ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն «Իրավունք» թերթում մեկնաբանելով «168 Ժամ»-ի դեկտեմբերի 21-ի համարում հրապարակված Տիգրան Հակոբյանի հարցազրույցի ՀՅԴ-ին վերաբերող հատվածը, ասել էր հետեւյալը. «Ես «168 Ժամ» չեմ կարդում, ինչը իմ Սահմանադրական իրավունքն է, քանի որ կարծում եմ, որ այդտեղ ծախու հեղինակներ են տպագրվում…»: Սակայն երեկ Գեղամ Մանուկյանը հերքել է «168 Ժամ»-ի հասցեին արված վերը նշված արտահայտությունը՝ բոլոր լրատվամիջոցներին ուղարկելով հետեւյալ պարզաբանումը. ««Իրավունք» շաբաթաթերթը տպագրել է լրատվություն, որտեղ ներկայացրել է իմ կողմից ասած մտքեր, որոնք չեն հնչել իրականում։ Ցավոք, հայկական մամուլում արդեն արատավոր երեւույթ դարձած սովորությունը օրվա ցանկացած ժամի անգամ հեռախոսային կապով հարցազրույցներ իրականացնելու հարցում, մեկ անգամ եւս վկայում է, որ նման դեպքերում չի գործում լրագրողական պարկեշտությունը։ Վերահաստատելով կարծիքս, որն արտահայտել եմ Տիգրան Հակոբյանի արտահայտած մտքերի հետ կապված, ցավալիորեն արձանագրեցի, որ հեղինակը աղավաղել է ասածս խոսքերը եւ ձեւակերպումներում տեղ է գտել այն միտքը, թե «168 Ժամ»-ում «ծախու հեղինակներ են տպագրվում»։ Նման միտք ոչ միայն չի արտահայտվել հարցազրույցում, այլ նաեւ իմ կարծիքը «Իրավունք» թերթի մասին դուրս է հանվել արտահայտածս խոսքից, թեեւ պատասխանս ներկայացվել է իբրեւ «առանց խմբագրման» ուղղակի խոսք։ Ցավում եմ այս դեպքի եւ գործընկերներիս համար, որոնց մասնագիտական ունակությունները շատ հարգում եմ։ Պարզապես հերթական անգամ, արհեստական սկանդալների ետեւից վազող շաբաթաթերթն իր գործելակերպի համաձայն փորձել է նոր մի լուր ստանալ։ Հարգանքներով՝ Գեղամ Մանուկյան, ԱԺ պատգամավոր»:
Հույս ունենք, որ Գալաջյան Հովիկն «Իրավունք»-ի հաջորդ համարի «Թիվ 1 բամբասանքում» կգրի, թե քանիսո՞վ եւ ո՞ւմ պատվերով է Գեղամ Մանուկյանի խոսքերից առաջ «խցկել» ոմանց «սահմանադրական կտերը»: Ու երեւի մի էդքան էլ կվճարեն, որպեսզի Գալաջյան Հովիկը զարմանա: