«Քաղաքում մի որ նկարիչ ծնվեց, ու քաղաքը սկսեց հետզհետե իմաստավորել այդ փաստը, քանի որ ամեն մի նոր բնակիչ ինչ-որ մի նոր բան էր տալիս քաղաքին»
Վերջերս լույս է տեսել տոտալիտարիզմի դարաշրջանի հայկական ավանգարդ գեղանկարչությանն ու քանդակին նվիրված մի շքեղ գունազարդ գիրք-ալբոմ, որը կազմված է ոչ միայն հայ արվեստագետների աշխատանքների հավաքածուից, այլեւ՝ իր մեջ պարունակում է յուրաքանչյուր նկարչին նվիրված էսսեներ ու հայկական պատկերավոր արվեստի ամենահագեցած՝ 60-ական թվականների կյանքի ու մթնոլորտի վերլուծությունը։ Այս էսսեների հավաքածուն ամբողջովին հեղինակային հայացքի ու հեղինակային վերլուծության վրա է հիմնված։ Գրքի լույս աշխարհ գալուն մի քանի տարի է պահանջվել, քանի որ փիլիսոփա եւ մշակութաբան Ռուբեն Անգալադյանը փորձել է սիստեմավորել ու ներկայացնել յուրաքանչյուր անհատ ստեղծագործողի դերն ու տեղն արվեստի շղթայում։
Այս գիրքը Նկարչի ու Քաղաքի միջեւ ստեղծվող փոխազդեցության ու կապի շատ պոետիկ ու հիմնավոր ապացույցն է։ Քաղաքն է, որ սնում է մեզ ու հայացք է հուշում, այն քաղաքը, որը մենք բոլորս սովոր ենք մեր Տունը համարել։
«Երեւանը որպես գեղարվեստական մթնոլորտ, որպես Հայաստանի մայրաքաղաք իր կերպարն է ստացել հենց 60-ական թվականներին, եւ արվեստում սկսել է ինքնուրույն մտածել ու արարել հենց այդ ժամանակ։ Այդ թվականներին ձեւավորվում է ազատության բարյացակամ մթնոլորտն ու իրական մրցակցությունը։ Երեւանը միաժամանակ եւ սովորեցնում էր, եւ սովորում էր, իսկ յուրաքանչյուր նկարչի հայացքը հարստացնում էր նրան»,- գրում է Ռ. Անգալադյանը։ Այդ թվականներին Երեւանում սկսում է ձեւավորվել այն փխրուն ու ազատաշունչ մշակութային մթնոլորտը, որի շնորհիվ հայտնվում են փայլուն ու բազմաոճ նկարիչները։ Ըստ Ռ. Անգալադյանի՝ հայ արվեստի ֆենոմենն ի հայտ է գալիս այդ տասնամյակում, իսկ այդ ֆենոմենը միաժամանակ եւ սինթեզ է, եւ թարմություն։ Գրքի բոլոր գործող անձինք՝ թվով 15 նկարիչները, ապրել են Երեւանում եւ 60-ականներին եղել են երիտասարդ ու ռոմանտիկ։ Նկարիչներին ներկայացնելիս Ռ. Անգալադյանը բացառել է սեփական համակրանքներն ու հակակրանքները։ Կարեւորն այս գրքում ոչ թե հանդիսատեսի սրտում թողած էմոցիոնալ ազդեցությունն է, այլ այն ազդեցությունը, որը նկարիչն ի զորու էր թողնել մթնոլորտի եւ այլ ստեղծագործողների վրա։ Նաեւ՝ հետագա սերնդի ստեղծագործողների վրա։ «Արվեստն ինքնին մի մեծ սիստեմ է։ Մարդն իր ներսում միշտ կրում է այդ սիստեմն ու այդ ներդաշնակությունը։ Իսկ մեծ ստեղծագործողները կարողանում են այդ ներսի ներդաշնակությունը դուրս հանել։ Հանճարը ոչ թե մեկ կամ մի քանի բանաստեղծություններ ու կտավներ է ստեղծում, այլ՝ մտածողություն է ստեղծում։ Պոռթկումները հաճախ միայն պոռթկումներ էլ մնում են՝ անցնելով-գնալով ու հետք չթողնելով այլ ստեղծագործողների սրտերում»։
Յուրաքանչյուր նկարիչ գրքի էջերից ոչ միայն իր 10 աշխատանքների միջոցով է բացահայտվում, այլեւ՝ շատ խարակտերային ու անսպասելի սեւ-սպիտակ լուսանկարներով, որոնց միջոցով կերպար է ստեղծվում։
Ահա ներկայանում է երազկոտ ու նուրբ Վրույր Գալստյանը, ով շատ է սիրել դիմակներ պատկերել, հետո հայտնվում է Օնիկ Մինասյանը՝ իր ժանյակաձեւ խճանկարներով ու նուրբ որմնանկարներով։ Բացահայտվում են Աշոտ Հովհաննիսյանը (Դեղձ Աշոտ), Ռուբեն Ադալյանը, վառ ու ողբերգական Մինաս Ավետիսյանը, ում սիրեց ու ընդունեց ժողովուրդը։ Գրքում իրենց տեղն են զբաղեցրել ԱՄՆ-ում ապրող քանդակագործ Երվանդ Խոջաբաշյանը, ով առանձնանում է ոճի անթերի զգացումով, մեծ հայրենասեր ու հայկական սիմոլները որսալ ցանկացող Սեյրան Խաթլամաջյանը, Կանադայում ապրող քանդակագործ Մարտին Պետրոսյանը, ոճային իմաստով շատ զուսպ եւ խաղաղ քանդակագործ Յուրի Պետրոսյանը, պոետիկ ու ասպետական Արա Շիրազը, նրբագեղ, գունեղ, շատ ամբողջական Ռոբերտ Էլիբեկյանը, աշխարհի հետ մենամարտող Հենրիկ Էլիբեկյանը, անհանգիստ, որոնող ու արագ բռնկվող Էդուարդ Խարազյանը, քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, ով կարողանում է ուղղակի կապ հաստատել ժամանակի հետ։
Գրքում տեղ է գտել նաեւ Սերգեյ Փարաջանովը, ում արվեստը թեեւ Երեւանում չի ստեղծվել, բայց շատ մեծ ազդեցություն է ունեցել քաղաքի ու քաղաքի ստեղծագործողների վրա։
Բոլոր նկարիչներն իրենց տեսանկյունը, իրենց ոճն ու իրենց հնչերանգն ունեն։ Եվ բոլորը ստեղծել են արվեստի այնպիսի ներդաշնակ պատկեր, որը պետք է պահպանվի ու փոխանցվի նոր սերնդի ստեղծագործողներին, քանի որ ոչ մի ստեղծագործող իր ժամանակի ենթատեքստից դուրս լինել չի կարող։
Գիրքն ավարտվում է Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանին նվիրված էսսեով։ «Նա թանգարան է ստեղծել։ Առաջին անգամ մեր պատմության մեջ ժամանակակիցներն իրենց ժամանակակիցների գործերը կախում են պատերից ու ասում են՝ սրանք թանգարանային նմուշներ են։ Այդ մտածողությունը հենց 60-ական թվականների պրոդուկտ է։ Իսկ Ժամանակակից արվեստի թանգարանը ոչ թե պարտքի, այլ՝ սիրո զավակ էր»,- ասում է Ռ. Անգալադյանը։
Բոլոր նկարիչները տարբեր ձեւի մեջ են աշխատել եւ փառքի տարբեր աստիճանի են հասել։
Միշտ էլ նկարիչների տարբեր խմբավորումներ են գոյություն ունեցել, սակայն այս գրքում հեղինակը զերծ է մնացել գնահատականներ տալուց: Այս գիրքը միայն բացահայտում-ներկայացում է, որն արվել է շատ պոետիկ ու պրոֆեսիոնալ։ «Ես ոչ մի նկարչի ոչ դեմ եմ, ոչ էլ նրա կողքին եմ, ես առանձին ապրող անհատ եմ, ում հետաքրքրում է արվեստի երեւույթը։ Ես ինքս` անձնական ոչ միանշանակ վերաբերմունք ունեմ իմ գրքի գործող անձերի նկատմամբ, բայց լավ գիտեմ, որ ոչ ոք իրավունք չունի անցած ճանապարհն ու անցած տարիները ջնջել։ Եթե ուզում ես ժամանակը ցույց տալ, պետք է այն ամբողջական ցույց տաս»,- ասում է Ռ. Անգալադյանը։ Ժամանակը, քաղաքն ու արվեստը հյուսելով, մենք պատկերացում ենք կազմում մի ողջ սերնդի ընդհանրացած դիմանկարի մասին։ Այն դիմանկարի, որը հպարտության առիթ է տալիս եւ միաժամանակ թույլ է տալիս ազատվել, Ռ. Անգալադյանի խոսքերով ասած՝ «ազգային կարճատեսությունից»։
«Ստեղծագործողի համար չարն ու բարին միշտ հավասարազոր են եւ նույնքան էլ արժեքավոր են։ Մշակույթն իր զարգացման մեջ չի կարող ագրեսիվ լինել, ինչպիսին գեղարվեստական բովանդակության մեջ կարող է լինել հայրենասիրությունը»,- գրում է Ռ. Անգալադյանը։ Մեզ մեր մշակույթի հանդեպ օբյեկտիվ հայացք ստեղծել է հարկավոր, այնպիսի մի հայացք, որը կօգնի հասկանալ եւ փոխանցել մեր ինտելեկտուալ փորձն ու հարստությունը։
«Հայկական ավանգարդը տոտալիտարիզմի շրջանում» գիրքը լույս է տեսել ռուսերեն ու անգլերեն տարբերակներով, հայկական տարբերակն առայժմ պահանջարկ չունի։ «Շուկայում այս գիրքը գնորդ չի ունենա»,- զգացել է հեղինակը, ում ստեղծած էսսեների հավաքածուն ուղարկվում է Սանկտ Պետերբուրգ, Անգլիա եւ Շոտլանդիա։
Երեւանը մեր 12-րդ մայրաքաղաքն է եւ մեր 12-րդ փորձը՝ աշխարհին ու ինքներս մեզ ապացուցելու, որ մենք կարող ենք ստեղծել ու գնահատել մեր ստեղծածը՝ ուղղորդվելով ոչ միայն հույզերով, այլեւ գիտակցելով մեր ստեղծածի իրական արժեքը։ Նման սիստեմավորված ներկայացման կարիքն ունեն նաեւ մեր գրողները, մեր բեմադրիչներն ու մեր ճարտարապետները։