Ես՝ «168 Ժամ» թերթի լրագրող Լուսինե Ստեփանյանս, այսօր անչափ ուրախ եմ, որովհետեւ որպես լրագրող եւ որպես ՀՀ քաղաքացի առաջին անգամ հավատացի Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի անաչառությանը:
Այսօր չեմ գրի, թե ինչո՞ւ եւ ո՞ւմ հրահանգով ԼՂՀ Մադաղիսի թիվ N գումարտակում դաժանաբար սպանված զինծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի քրեական գործով որպես մեղադրյալներ կալանավորվեցին 3 անմեղ զինծառայողներ՝ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը: Չեմ գրի այն մասին նաեւ, որ որպես լրագրող ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում ինչ ապրումներ էի ունենում, երբ արդարություն պահանջող տղաներից հացադուլավոր Ռազմիկ Սարգսյանն աչքիս առաջ գիտակցությունը կորցնում էր ու գրեթե մահամերձ էր: Ներողություն խնդրելով մեր ընթերցողներից, ես այսօր իմ նյութը չեմ շարադրի որպես լրագրող՝ մեջբերումներ անելով գործի փաստերից, պարզապես կգրեմ այն, ինչը գուցեեւ օդի պես անհրաժեշտ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Առաջին անգամ Հայաստանի արդարադատության համակարգը ներկայացնող դատավորի, տվյալ դեպքում` Վճռաբեկ դատարանում գործի քննությունը նախագահող Մհեր Խաչատրյանի մեջ տեսա այն բարոյականությունը, ազնվությունը, որ պարտավոր է ունենալ արդարադատության համակարգը ներկայացնող յուրաքանչյուր անձ: Արժեքային համակարգի այս արտահայտությունն ինձ սթափեցրեց, որովհետեւ որպես ՀՀ քաղաքացի` այդ պահին ես ցանկացա ապրել իմ ծննդավայրում՝ Հայաստանում, այլ ոչ թե ամերիկաներում, որտեղ չարած հանցանքի համար չեն պատժում: Ինձ պաշտպանված զգացի:
ՀՀ Վճռաբեկ դատարանում երեկ քննվում էր սպանության մեջ մեղադրվող 3 զինծառայողների՝ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի քրեական գործը: ՀՀ Սյունիքի մարզի 1-ին ատյանի դատարանի դատավճռով 3 տղաները դատապարտվել էին 15 տարի ազատազրկման: Սակայն, ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանն այս տղաների համար պատիժ էր սահմանել ցմահ ազատազրկումը: Վճռաբեկ դատարանում երեկ ներկա էր նաեւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ում ներկայությունը դահլիճում գտնվողների մոտ բառացիորեն հիստերիա առաջացրեց, քանի որ վերջինիս «նախշեցին» ամենակոպիտ ձեւակերպումներով: Թե ինչո՞ւ էր որոշել Գ. Ջհանգիրյանն անձամբ ներկա գտնվել այս դատավարությանն՝ Աստված գիտի: Վճռաբեկ դատարանի նիստերի դահլիճում ներկա գտնվողներից որեւէ մեկի մտքի ծայրով անգամ չէր անցնի, որ խորհրդակցության սենյակից դուրս եկող դատավորները կհայտարարեն՝ «Անհապաղ ազատ արձակել 2004թ. ապրիլից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող 3 տղաներին»: Այս հայտարարությունը բոլորի մոտ շոկ առաջացրեց: Հաղթանակի զգացումը բոլորինս էր՝ դատապաշտպաններինը, հասարակական կազմակերպություններինը, լրագրողներինը, տղաների հարազատներինը: Շոկի մեջ էինք ու բոլորս՝ ծանոթ-անծանոթ, գրկախառնվում, իրար շնորհավորում էինք՝ համարելով, որ այս հաղթանակը բոլորինս է, որովհետեւ վերջապես հաղթել է արդարությունը: Հաղթանակը բոլորինս էր, բացի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանից, ով դահլիճից «ծլկեց», երբ տղաների ծնողները համբուրում էին նախագահող Մհեր Խաչատրյանի ձեռքերը, ով հուզմունքից քարացած կանգնել էր: Սպանված տղաներից Հովսեփ Մկրտումյանի մայր տիկին Գրետան արտասվելով հայտարարեց, որ այսօր ամուսնու ծննդյան օրն է, եւ լավագույն նվերը եղավ անմեղ այս տղաների ազատ արձակումը: Ապշել կարելի էր. սպանվածի մայրը ցնծության մեջ էր տղայի սպանության մեջ մեղադրվող անմեղ տղաների ազատության համար: Այնուամենայնիվ, ես ոչ թե որպես լրագրող, այլ որպես ՀՀ քաղաքացի որոշեցի, որ անգամ այս անխնա ցուրտ եղանակին պետք է ամբոխի հետ գնամ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` 3 տղաներին դիմավորելու: Որովհետեւ եւ հաղթանակն էր իմը եւ մեղքն էր իմը, բոլորինս, որ անմեղ այդ տղաները 3 տարի ազատազրկման մեջ են գտնվել: Կալանավայրի երկաթե դռների առաջ, տեղացող առատ ձյան տակ կանգնել էին շատերը: Ու թեեւ նրանց ազատ արձակումը շատ ձգձգվեց, այնուամենայնիվ, ուզում էինք համոզվել, որ դա իրականություն է, եւ, որ տղաներն իսկապես ազատության մեջ կլինեն: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տոն էր, ուսադիրավոր աշխատակիցները մեզ հետ միասին գրկախառնվում ու համբուրում էին տղաների ծնողներին, ասելով՝ «3 ցմահ ենք ազատում է՜, կատակ բան չի, սենսացիա ա…»: Դա երեւի արդարության հաղթանակի զգացումն էր: Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը շոկի մեջ էին, նրանք դուրս եկան կալանավայրից՝ չգիտակցելով, որ իրենք ստացել են այն ազատությունը, որի համար որեւէ մեկին պարտական չեն ու որի համար շատ թանկ են հատուցել: Ազատություն, որը խլել են «թիկունքով» մարդկանց պաշտպանելու համար: Թե ով պատասխանատվության կենթարկվի այս 3 պատանիներին հասցված բարոյական, առողջական եւ նյութական վնասների համար՝ թող որոշեն այն մարդիկ, ովքեր թեկուզեւ այս մեկ օրինակով կարողացան վերականգնել իմ եւ շատերիս հավատը մեր երկրի հանդեպ: Իսկ ես պարզապես կնշեմ այն հաղթանակը, որը բոլորինս է:
P.S. Լրագրող Լուսինե Ստեփանյանը երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից խմբագրություն վերադառնալով՝ մաղարիչ արեց տղաների ազատ արձակման կապակցությամբ: