ԿԲ խորհրդի դեկտեմբերի 5-ի թիվ 705 Ա որոշման համաձայն, դեկտեմբերի 14-ին ուժը կորցրած է ճանաչվել «Գրանդ» ապահովագրական ընկերության կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0002 լիցենզիան: Ինչպես մեզ պատասխանեցին ԿԲ լրատվական ծառայությունից` վերոնշյալ լիցենզիան անվավեր է ճանաչվել ընկերության դիմումի համաձայն: «Նշված լիցենզիան անվավեր ճանաչելիս «Գրանդ» ՍՊԸ-ն կյանքի ապահովագրության գործող պայմանագրեր եւ կյանքի ապահովագրության իրականացման գծով պայմանագրեր չուներ»,- նշեցին ԿԲ լրատվական ծառայությունից: 1999թ. «Գրանդ» ՍՊԸ-ին տրամադրվել է նաեւ ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0027 լիցենզիան, որով էլ ընկերությունը ներկայումս ապահովագրական գործունեություն է իրականացնում: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին «Արմավիայի» Ա-320 ինքնաթիռի վթարից հետո «Գրանդ» ապահովագրական ընկերությունը զոհվածների ընտանիքներին փոխհատուցեց 20.000-ական դոլար: