«Մենք չենք կարող լինել մշտական թշնամիներ»

26/12/2006

Ամերիկյան «The Wall Street Journal» թերթը երեկ հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի «Չնայած ցեղասպանությանը …» վերնագրված հոդվածը, որում նա հույս է հայտնում, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները կընձեռեն ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման` երկար սպասված հնարավորությունը: «Մենք կարծում ենք, որ բանակցելով անդամակցության հարցով, գուցեեւ որպես ԵՄ ապագա անդամ երկիր՝ Թուրքիան կնպաստի տնտեսապես ավելի ուժեղ եւ ավելի կայուն հարեւանությանը»,- գրել է Ս. Սարգսյանը: Ըստ Ս. Սարգսյանի, թուրք-հայկական հարաբերությունները եւ Հայոց ցեղասպանությունը կարեւոր գործոններ են, որոնց քննարկումն «անշուշտ, անհրաժեշտ է ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի բանակցությունների ընթացքում»: «Կարեւոր է հիշել անցյալը՝ կանխելու համար մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունը»,- նշել է նա: «Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն ավելի մեծ ներգրավվածություն կունենա Թուրքիայի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերություններում ճեղքում արձանագրելու ուղիների որոնումներում»,- հավելել է Ս. Սարգսյանը: Ըստ նրա, Թուրքիայի հետ ապագա հարաբերությունների հարցում ՀՀ-ն որդեգրել է շիտակ եւ գործնական դիրքորոշում: «Մենք կողջունեինք բնականոն դիվանագիտական եւ այլ հարաբերությունների հաստատումը՝ առանց նախապայմանների: Դա ներառում է ցեղասպանության ճանաչման հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չկապելը: Ինչն ավելի կարեւոր է՝ մենք ցանկանում ենք նման դիվանագիտական հարաբերություններն օգտագործել որպես մեր հարաբերությունները ծանրաբեռնող հարցերը հաղթահարելու միջոց»,- գրել է Ս. Սարգսյանը: Նրա գնահատմամբ՝ լուծումները կհայտնվեն միայն այն ժամանակ, «երբ մենք ջանասիրաբար աշխատենք դրանց ուղղությամբ՝ սկսելով բաց երկխոսություն հաստատելուց»: «Դժբախտաբար, բնականոն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու` ՀՀ-ի ցանկությանը Թուրքիայի արձագանքն անցյալում եղել է Ցեղասպանությունը ճանաչողներին պատժելը եւ սպառնալը»: Նա հիշեցրել է, որ Թուրքիան մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ, փակ է պահում սահմանը՝ չնայած աճող միջազգային ճնշմանը եւ դատապարտմանը, ամեն ջանք գործադրում է՝ մեկուսացնելու համար ՀՀ-ն միջազգային եւ տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից եւ կառուցողական դեր չի խաղում ԼՂ հակամարտությունում: «Այդուհանդերձ, ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Հայաստանը չի դիտարկում որպես սպառնալիք ազգային անվտանգությանը: Ճիշտ հակառակը՝ մենք հուսով ենք, որ Թուրքիան կփոխվի եւ ավելի պատրաստակամ կլինի՝ դեմ հանդիման կանգնելու իր պատմությանը եւ ապագային»,- գրել է Ս. Սարգսյանը: «Ո՛չ թուրքերը, ո՛չ էլ հայերը չեն գնալու տարածաշրջանից: Տրամաբանական լուծումը միմյանց հետ բնականոն հարաբերություններ ունենալն է,- ընդգծել է նա,- Ես չեմ ասում, թե ՀՀ-ն պետք է ամեն գնով կարգավորի Անկարայի հետ իր հարաբերությունները: Ես ասում եմ, որ ՀՀ-նը պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերություններն առանց նախապայմանների»: Իր հոդվածը Ս. Սարգսյանն ամփոփել է Թուրքիային ուղղված հետեւյալ կոչով. «Մենք չենք կարող լինել մշտական թշնամիներ, եւ նույնիսկ, եթե կարողանայինք, ապա անհրաժեշտություն եւ իմաստ չկա նման թշնամության մեջ: Հետեւաբար, հանուն մեր ապագայի՝ շարժվենք առաջ»: