն Ա. Մովսիսյանը չի հիշում: