Երեկ Բնապահպանության նախարարությունում քննարկվում էր մի շարք քաղաքների գլխավոր հատակագծերի բնապահպանական փորձաքննության, ինչպես նաեւ՝ բնապահպանական փորձաքննության ենթարկված Սեւան եւ Դիլիջան ազգային պարկերի կառավարման պլանները: Քննարկմանը մասնակցում էր նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, որի կարծիքով՝ շրջակա միջավայրի, բնապահպանության համար թիվ մեկ թշնամին ազգաբնակչության չքավորությունն է. «Եթե նա չքավոր է, չի հարցնի, թե ձուկը կվերանա՞, անտառը կկտրվի՞, Կարմիր գրքի ծառը կվերանա՞, թե՞ ոչ: Պետք է գտնել մեխանիզմներ չքավորությունը վերացնելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ ասաց նա: Փաստորեն, Վ. Այվազյանի կարծիքով, հասարակության այն չքավոր շերտն է մեր շրջակա միջավայրի եւ բնապահպանության թշնամին, որոնք, ասենք, մի քանի կիլոգրամ սիգ կամ այլ տեսակի ձուկ են որսում-վաճառում՝ ապրուստի միջոց կամ օրվա սնունդ ունենալու համար: Իսկ այն, որ տարբեր պաշտոնյաների թեթեւ ձեռքով անտառներ են հատվում, որպես փայտ վաճառվում կամ արտահանվում, դա Վ. Այվազյանը չի տեսնում: Իսկ չքավորության չափը նվազեցնելու համար մի շարք միջոցառումներ են իրականացվում Գեղարքունիքի մարզի 52 համայնքում եւ Տավուշի մարզի 50 համայնքում. «Ստեղծում ենք տարբեր մեխանիզմներ, ազգաբնակչությունն իր խնդիրները լուծելով, առավելագույն եկամուտ ստանալով այն հողաբաժնից, որտեղ որ ինքն ունի անջրդի վարելահող, տրամադրվում է պարարտանյութեր, մշակվում է հողը, ստեղծում են անասունների համար կենտրոնացված ջրալցման կետեր, կառուցվածքներ, որտեղ կարողանում են ստացված գյուղամթերքը նաեւ վերամշակել: Նույն բանն արվում է նաեւ Դիլիջանում»,- ասել է Վ. Այվազյանը: Այնուհետեւ նախարարը թվեր է ներկայացրել. Սեւանի ազգային պարկի տարածքը նվազել է 2.5 հազար հեկտարով: Այսօր այն կազմում է 147.448 հեկտար՝ նախկին 150.100-ի փոխարեն: «Ազգային պարկը տարածությամբ փոքրացել է, եթե դրան էլ ավելացնենք Սեւանա լճի մակերեւույթի ավելացումը, որը կապված է ջրի բարձրացման հետ, ցամաքային տարածքները փոքրացած կլինի: Տարբեր որոշումներով համայնքներին ազգային պարկի ռեժիմից հանված տարածքներն են»: Երեւի դարձյալ խեղճ ու չքավոր ազգաբնակչությունն է մեղավոր, որ Սեւանի ազգային պարկի տարածքը փոքրացել է: Իբրեւ դրական փոփոխություն՝ Վ. Այվազյանը նշել է այն, որ 5000 հեկտարով ավելացել է Դիլիջանի ազգային պարկը՝ 28 հազար հեկտարից դառնալով 33 հազար հեկտար: «Ինձ համար ամենաթանկ բանն իմ երկրի ժողովրդի առողջության պահպանելն է, որովհետեւ իմ առողջությունն էլ է»,- երեկ հայտարարել է Վ. Այվազյանը՝ ավելացնելով, որ ինքը որեւէ անձնական խնդիր չի ունեցել «Գլոբալ Գոլդ» կամ «Արարատ ոսկի» ընկերությունների հետ. «Ինձ չի հետաքրքրում` նա առավելագույն շահույթ կստանա՞, թե՞ ոչ: Դա իրա խնդիրն է: Իմ խնդիրն՝ առավելագույնը պահպանել շրջակա միջավայրը»: «Գլոբալ Գոլդ»-Վարդան Այվազյան հակամարտության մասին խոսելիս նա նաեւ նշել է. «Արտասահմանյան ներդրողների մուտքը ողջունում եմ, բայց դա իրավունք չի վերապահում, որ նրանք Հայաստանին վերաբերվեն ոնց որ մի խոպան երկրի: Ով ինձ հարգում է, ես իրեն հարգում եմ կրկնակի, ով փորձում է խաբել, ես պատժում եմ իրեն՝ միանշանակ»: Վ. Այվազյանը, պարզվեց, չեղյալ է հայտարարում այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք չեն հարգում ՀՀ օրենսդրությունը: Լրագրողներից մեկի հարցին, թե նախարարն ինքը հարգո՞ւմ է ՀՀ օրենսդրությունը, զարմանքով պատասխանեց. «Ո՞նց թե, հենց դրա համար էլ աշխատավարձ եմ ստանում, ինձի որ քաղաքական վստահություն են տվել, դրա համար են տվել: Այ քեզ բա՜ն»: