«OTE-ն Հայաստանին վերաբերվում էր՝ ինչպես աֆրիկյան հետամնաց երկրի»

23/12/2006 Զրուցեց՝ Արմինե ԱՎԵՏՅԱՆԸ

– Պարոն Սարգսյան, Ձեր կարծիքով ինչո՞ւ OTE-ն վաճառեց «ԱրմենՏելը»: Չէ՞ որ դրանից մեծ շահույթ էր ստանում: Անտրամաբանական չէ՞, որ մի ընկերություն վաճառում է շահութաբեր իր բիզնեսը:

– Ինձ միշտ թվում էր, թե OTE-ն «ԱրմենՏելը» չի վաճառի, որովհետեւ կա արտաքին քաղաքականություն: Նախ` բավականին ջերմ են հայ-հունական հարաբերությունները: Կար մի հետաքրքիր գործոն եւս՝ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, եւ հայկական կապը գտնվում էր ՆԱՏՕ-ի անդամ երկրի ձեռքում: Թվում էր, թե ՆԱՏՕ-ն չի ցանկանա հրաժարվել Անդրկովկասում ձեռք բերած կապի ոլորտից: Սակայն անցած տարիներին OTE-ն «ԱրմենՏելում» վարկաբեկվել էր, ու այս դեպքում հավանաբար տնտեսական շահերը քաղաքականից ավելի գերադասելի էին: Իսկ «ԱրմենՏելն» արդեն OTE-ի համար վարկաբեկիչ էր: OTE-ն Եվրոպայում համարվում է կապի ոլորտը շահագործող 5-րդ ընկերությունը: Նրա բաժնետոմսերը ներկայացված են Նյու Յորքի բորսայում: Հայաստանից գնացող ցանկացած բացասական արձագանք վնասելու էր OTE-ի համբավին ու արժեզրկելու էր նրա բաժնետոմսերը: Բացի այդ, իմ տվյալներով` OTE-ն ֆինանսական բավականին լուրջ խնդիրներ ուներ: Ուրեմն, «ԱրմենՏելի» վաճառքով OTE-ն երկու խնդիր լուծեց՝ վերացրեց Հայաստանից գնացող բացասական արձագանքների վտանգը եւ կարգավորեց իր ֆինանսական խնդիրները: Կա նաեւ երրորդ խնդիրը, «ԱրմենՏելի» վաճառքով OTE-ն խուսափեց իր ունեցած պարտավորությունների կատարումից:

– Ո՞ր պարտավորությունների մասին է խոսքը:

– OTE-ն «ԱրմենՏելը» գնել էր 1998թ. եւ պարտավորվել էր 5-6 տարվա ընթացքում հեռախոսիֆիկացնել ամբողջ Հայաստանը ու թվայնացնել ամբողջ կապը: Բայց չկատարեց, որովհետեւ դա շատ մեծ ծախսերի հետ էր կապված: OTE-ն չէր ուզում այստեղ մեծ ներդրումներ կատարել, նա եկել էր գերշահույթ ստանալու նպատակով եւ Հայաստանին վերաբերվում էր ինչպես աֆրիկյան հետամնաց մի երկրի: Իսկ «ԱրմենՏելը» վաճառեց ճիշտ ժամանակին, եւ խուսափեց ներդրումներ կատարելուց ու խայտառակվելուց: Սա OTE-ի համար լավագույն տարբերակն էր:

– Անընդհատ կատարած չարաշահումների ու գերշահույթի մասին է խոսվում: OTE-ն կոնկրետ ինչպե՞ս է գերշահույթ ստացել:

– Նախ` սկսենք նրանից, որ «ԱրմենՏելը» մեր կապի շուկայում ուներ բացարձակ մենաշնորհ եւ գերշահույթ ստացավ իր ծառայությունները բարձր սակագնով վաճառելով: Հետո՝ գերշահույթ ստացավ ոչ միայն եկամտային մասից, այլեւ ծախսային մասից: Եկամտային մասն ինչ-որ տեղ հասկանալի էր, որովհետեւ կար մենաշնորհային վիճակ եւ բարձր սակագներ: Ծախսային մասից OTE-ին մեծ շահույթ բերեց «ԱրմենՏելի» համար Հունաստանից ուռճացված գներով սարքավորումներ ձեռք բերելը: Մինչդեռ շատ ապրանքներ ներկրելու կարիք չկար, կարելի էր պատվիրել տեղական արտադրողին եւ շատ ավելի էժան գներով: Փոքր դետալների, օժանդակ նյութերի արտադրություն այստեղ էլ կար: Հայկական տարբեր ֆիրմաներ «ԱրմենՏելի» հայտարարած տարբեր մրցույթների մասնակցել են, սակայն չեն շահել: Նույնիսկ վերնաշապիկներն էին Հունաստանում պատվիրում, էլ չեմ ասում՝ իրավական եւ այլ խորհրդատվությունները: Դրանք դեպի Հունաստան փողերի մեծ հոսք էին ապահովում: Անգամ վերջին պահերին, երբ OTE-ն վաճառում էր «ԱրմենՏելը», գնեց մեծ քանակությամբ արտահագուստ: Համոզված եմ, որ դրանք նորից հունական ֆիրմաներին են պատվիրվել: Ամբողջ քաղաքականությունը տարվում էր այնպես, որ հնարավորինս շատ փող հոսեր Հայաստանից:

– Իսկ ի՞նչ ներդրումներ է կատարել OTE-ն Հայաստանում: Ներդրած տեխնիկական միջոցները գոնե տեխնիկական բարձր մակարդակ ունե՞ն:

– Ո՛չ, այդ սարքավորումները տեխնիկայի վերջին խոսքերը չէին եւ ունեին որոշակի բարոյական մաշվածություն: OTE-ն «ԱրմենՏելի» համար սարքավորումները գնում էր հունական «Ինտրակոմ» եւ «Սիմենս» ընկերություններից: Դրանք Ձեր իմացած հայտնի ֆիրմաները չեն, այլ այդ ֆիրմաների՝ Հունաստանում ունեցած դուստր ձեռնարկություններն են, որոնց բաժնետերերից է նաեւ OTE-ն: Վերջինս «ԱրմենՏելի» համար անհրաժեշտ բոլոր գնումները կատարում էր այդ ընկերություններից, այն էլ՝ մի քանի անգամ ուռճացված գներով, որպեսզի էլի գերշահույթ ստանար: Ես որ ասում եմ` OTE-ն մեր կապի շուկայից գերշահույթ է ստացել եւ հայ բաժանորդներին թալանել է, դրա համար հիմքեր ունեմ: Նրա գերշահույթը շատ մեծ էր նաեւ միջազգային տրաֆիկներից՝ արտասահմանյան խոսակցություններից: Ցանկացած արտասահմանյան խոսակցության մեջ OTE-ն մասնակից է եղել: Օրինակ, Հայաստան-Իրան կապը, որ կարելի էր անմիջական ուղիով կարգավորել, դասավորվել էր OTE-ի միջոցով: Սա նույնն է, որ մենք Իրան գնանք ոչ թե մեր ունեցած ուղիղ ճանապարհով, այլ նախ գնանք Հունաստան, հետո նոր հասնենք Իրան: Նույն վիճակում է նաեւ Ավստրալիա, Ամերիկա, Կանադա եւ մյուս երկրների հետ ունեցած կապը: Իսկ ավելի ճիշտ երթուղին հենց ուղիղ գծով էլ գնում էր, բայց OTE-ն փաստաթղթերով ձեւակերպված էր Հայաստանի միջքաղաքային խոսակցությունների համար որպես միջանկյալ, տարանցիկ կապ ապահովող: Դրա համար մենք նրան վճարում ենք:

– Իսկ Ձեր տեղեկություններով` «ԱրմենՏելը» որքանո՞վ է կատարել իր պարտականությունները, եւ նոր սեփականատեր ռուսական «ՎիմպելԿոմն» ի՞նչ ժառանգություն է ստացել:

– Նշեցինք, որ OTE-ն պետք է հեռախոսիֆիկացներ ամբողջ Հայաստանը եւ թվայնացներ հեռախոսակապը: Բայց այսօր նույնիսկ մեր մայրաքաղաքը ունի հեռախոսիֆիկացման խնդիր: Հեռախոսիֆիկացված է Երեւանի մոտ 65-70 %-ը: Թվայնացման մասին նույնիսկ չեմ ասում: Երեւանում տարածքներ կան, որտեղ ֆիքսված հեռախոսակապի նորմալ ցանց չկա: Օրինակ, Նորքի 7-9 զանգվածները: Էրեբունի, Շենգավիթ, Աջափնյակ համայնքների հեռախոսահամարները կիսով չափ չեն բավարարում ներկա պահանջարկը: Իսկ այդ պահանջարկը գնալով ավելանում է, եւ բավարարելու համար պետք է հզորացվեն հեռախոսակայաններն ու փոխվեն մալուխները: Նորից եմ ասում՝ ամենամեծ խնդիրն այսօր գյուղական համայնքների հեռախոսիֆիկացումն է: «ԱրմենՏելի» անտարբերության արդյունքում թալանվեցին ու ոչնչացվեցին գյուղերի հեռախոսակայանները: Բացի այդ, այսօր գյուղերն ապահովված չեն ինտերնետ կապով: Ինչո՞վ է մեղավոր գյուղացու երեխան, որ այդ ապաշնորհ գործարքի արդյունքում չի կարողանում իր մտահորիզոնը զարգացնել ինտերնետով տեղեկատվություն ստանալու միջոցով: Կամ՝ մենք ուզում ենք մանր բիզնեսը զարգացնել, ձեռներեցությունը խթանել նաեւ գյուղերում: Բայց դրա համար էլ է կապ պետք: Էդ ո՞ր ձեռներեցը կարող է գյուղում առանց կապի միջոցների գործունեություն ծավալել: Ես ուրախ եմ, որ այսօր մեր իշխանություններն ուզում են բարեկարգել գյուղական ճանապարհները: Բայց գյուղի համար ճանապարհների չափ կարեւոր է նաեւ կապի ապահովումը: Չէ՞ որ բիզնես դնելու համար գործարարին հեռախոսահամար էլ է պետք: Դա նաեւ մեր իշխանությունների խնդիրն է, եւ ոչ միայն OTE-ի կամ «ԱրմենՏելի» պարտականությունը: Կամ ինչո՞ւ միայն գյուղական համայնքները: Այսօր քաղաքն էլ է զարգանում: Մենք Երեւանի կենտրոն ենք կառուցապատում, եւ նախկին մի քանի առանձնատների փոխարեն բարձրահարկ բնակելի շենք կամ բիզնես կենտրոն է կառուցվում: Եթե մի քանի տարի առաջ այդ տարածքին մի քանի հեռախոսահամար էր պետք, հիմա արդեն մի քանի հարյուր համարներ են հարկավոր: Իսկ դա «ԱրմենՏելի» համար ծախս է: 100 կամ 200 համարանոց մալուխը պետք է փոխվի 1000 կամ 2000 համարանոց մալուխով:

– Ձեր կարծիքով` «ՎիմպելԿոմը» տեղյակ չէ՞ OTE-ի կատարած չարաշահումների մասին, կամ չգիտի՞, որ իրեն ներկայացրած հաշվետվություններն ուռճացված են:

– Իհարկե, տեղյակ է, աուդիտ էլ է անցկացվում, բայց դժվար թե դա ինչ-որ բան փոխի:

– Կարելի՞ է ասել, որ OTE-ն խուսափեց իր բոլոր պարտականություններից:

– Այո, խուսափեց: Դրանք շատ ծախսատար գործեր են, որոնց համար OTE-ն չցանկացավ փող ծախսել: Բացի այդ, իր այդ աշխատանքներն «ԱրմենՏելը» չէր համաձայնեցնում պետական կառույցների հետ: Ասենք, մալուխ պետք է փոխեր մի փողոցում, որը կապիտալ վերանորոգված էր: Բնական է, որ փողոցը քանդելուց հետո պետք է վերանորոգեր, դա լրացուցիչ ծախսեր էր, որին «ԱրմենՏելը» եւ OTE-ն չէին ուզում գնալ: Չկար աշխատանքների հեռանկարային պլանավորում եւ դրա համար պետական կառույցների հետ համագործակցություն:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի այն առաջարկին, թե Կառավարության ունեցած 10 տոկոսի դիմաց նոր սեփականատերերը հրաժարվեն ինտերնետ կապի մենաշնորհից:

– Շատ վատ: Ռուսները, միեւնույն է, կհրաժարվեին մենաշնորհից, այդ մենաշնորհը, այսպես թե այնպես, չկար: Ինտերնետ հեռախոսակապը գողանում եւ շահագործում էին բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ: Դա գաղտնիք չէ: Դրանք հարյուրավոր կազմակերպություններ էին, եւ դրանց ետեւում բազմաթիվ պաշտոնյաներ են կանգնած: Այնպես որ, «ԱրմենՏելի» սեփականատերն ինքնուրույն էր հրաժարվելու այդ մենաշնորհից եւ շատ խելացի քայլ կատարեց: Դրա դիմաց պետք չէ ավելորդ նվիրատվություններ անել: Բացի այդ, ինչո՞ւ ենք մենք մենաշնորհը միակողմանի դիտարկում: Եթե արտոնություն ես տալիս, պետք է պարտավորություն էլ տաս, բայց եթե արտոնությունից զրկում ես, ապա ազատում ես նաեւ պարտավորությունից: Ես համոզված եմ, որ ռուսներն ուրախ կլինեին, որ չունենային նաեւ ֆիքսված հեռախոսակապի մենաշնորհը: Այդտեղ ահռելի ներդրումներ են պետք: Հույները հրաժարվեցին դրանից եւ ժառանգությունը թողեցին ռուսներին: Չեմ կարծում, որ «ՎիմպելԿոմը» սիրով կկատարի: Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են ներդրումներ կատարել: Ապագան ցույց կտա:

– Դուք խոսեցիք մասնավորապես ֆիքսված հեռախոսակապի մասին, իսկ արդյոք բավարար վիճակո՞ւմ է բջջային կապը:

– Իհարկե ոչ: Եթե բավարար լիներ, ապա մենք չէինք ունենա մի քանի օր առաջ տեղի ունեցած վթարը (երբ «ԱրմենՏելի» կապն օրվա կեսը չէր գործում,-Ա.Ա.): Ի՞նչ է նշանակում` կայանի հոսանքազրկվելու պատճառով խաթարվում է բջջային կապը: Այդ դեպքում պետք է աշխատեր ավտոմատ համակարգը, որը չաշխատեց: Այդ խաթարման պատճառով բիզնես վարողները կամ քաղաքացիները կարող էին «ԱրմենՏելին» դատի տալ: Կարող էր, չէ՞, այդ ընթացքում հեռախոսակապի պատճառով լավ գործարք ձախողվել:

– Պարոն Սարգսյան, չե՞ք կարծում, որ OTE-ի կատարած չարաշահումների, դրանց չբացահայտելու կամ չկատարած պարտականությունների համար մեղավոր են նաեւ մեր իշխանությունները: Հնարավոր է, որ նրանք գործարքի մեջ են մտել այդ ընկերության հետ եւ ամեն ինչ միասին են արել:

– Միգուցե մեր իշխանությունների հետ կար գործարք, չեմ բացառում, բայց չեմ էլ կարող հիմնավորել: Ճիշտն ասած, ժամանակին այդ ալան-թալանը կանգնեցնելու համար որոշակի քայլեր արվում էին, բայց մինչեւ վերջ չէին տարվում: Հիշենք թեկուզ «ԱրմենՏելի» նախկին գործադիր տնօրեն Յորղուլասին:

– Իսկ չե՞ք կարծում, որ նոր սեփականատերը նախկինի համբավը չժառանգելու համար պետք է նրա չարաշահումները ներկայացնի իր բաժանորդներին:

– Այդպիսի բան նախ չի լինի: Հետո էլ, եթե ներկա սեփականատերը որակյալ ծառայություն մատուցի եւ իր պարտականությունները կատարի, ապա իր բարի համբավը կապահովի: Մի բան էլ ավելացնեմ` ցանկալի է, որ ներկա սեփականատերը իր կապիտալ ներդրումներն այնպես կազմակերպի, որ էֆեկտիվ լինեն: Տանի կադրային ճիշտ քաղաքականություն ընկերության գործադիր կառավարման օղակներում ներգրավի տեղական մասնագետներին: OTE-ն մինչեւ անգամ վարչության պետերին էր Հունաստանից բերում: Իսկ նրանք մի քանի անգամ ավելի բարձր էին վճարվում, քան մեր մասնագետները, բայց նրանք ավելի բարձր պատրաստվածություն չունեին, քան մերոնք: