Ինչպես երեկ տեղեկացրեց Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Ստանդարտացման, չափագիտության եւ համապատասխանության հավաստման վարչության պետ Ռոբերտ Դայանը, ՀՀ կառավարության որոշմամբ, հունվարի 1-ից Հայաստան ներմուծվող սննդամթերքը ենթարկվելու է պարտադիր հայերեն մակնշման: Որոշման իրականացման առաջին փուլում հունվարի 1-ից շուրջ 44 տեսակի ապրանք ՀՀ խանութներին տրվելու է նաեւ հայերեն մակնշմամբ: Դրանցից են լինելու միսը, կաթն ու կաթնամթերքը, սուրճը, թեյը, բուսական յուղերը, ձուկը, ձկան պահածոն, շաքարն ու շաքարավազը, հրուշակեղենը, մանկական սնունդը, մրգահյութերը եւ այլն: Երկրորդ փուլում մնացած ապրանքները հայերեն կմակնշվեն 2007թ. հուլիսի 1-ից: Ներմուծվող ապրանքների վրա հայերեն գրվելու է արտադրող երկրի անունը, ապրանքատեսակի բաղադրության մեջ մտնող տարրերը եւ արտադրման օրն ու պահպանման ժամկետները: Այս ամենի մասին արդեն տեղեկություններ են հաղորդվել ձեռներեցներին, մասնավորապես` ներմուծողներին: Վերջիններիս վրա այդ ամենն, ըստ Դայանի, թանկ չի նստում: Նրա հաղորդմամբ, հունվարի 2-ից արդեն խանութները չեն ընդունելու ներմուծված այնպիսի սննդամթերք, որը մակնշված չի լինելու հայերենով: Իսկ խանութներում մնացած եւ չվաճառված, բայց հայերենով մակնշում չունեցող սննդամթերքը դրվելու է վաճառքի` մինչեւ տվյալ ապրանքի պահպանման ժամկետի ավարտը: