Ինչո՞ւ է հայերի մոտ ամեն ինչ երկու հատ

23/12/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Վերջին շրջանում Հայաստանում, ցավոք, մեծ տարածում են գտել այն «գեղցի» հայերը, որոնց չտես-գյորմամիշությունը չափ ու սահման չի ճանաչում: Բայց առանց այդ էլ հայերն ամեն ինչ միշտ բոլ-բոլ են սիրել, ինչի հետեւանքով էլ ամեն ինչից երկու հատ ունեն: Թող շատ լինի՝ քիչ չլինի: Օրինակ, որեւէ մեկը չի կարող բացատրել, թե ինչո՞ւ հայերն ունեն երկու կաթողիկոս (այս հարցի պատասխանը, թերեւս, միայն դաշնակները կիմանան): Երեւի դեռ լավ ենք պրծել, կարող էր ավելի շատ լինել: Թե չէ կարող էր, չէ՞, այնպես ստացվել, որ մեր բոլոր օլիգարխներն ուզենային մի-մի հատ սեփական կաթողիկոս ունենալ, որ իրենց մեղքերին հասցնեին թողություն տալ:

Կամ, ասենք, հայերս ունենք երկու լեզու: Մեր սահմանադրության մեջ (անգամ փոփոխություններից հետո) հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Սակայն ոչ մի տեղ գրված չէ՝ ո՞ր հայերենը` արեւելահայերե՞նը, թե՞ արեւմտահայերենը (էլ չեմ ասում՝ գրաբարը): Երկու սար ունենք` Արարատը եւ Արագածը: «Ջայնամ», որ Արարատը Թուրքիայի տարածքում է, մեկ է՝ մեր սարն է: Չե՞ք հավատում՝ «Պեռնո Ռիկար»-ից հարցրեք: Վերջին երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ունեցանք տարվա լավագույն երկու երգչուհի (մրցույթի կազմակերպիչներին ուզում եմ տեղեկացնել, որ լավագույնը, սովորաբար, լինում է մեկը: Իսկ եթե որոշել էիք երկուսին տալ այդ մրցանակը, ապա կարելի էր, օրինակ, հայտարարել` «տարվա երկու լավ երգչուհիներ»): Հայկական երկու պետություն ունենք, հետեւաբար նաեւ՝ երկու մայրաքաղաք: Ընդ որում, վերջին մի քանի տարիների ընթացքում դժվար է ասել, թե ո՞ր մայրաքաղաքն է ավելի մայրաքաղաք: Երկու նախագահ ենք ունեցել: Դատելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից, որ նա «չի պատրաստվում դառնալ երիտասարդ թոշակառու», երրորդ նախագահ մոտակա ժամանակներս կարող է եւ չունենանք: Ազգային երկու ճաշատեսակ ունենք` խաշ եւ խորոված (մնացածը թիթիզ-էկզոտիկ բաներ են): Ինձ թվում էր, որ երկու կոմպոզիտոր ունենք, բայց օրհներգի պատմությունը ցույց տվեց, որ երկու կոմպոզիտոր ենք ունեցել՝ Արամ Խաչատրյան եւ Առնո Բաբաջանյան (ԱԺ-ն գտավ, որ մնացածը «ֆուֆլո» են): Կոալիցիայում երկու կուսակցություն կա (որովհետեւ ՄԱԿ-ը ոչ թե կոալիցիայի անդամ է, այլ անդամության թեկնածու): Իսկ թե քանի հատ կուսակցություններ կան մեզանում, որ երկու օրինակից են՝ հաշվելն այլեւս անհնար է` երկու կոմունիստական, երկու ժողովրդական, երկու հնչակյան եւ այլն: Անգամ «Երկրապահ»-ը դարձավ երկու հատ: Կառավարությունում երկու Անդրանիկ կա, իսկ Երեւանում` Անդրանիկի երկու արձան, ընդ որում՝ մեկի տակ երկու ձի կա: Երկու բջջային հեռախոսակապի օպերատոր ունենք (բայց մեկն արաբական է, մյուսը` ռուսական), գարեջրի երկու գործարան, ցեմենտի երկու գործարան, ծխախոտի երկու գործարան՝ բայց մեկ մարդու ձեռքում: Միայն Հակոբ Հակոբյաններն էին երեքը: Դրա համար էլ դատախազը որոշեց ուղղել այդ պատմական անարդարությունը, եւ «խաղից» հանեց էջմիածինցի Հակոբ Հակոբյանին: ԱԺ սպասվելիք ընտրություններում երկու կուսակցություն են հավակնում ունենալ մեծամասնություն` ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Հայաստանում փաստացի երկիշխանություն է: Երեւի Ժան Կլոդ վան Դամը հայ էր, որ համաձայնեց նկարահանվել «ԺՉՏռվՏռ ցՊՈՐ» կինոնկարում: Էլ չեմ ասում, որ այս գործում մենք այնքան ենք հմտացել, որ հասցնում ենք Ազգային ժողովի մեկ գումարման ընթացքում ունենալ երկու խոսնակ: Այդպես եղել է բոլոր երեք գումարման Ազգային ժողովներում: Լավ է գոնե, որ Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան եւ Վիկտոր Դալլաքյան ընդամենը մեկ օրինակից ունենք: Պատկերացնո՞ւմ եք, եթե նրանցից էլ երկուական օրինակից ունենայինք: Ընդդիմությունը միանալու շանս չէր ունենա, իսկ Հեղինե Բիշարյանը կդառնար հեթանոս, որովհետեւ ստիպված կլիներ մի քանի «աստված» պաշտել: Եվ, իհարկե, ամենացավալին այն է, որ մեր ազգն է կիսված երկու մասի` Հայաստան եւ Սփյուռք:

Եվ, եթե հիշենք «Բաժանիր, որ տիրես» ասացվածքը, ապա դժվար չէ կռահել, որ մեզ բաժանել են, որ տիրեն: Եվ ամենեւին էլ կարեւոր չէ, թե ո՞վ է բաժանել: Կարեւորը փաստն է: Որպես լավատես, կարող եմ միայն մի բան ցանկանալ բոլորիս: Եկեք միանանք, որ տիրենք, քանի դեռ ուշ չէ, եւ մեզ դեռ չեն հասցրել բաժանել, ասենք, երեք կամ ավելի մասերի: