Հյուսիսային Կորեան, Իրանը եւ միջուկային զենքը

23/12/2006 Հովհաննես ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Միջուկային զենքի տարածման խնդիրը շարունակում է մնալ միջազգային հանրությանը հուզող առաջնային մարտահրավեր: Իրանի եւ Հս. Կորեայի շուրջ ստեղծված ներկայիս դրությունը, թերեւս, հանդիսանում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր հաստատված հարաբերական կայունության խաթարման հզորագույն պոտենցիալ ունեցող իրավիճակ:

Սակայն Իրանի եւ Հս. Կորեայի «միջուկային դոսյեի» միջեւ կա հստակ տարբերություն. իրանական կողմը, գտնվելով բանակցությունների հարթակին, վարում է բավականին զգուշավոր դիվանագիտություն, նույնիսկ հաշվի առնելով Մ. Ահմադինեջադի կոշտ հայտարարությունները: Հս. Կորեան, լինելով ավելի «լռակյաց», այսուամենայնիվ, ընթացիկ տարվա ամռանն անցկացրեց բալիստիկ հրթիռների փորձարկում, իսկ հոկտեմբերին հայտարարեց ատոմային ռումբի հաջող փորձարկման մասին: Իսկ Իրանը պաշտոնական մակարդակով գոնե մերժում է միջուկային զենքին տիրանալու հավակնությունները: Դեռ ավելին, միջազգային հարաբերությունների եւ միաբեւեռ աշխարհակարգի վերաբերյալ Մ. Ահմադինեջադի կողմից հնչեցվող հռետորական հարցադրումները դեռ մեծամասամբ չեն էլ գտել իրենց պատասխանները. օրինակ, ԱՄՆ նախագահ Ջ. Բուշին ուղղված նամակը` հստակ հարցադրումներով լի, ստացավ շատ «ընդհանրական» եւ ոչ համարժեք պատասխան:

Այսպիսով, Հս. Կորեան հոկտեմբերի 9-ին կատարեց ատոմային զենքի իր առաջին փորձարկումը: Թե ինչ աշխարհաքաղաքական հետեւանքներ կարող է ունենալ այս իրադարձությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի եւ, ինչու ոչ, նաեւ ամբողջ աշխարհի համար, ակնհայտ է: Չնայած այն բանին, որ տնտեսական զարգացվածության ցուցանիշերը ներկա գլոբալացման պայմաններում ունեն ավելի մեծ նշանակություն, բայց «սպառազինությունների մրցավազքը» պետությունների միջեւ դեռ ոչ ոք չի արգելել: Փաստորեն, օրինակ, իր հզորությամբ աշխարհում թիվ 2-ը հանդիսացող ճապոնական տնտեսությունը չի կարող դիմադրել իրեն մի քանի անգամ զիջող Հս. Կորեային` ատոմային «բռունցքով»:

Հյուսիսկորեական դեմարշից հետո, հոկտեմբերի 14-ին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ընդունեց #1718 բանաձեւը, որով սահմանվեց սանկցիաների փաթեթ Հս. Կորեայի դեմ, սակայն առանց տնտեսական եւ, անհրաժեշտության դեպքում, նաեւ ռազմական ուժի կիրառման հնարավորության, ինչը նախատեսում է ՄԱԿ-ի Կանոնադրության 39 հոդվածը (Գլուխ 7): Հիշեցնենք, որ նման մեղմ բանաձեւը Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշման արդյունք էր:

Հս. Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկումից հետո միջազգային հանրությունը սկսեց ավելի մեղմ վերաբերվել Իրանի նկրտումներին, իսկ մյուս կողմից` Իրանը ստացավ նշանակալից խաղաքարտ «Վեցնյակի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ + Գերմանիա) հետ բանակցություններում: Ինչպես նշում են ռուսաստանյան «Մերձավոր Արեւելքի ինստիտուտ» կենտրոնի վերլուծաբանները, հյուսիսկորեական ետքայլից հետո իրանական կառավարող շրջանակները ստացան եւս մեկ լուրջ առիթ` քննադատելու ԱՄՆ «անարդյունավետ քաղաքականությունը միջազգային ասպարեզում»: Մյուս կողմից, հյուսիսկորեական «հաջողությունն» Իրանում օբյեկտիվորեն կարող են ընկալել որպես մրցակցի հաջողություն, իսկ այդ դեպքում աշխատանքների արագացումը կնվազեցնի դիվանագիտության համար անհրաժեշտ ժամանակը` ի վնաս միջազգային հանրության: Մյուս կողմից, կարծիք կա, որ միայն Իրանի անդամակցումը «միջուկային ակումբին» հնարավոր կդարձնի Մերձավոր Արեւելքում երկար սպասված խաղաղության հաստատմանը, կզսպի Իսրայելի ռազմական նկրտումները, եւ վերջ կդնի տարածաշրջանում դեռ 1956թ. ծայր առած «սպառազինությունների մրցավազքին»: Այժմ, երբ որոշ քաղաքագետներ խոսում են Մերձավոր Արեւելքի մահմեդական երկրների եւ Իսրայելի «աշխարհաքաղաքական անհամատեղելիության» մասին, կարծում ենք, միջուկային զենքի ձեռքբերումն Իրանի կողմից կարող է կայունացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում:

Օրերս Պեկինում մեկնարկած վեցակողմ բանակցությունները (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ճապոնիա, Հս. Կորեա, Հվ. Կորեա) դեռեւս ոչ մի արդյունքի չեն բերել: Եվ ընդհանրապես, 2003թ. օգոստոսից ընթացող բանակցությունների «արդյունքում» նախ` 2005թ. ԱՄՆ-ը, կիրառելով միակողմանի սանկցիաներ, սառեցրեց հյուսիսկորեական 24մլն դոլարի հասնող հաշիվները չինական BDA (Banko Delta Asia) բանկում, ապա` ընթացիկ տարվա ամռանը Հս. Կորեան իրականացրեց բալիստիկ հրթիռների, իսկ հոկտեմբերին` միջուկային զենքի հաջող փորձարկում: Այսպիսով, մեծ հաշվով, կարելի է փաստել, որ բանակցությունները դեռ ոչ մի դրական արդյունքի չեն բերել: Ընթացիկ բանակցություններին, թերեւս, ամենաանկեղծը գտնվեց ԱՄՆ պատվիրակ Ք. Հելլը, հայտարարելով, որ «համբերությունն այլեւս չի հերիքում, որպեսզի կատարենք միջազգային պահանջը` այդ համբերությունը պահելու համար»:

Ն. Քրիստոֆն ամերիկյան «The New York Times» պարբերականում գրում է. «Արտաքին աշխարհի հետ կապը լավագույն միջոցն է քանդելու հյուսիսկորեական ամենատիրական վարչակարգի հիմքերը, սակայն այս հնարավորությունը մենք բաց ենք թողնում. չէ՞ որ մենք երկար տարիներ օգնում ենք Կիմ Չին Իրին` պահել իր ազգը մեկուսացման մեջ…»:

Ռուսաստան-Չինաստան-Հս. Կորեա եւ ԱՄՆ-Ճապոնիա-Հվ. Կորեա առանցքների միջեւ առկա հակասությունները չպետք է դառնան սպառազինությունների նոր մրցավազքի սանձազերծման պատճառ: Դժվար չէ պատկերացնել իրադարձությունների հետագա ընթացքը, եթե, այնուամենայնիվ, Հս.Կորեայի միջուկային կարգավիճակը դառնա անշրջելի իրականություն: ԱՄՆ նախագահ Դ. Էյզենհաուերը 1954թ. ապրիլին ունեցած իր ելույթում, խոսելով «դոմինոյի թեորիայի» մասին, չնայած նկատի ուներ չեզոք մնացած երկրների «սոցիալիստականացմանը» դիմագրավելու խնդիրը, սակայն այսօր, օգտագործելով նույն սկզբունքը, կարելի է խոսել աշխարհում միջուկային զենքի տարածման մասին: Ասել կուզի` եթե մի երկիր, որ չի ստորագրել «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագիրը կամ չի հետեւում նրա նորմերին, ստանալով միջուկային զենք, կարող է հանդիսանալ լուրջ վտանգ միջուկային ռազմական տեխնոլոգիաների տարածման համար: Սակայն աշխարհում կան նաեւ քաղաքական եւ ռազմական գործիչներ, ովքեր առաջարկում են մի տեսություն, համաձայն որի` միջուկային զենքի եւ մասսայական ոչնչացման այլ զինատեսակների տարածումն ունակ է դառնալու զսպող ուժ պետությունների միջեւ ավելի «համբերատար» փոխհարաբերությունների համար: Այս տեսության ամերիկացի հայտնի կողմնակից Ք. Ուոլտցը գրում է. «…միջուկային անցյալի մասին մտորումները հիմք են տալիս հուսադրվելու, որ աշխարհը կգոյատեւի, եթե միջուկային տերությունների քանակն ավելանա»:

Այսպիսով, թե ի՞նչ փոխզիջումների կհասնեն աշխարհի գերտերությունները բանակցությունների շրջանակներում` ցույց կտան մոտ ժամանակները, սակայն չպետք է մոռանալ այն հայտնի ճշմարտությունը, որ «պատերազմը նույնպես քաղաքականության շարունակությունն է», բայց` «այլ մեթոդներով»: Հավելենք միայն, որ միամտություն կլիներ կարծելը, թե սույն խնդիրները մեզ շրջանցում են. բավական է հիշել Իրանի հետ ընդհանուր սահմանի, բարիդրացիական հարաբերությունների, գազամուղի եւ առեւտրատնտեսական կապերի մասին: