Ինտերնետի մոնոպոլիա այլեւս չկա

22/12/2006

ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում երեկ տեղի ունեցավ բացառիկ իրադարձություն` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանափակեց «ԱրմենՏել» ՓԲԸ ինտերնետ ծառայությունների մենաշնորհը: Հանձնաժողովի երեկվա նիստում որոշում կայացվեց «ԱրմենՏելի» թիվ 60 լիցենզիայում փոփոխություններ կատարելու մասին, որի արդյունքում ընկերությունը զրկվեց ինտերնետի միջազգային ելքի բացառիկ իրավունքից: Մասնավորապես, ընկերությունը կզրկվի տվյալների փոխանցման եւ ձայնային փոխանցման միջազգային ծառայությունների մենաշնորհից: Հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի խոսքերով, տվյալ որոշումը թելադրված է «ՎիմպելԿոմի»՝ «ԱրմենՏելի» մենաշնորհի բոլոր տեսակներից հրաժարվելու մասին հայտարարությամբ: Նա նշել է, որ այսուհետ Հայաստանի պրովայդերներն իրավունք ունեն ինքնուրույն ապահովել ինտերնետի միջազգային ելքը: Իսկ «ՎիվաՍելլ» ընկերությունը հնարավորություն կստանա իր բաժանորդների համար իրականացնել ձայնի փոխանցման միջազգային ծառայություններ: Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ կմտնի դրա ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում: Մինչեւ 2007թ. նոյեմբերն ակնկալվում է «ԱրմենՏելին» զրկել նաեւ մյուս մենաշնորհներից, մասնավորապես՝ IP-հեռախոսակապի մենաշնորհից: