Շան տարում աճած տնտեսության մասին

23/12/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ընդամենը 10 օր հետո 2006 թվականն իր իրավունքները կհանձնի 2007-ին։ Իսկ դա նշանակում է, որ եկել է արդյունքներն ամփոփելու ժամանակը։ Գերատեսչությունների ղեկավարներն արդեն սկսել են ամփոփիչ ասուլիսներ տալ, իսկ հունվարին կսկսվի նրանց «քննաշրջանը» վարչապետի մոտ։ Մենք էլ առայժմ փորձենք գոնե պաշտոնական վիճակագրության օգնությամբ պատկերացում կազմել, թե տնտեսական տեսանկյունից այս տարին ինչպիսի՞ն էր Հայաստանի համար։ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2006թ. հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշները։ Մինչեւ տարվա վերջ սա երեւի կլինի վերջին ամփոփիչ հրապարակումը, իսկ 2006թ. ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի արդեն հաջորդ տարվա հունվարին։

Լավագույն ավանդույթները շարունակվում են

Եվ այսպես, երկնիշ տնտեսական աճի տեմպերը պահպանվել են։ 2006թ. հունվար-նոյեմբեր ամիսների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 13.2%։ Ընդ որում, նոյեմբերին մեր ՀՆԱ-ն նախորդ ամսվա համեմատ նվազել է 16.6%-ով։ Սակայն հուսալքվել պետք չէ, այդ անկումը բնորոշ է եղել նաեւ նախորդ տարիների համար։ Այսպես, ըստ ԱՎԾ տվյալների, 2005թ. նոյեմբերի ՀՆԱ-ն հոկտեմբերի նկատմամբ նվազել է 15.6%-ով, իսկ 2004-ի նոյեմբերին այդ անկումը եղել է 22.1%։ Սակայն վերջին ամսին՝ դեկտեմբերին, որպես կանոն, միշտ նկատվել է ՀՆԱ-ի բարձր աճ։ 2005թ. դեկտեմբերի ՀՆԱ-ն ամսվա կտրվածքով աճել է 40.1%-ով, իսկ 2004-ինը՝ 17.8%-ով։ Հիշեցնենք, որ 2004թ. տնտեսական աճը կազմել է 10.1%, իսկ 2005թ.՝ 13.9%։ Այնպես որ, 2006թ. մեր տնտեսական աճը 13%-ից ցածր չի լինի։ Եվս մի փաստ։ Դեկտեմբերին արձանագրվող աճը սովորաբար կապվում է Ամանորով պայմանավորված աշխուժացմամբ։ Սակայն, օրինակ, 2005թ. դեկտեմբերին արձանագրված 40%-անոց աճը պայմանավորված է շինարարության ծավալներով։ Մասնավորապես, շահագործման հանձնված բնակարանների ընդհանուր մակերեսը հոկտեմբերի ցուցանիշը գերազանցել է 250%-ով, կամ 3.5 անգամ։ Հաշվի առնելով, որ բնակարանների գները գնալով աճում են, կարող եք պատկերացում կազմել, թե որքանով է սա ազդել ՀՆԱ-ի վրա։ Մի խոսքով, ՀՆԱ-ի աճի տեսանկյունից այս տարի եւս կարող ենք պարծենալ՝ լիարժեք երկնիշ ցուցանիշ ունենք։

Ի՞նչ ենք ստեղծել տարվա ընթացքում

ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունքը), ինչպես գիտեք, երկրի ներսում արտադրված ապրանքների եւ ծառայությունների գումարային մեծությունն է։ Այսինքն, եթե ՀՆԱ-ն աճել է, դա եղել է տնտեսության առանձին ոլորտների հաշվին։ Իսկ որո՞նք են այդ «աճած» ոլորտները, ի՞նչ ենք մենք ստեղծել ավելի շատ, քան նախորդ տարի, որ արդյունքում ունենք 13%-անոց տնտեսական աճ։

Մի տեսակ կրկնության նման է ստացվում, սակայն վիճակագիրները կրկին փաստում են, որ աճի մեջ առյուծի բաժինը պատկանում է շինարարությանը։ Հունվար-նոյեմբերի աճն այստեղ կազմել է 37.4%։ Իսկ նոյեմբեր ամսին շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսը 2 անգամ գերազանցում է հոկտեմբերի ցուցանիշին։ Աճել է նաեւ ծառայությունների ոլորտը՝ 21.7%-ով։

ՀՀ բնակչությունը, որը տարիներ շարունակ «ստեղծել» ասելով` հասկացել է ինչ-որ բան աճեցնել, կամ հաստոցի առջեւ ինչ-որ բան սարքել, այս առումով ուրախանալու պատճառներ չունի։ Գյուղատնտեսական արտադրանքը, որը մեր ՀՆԱ-ի մոտ 30%-ն է կազմում, աճել է ընդամենը 0.2%-ով։ Իսկ արդյունաբերության վիճակն ավելի տխուր է։ Այստեղ ոչ միայն աճ չկա, այլեւ գրանցվել է անկում՝ 1.2%-ի չափով։ Իսկ եթե արդյունաբերության մեջ հաշվի չենք առնում էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման ծավալները, անկումը կազմում է 0.7%։ Բանն այն է, որ այդ անկման մեջ զգալի տեղ ունի հենց էլեկտրաէներգիան։ Դրա արտադրության ծավալները նախորդ տարվա հունվար-նոյեմբերի նկատմամբ նվազել են 6.6%-ով։ Եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ «Հայկական Էլեկտրացանցեր» ընկերության ղեկավարը «Հայկական Ժամանակին» տված հարցազրույցում նշել էր, որ դրա պատճառն արդյունաբերության անկումն է, որ գնալով ավելի քիչ էներգիա են սպառում։ Նա նաեւ կարծիք էր հայտնել, որ դա արտացոլում է մեր տնտեսական աճի իրական պատկերը։

Իսկ արդյունաբերության (մասնավորապես, արտահանմանն ուղղված) անկումը կապվում է դրամի արժեւորման հետ։ 2 օր առաջ AEPLAC Կենտրոնի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը խոսում էր մեր ապրանքների՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու մասին։ Իսկ արտադրության անկումը բացատրում էր ոչ միայն փոխարժեքով, այլ շատ ուրիշ «խորքային պատճառներով»։ Իսկ առայժմ մեր տեղական արտադրանքը սկսում է մրցակցությանը չդիմանալ անգամ Հայաստանի ներքին շուկայում։ Եվ մինչեւ Եվրոպան բացի իր դռները, Հայաստանը երեւի եվրոպական շուկա ներկայացնելու ոչինչ չի ունենա։

Իսկ աշխատողները, պարզվում է, պետք է գոհ լինեն

Ստացվում է այնպես, որ «ստեղծել» ասելով` իր դասական իմաստով մենք այս տարի կարող ենք հասկանալ միայն շինարարության ոլորտը։ Ուրիշ ոչ մի բանի ստեղծման հարցում առաջընթաց չի եղել։ Բնակչության թիվը ցածր ծնելիության եւ արտագաղթի պատճառով գնալով նվազում է, իսկ տների քանակն` ավելանում։ Պարզ է, որ սա չի կարող անվերջ շարունակվել, մանավանդ, որ այդ տները հիմնականում կառուցվում են հասարակության շատ փոքր շերտի համար։

Սակայն պարզվում է, այս վիճակը չի խանգարում, որ ստեղծվեն նոր աշխատատեղեր, բարձրանան աշխատավարձերը եւ այլն։ Այսպես, գործազուրկների թիվը հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում կազմել է 84.4 հազար մարդ, որը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է 6.2%-ով։ Բնակչության դրամական եկամուտներն ու ծախսերն աճել են ավելի քան 19%-ով։ Միջին ամսական աշխատավարձը կազմել է 62.413 դրամ։ Այսօրվա փոխարժեքով դա կազմում է 171 դոլար։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա միջին աշխատավարձը 52.000 դրամ էր, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմում էր 116 դոլար։ Այսինքն, դոլարային արտահայտությամբ, միջին աշխատավարձն աճել է մոտ մեկուկես անգամ։ Օտարերկրացիների համար (իսկ մերոնք, կարծես, ամեն ինչ անում են նրանց ցույց տալու համար) սա շատ տպավորիչ ցուցանիշ է։ Պարզապես նրանք չգիտեն, որ դոլարային արտահայտությամբ գները մեզ մոտ աճել են ավելի շատ՝ մոտ 2 անգամ։ Սրա մասին` ավելի մանրամասն։

Զսպեք ձեր ախորժակը

Գների վիճակագրությունը հետաքրքիր է նրանով, որ մարդիկ ամսեամիս զգում են՝ խանութ կամ շուկա մտնելիս իրենց գումարը սկսում է ավելի ու ավելի չբավարարել, իսկ պաշտոնական թվերը վկայում են հակառակի մասին։ Օրինակ, հիշեցնեմ, որ 2005թ. մեր գնաճը կազմեց ընդամենը 0.6%, ինչն աննորմալ ցածր ցուցանիշ է 13.9%-անոց տնտեսական աճ ունեցող երկրի համար։ Հիմա անդրադառնանք այս տարվան։ Կենտրոնական բանկը, ինչպես հիշում եք, 2006թ. համար նախատեսել էր 3% գնաճ։ Հետո պարզ դարձավ, որ հնարավոր չի լինելու դա ապահովել, եւ Ազգային ժողովը փոփոխություն կատարեց բյուջեի մասին օրենքում՝ ցուցանիշը դարձնելով 4%, +/- 1.5%։ Այսինքն, այս տարի պետք է ունենանք առավելագույնը 5.5% գնաճ, հակառակ դեպքում կստացվի, որ կառավարությունը խախտում է իր իսկ ներկայացրած՝ ՀՀ 2006թ. Պետական բյուջեի մասին օրենքը։

Ըստ դեկտեմբերի 20-ին ԱՎԾ-ի ներկայացրած նախնական տվյալների, այս տարվա նոյեմբերի դրությամբ գնաճը կազմում է 3.5%՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ։ Սա նշանակում է՝ գները դեռ ունեն 2% աճելու տեղ։ Թվում է՝ նորմալ է, կտեղավորվենք։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ դեկտեմբերին գները մեզ մոտ շատ են աճում։ Եվ եթե Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Աշոտ Շահնազարյանը նոր է զարմանք հայտնում, որ նախատոնական շրջանում գրեթե բոլոր երկրներում զեղչեր են, իսկ մեզ մոտ` գների բարձրացում, դա չի նշանակում, որ նախկինում այդպես չի եղել։ Ըստ ԱՎԾ տվյալների, 2003թ. դեկտեմբերին գներն աճել են 2.2%-ով (նոյեմբերի համեմատ), իսկ 2004 եւ 2005 թվականների դեկտեմբերի գնաճը կազմել է 2.3%։

Եվ հիմա ամենահետաքրքիրը՝ ՏՄՊՊՀ-ն հանկարծ որոշում է լայնածավալ պայքար սկսել թանկացումների դեմ։ Քննադատության է ենթարկվում «Միկան»՝ ցեմենտի բարձր գնի համար, շաքարավազ ներմուծող «Ֆլիտֆուդը», բենզին եւ դիզվառելիք ներմուծող ընկերությունները եւ… հավի ձու արտադրողները։ Ընդ որում, տնտեսվարողներին 5 օր ժամանակ է տրվել՝ գները վերանայելու համար։ Վերջիններս նաեւ զգուշացվել են, որ հանձնաժողովը դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը մոնիտորինգ է իրականացնելու՝ հակամրցակցային համաձայնություններն ի հայտ բերելու եւ կանխելու համար։ Միամտություն կլիներ կարծել, թե ՏՄՊՊՀ-ն այսքան խիստ է արտահայտվել՝ առանց վերեւների համաձայնության։ Ի վերջո, այդ մոնոպոլիաները ձեւավորվել, գործում եւ գերշահույթներ են ստանում հենց նույն այդ վերեւների հովանու ներքո։ Այս դեպքում պարզապես ՏՄՊՊՀ-ի միջոցով «մեսիջ» է ուղարկվել տնտեսվարող սուբյեկտներին, որ «համը շատ չհանեն»։ Ունենք ընդամենը 2% գնաճի տեղ, մի քանի ամսից էլ ընտրություններ են։ Այնպես որ, ՏՄՊՊՀ-ն կատարում է գնաճի զսպման ֆունկցիա, եւ երեւի նպատակահարմար կլիներ, որ Կենտրոնական բանկը շնորհակալություն հայտներ այս կառույցին։

Չօգնենք մեզ, չգնենք մերը

ՀՀ կառավարության տարբեր պաշտոնյաներ հաճախ են հայտարարում, թե պետության ֆունկցիան մասնավոր արտադրողներին օգնելը չէ։ Սակայն ստացվել է այնպես, որ մենք` բոլորս, անուղղակիորեն նպաստում ենք օտար երկրների արտադրողներին, նրանց համար ստեղծում աշխատատեղեր, ապահովում շահույթ…

Սա պարզ է դառնում, երբ նայում ենք արտաքին առեւտրաշրջանառությանը վերաբերող պաշտոնական տվյալները։ Հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանի արտահանումը կազմել է 895 միլիոն դոլար։ Սա նախորդ տարվա ցուցանիշից բարձր է ընդամենը 0.3%-ով։ Ներմուծումը կազմել է 1 միլիարդ 952.9 միլիոն դոլար (աճը՝ 20.9%)։ Այսինքն, ներմուծման աճի տեմպերը մոտ 70 անգամ գերազանցում են արտահանմանը։ Եվ սա տեղի է ունենում երկնիշ տնտեսական աճի պայմաններում։ Իսկ պարզ թվաբանական գործողություն անելով կարելի է հաշվել, որ մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 11 ամսվա համար արդեն գերազանցում է 1 միլիարդ դոլարը։ Մեկ միլիարդ դոլար մենք «տվել ենք դուրս», այսինքն՝ այնտեղ, որտեղից դրանք եկել էին տրանսֆերտների տեսքով։ Հետեւությունները թողնում եմ ընթերցողներին։

Տարին հոռետեսական դիտարկումներով ավարտել ամենեւին չենք ցանկանում, սակայն այս ամենն ընդամենը պաշտոնական տվյալների ներկայացում էր։ Իսկ մենք կարող ենք ընդամենը հույս հայտնել, որ հաջորդ տարվա վերջին դրանք առաջ կբերեն ավելի հաճելի զգացումներ։