Մերսման մասին

23/12/2006 Վիկի ՕԴԵ

Դեմքի մերսումը բարելավում է մաշկի արտաքին տեսքը եւ հանգստություն ու աշխուժություն է պարգեւում: Մերսման տեսակը պետք է համապատասխան լինի մարդու ֆիզիկական եւ հոգեկան պահանջներին, որոնք բնութագրվում են «մաշկի անալիզի» ժամանակ:

Դեմքի մերսման օգուտները

– Մերսման ժամանակ թուլանում եւ թափվում են դեմքի եղջերավոր շերտի մեռած բջիջները, որի հետեւանքով բարելավվում է մաշկի տեսքը:

– Լավանում է արյան շրջանառությունը, որով մկաններին լավագույնս հասնում է արյունը, այդպիսով` նաեւ թթվածինը: Մերսման շնորհիվ բջջային աճն է լավանում, մկաններն են ամրանում եւ, արդյունքում` ամրանում է դեմքի ընդհանուր կառուցվածքը:

– Արյան շրջանառության բարելավումը հյուսվածքները տաքացնում է, որի շնորհիվ մարդը հանգստություն է զգում, հատկապես, երբ դա թուլացնում է կծկված մկանները:

– Արյան շրջանառությունը նաեւ լայնացնում է արյունատար մազանոթները, որով բարելավում է մաշկի գույնը:

– Լիմֆատիկ եւ անոթների արյան հոսքի ավելանալով՝ արագանում է թույների եւ անպիտան նյութերի արտանետումը: Հետեւաբար անցնում է մաշկի այտուցվածությունը (առանց դեղամիջոցով բուժման անհրաժեշտության):

– Մաշկի ջերմության բարձրացումով լայնանում են ծակոտիներն ու մազի ֆոլիկուլները: Այսպիսով, ավելի լավ են ներծծվում մերսման համար օգտագործվող նյութերը:

– Հանգստանում են ջղերը:

– Գրգռվում են ճարպագեղձերն ու քրտնագեղձերը, որով ավելանում է ճարպի եւ քրտինքի արտադրությունը: Այս նյութերն ապահովում են մաշկի յուղային եւ ջրային հավասարակշռությունը:

Եթե մերսման հետ մաշկի մաքրում չի արվում, ապա դա կարելի է կատարել անգամ օր ընդ մեջ. մարմնամարզության նման է, որքան հաճախակի լինի, այնքան օգտակար կլինի: Սակայն, եթե դրա հետ միաժամանակ արվում է նաեւ մաշկի մաքրում, ապա միայն սկզբնական շրջանում կարելի է կատարել շաբաթը 1 անգամ, իսկ 1 ամիս անցնելուց հետո դա պետք է կրկնել ամիսը 1 անգամ հաճախականությամբ: Ընդհանուր առմամբ, մերսման 4 հիմնական շարժումներ կան, որոնք ունեն իրենց ենթաբաժանումները, եւ դրանցից ընտրություն կատարելն ու մերսում իրականացնելը պետք է լինի անհատական, ըստ մարդու ունեցած մաշկային վիճակի, տարիքի եւ կարիքի:

Դիմակները

Դիմակներից օգտվում ենք դեմքի մաշկն ավելի լավ մաքրելու նպատակով: Սակայն մեր օրերում դիմակները կարող են ունենալ նաեւ այլ ազդեցություններ: Կան դիմակներ, որոնք տոնուսավորում են մաշկը, սնուցում, կամ կենսունակություն են հաղորդում նրան: Սակայն տան պայմաններում պատրաստված դիմակներից մեծ սպասելիքներ չպետք է ունենալ: Դրանք, ամեն դեպքում, վնասակար չեն եւ կարող են տվյալ պահին ունենալ կարճատեւ ազդեցություն:

– Մրգերը եւ թարմ կանաչեղենն ունեն ձգող եւ ստիմուլացնող հատկություն: Ընդհանրապես միրգը քերում են եւ շղարշի (թանզիֆի) մեջ փաթաթած՝ դնում են մաշկի վրա: Մեղրով դիմակները տոնուսավորում, ձգում, հականեխում են մաշկը:

– Ձվի սպիտակուցով դիմակները ձգող են եւ մաքրում են մաշկը, մանգոն սնուցում է, իսկ բանանը փափկեցնում է մաշկը: Բանանը հարմար է զգայուն մաշկերի համար:

– Եթե օգտվում եք չորացող դիմակներից եւ ունեք զգայուն մաշկ, ապա մի թողեք, որ դիմակը լրիվ չորանա մաշկի վրա, ավելի շուտ մաքրեք այն, որպեսզի մաշկը չգրգռվի:

– Կիտրոնը եւ թուրինջը բարձր թթվայնություն ունեն, հետեւաբար նախընտրելի է դիմակների մեջ շատ չօգտվել դրանցից՝ մաշկը վառելուց խուսափելու համար:

Վարունգի դիմակ

1-2 վարունգ քերեք եւ, օգտվելով շղարշից, 15 րոպե այն դրեք ձեր դեմքին: Այնուհետեւ դիմակը լվացեք սովորական ջրով կամ վարդաջրով: Վարունգի դիմակը թարմացնում եւ փափկեցնում է մաշկը:

Արքայախնձորի (անանաս) դիմակ

Արքայախնձորը հետաքրքիր ազդեցություն է ունենում հասունացման շրջանի պզուկների (ակնե) վրա: Այն պատրաստելու համար հասած մի արքայախնձոր կեղեւեք եւ լցրեք խառնող սարքի մեջ: Ստացված թանձր խառնուրդին ավելացրեք նույն կշռով մրգային սպիրտ եւ 1 բաժակ արեւածաղկի ձեթ: Այժմ կարող եք ամեն օր 20 րոպեով դեմքի վրա դնել այս դիմակը, ապա լվացվել սառը ջրով:

Նարնջի դիմակ

Մաքրեք նարինջը՝ հեռացնելով նաեւ բարակ կեղեւներն ու կորիզները: Սառը ջրով լվացեք ձեր դեմքը եւ օգտվեք պատրաստված նարնջից, որպես դիմակ, որն օգնում է պայքարել պզուկների դեմ: Խուսափեք այսպիսի դիմակներից, եթե ձեր մաշկը չոր եւ զգայուն է: