Ընթերցելով «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության փակ համաժողովում հնչած Ժիրայր Սէֆիլյանի եւ Համախմբման անդամ Վարդան Մալխասյանի ելույթները, որոնք էլ պատճառ են դարձել նրանց երկուսին ձերբակալելու եւ նրանց դեմ քրեական գործ հարուցելու համար, անմիջապես հիշում ես 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն ու Նաիրի Հունանյանի՝ «սրանց արյունը պետք է ….» եւ այլ արտահայտությունները: Այդ ելույթները երեկ մեր խմբագրություն է ուղարկել «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը: «168 Ժամը»՝ չկիսելով նրանց ելույթներում հնչած ծայրահեղական հայացքներն, այնուամենայնիվ, նպատակահարմար գտավ այն տպագրել, որպեսզի հասարակ քաղաքացին, ով մինչ այս պահը մտածում էր, թե Ժ Սէֆիլյանն ու Վ. Մալխասյանը ձերբակալվել են Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքի պատճառով, այն է՝ ամեն մարդ ունի սեփական կարծիքն արտահայտելու իրավունք, չսխալվի, քանի որ դժվար է ասել, թե «կազմակերպվելու» եւ զենքով, ապստամբությամբ հարցեր լուծելու նրանց կոչերն ինչով կավարտվեին: Ելույթները ծավալուն են, ուստի տպագրում ենք կրճատումներով:
Վարդան Մալխասյանն, իր ելույթը տպավորիչ դարձնելու համար, սկսել է բանաստեղծական այս տողերով. «Այս դառն օրերի մթնում մահաբեր Արնոտ խնջույքի այդ սեւ զնդանում Դավաճան է նա, ով լռում է դեռ Մատնիչ է նա, ով իր սուրը չի հանում»:
Իսկ հետո անմիջապես անցել է ելույթին. «Եվ, իրոք, հայ մարդը տեսնելով այս իրականությունը, տեսնելով երկրի վիճակը, պետք է գա մի հետեւության, որ երկրում իշխանությունը հանձնված է թշնամիներին: Բոլոր կարգի հետեւությունները բերում են այն հետեւության, որ նրանք քողարկված փակ թշնամիներ են, նրանք, ովքեր խեղճացրել են հայ ժողովրդին, ովքեր ցիրուցան են արել հայ ժողովրդին, ովքեր հայ-թուրքական բանակցություններ են տանում, որ արդեն սահման բացվի, ովքեր, ուրեմն, կյանքի եւ արյան, հազարավոր ազատամարտիկների կյանքի եւ արյան գնով ազատագրված հողերի առեւտուր են անում թշնամիների հետ, դրանք ներքին թշնամիներ են: Նույնիսկ որոշակի մարդիկ սրանց համեմատում են «Կրիմինալի» հետ: Սրանք կրիմինալ լինեին` հեշտ էր. սրանք հանցագործ աշխարհի թափթփուկներն են եւ ներքին թշնամիները, սրանցից ժամ առաջ ազատագրվելը հայ ժողովրդի փրկության խնդիրն է: Երբ որ նպատակը ազնիվ է, նպատակը մաքուր է, նպատակը հայրենասիրական է, ուրեմն միջոցների առաջ խտրականություն չպիտի դնել, օր առաջ զենքով, զինված պայքարով, ապստամբությամբ, ամեն ինչով, ամեն մի միջոցներ պիտի գործի դնենք, որ ազատվենք այս քողարկված թուրքերից, որ միայն ազգանունն է հայ: Եվ, ա՛յո, ճիշտ ասվեց, երբ ես, նորից, կրկին միտքը շարունակում եմ, թշնամիներից մի՛ վախեցեք, ծանրագույն դեպքում նրանք ձեզ կսպանեն, բարեկամներից մի՛ վախեցեք, ծանրագույն դեպքում նրանք ձեզ կդավաճանեն, վախեցե՛ք անտարբեր մարդկանցից, նրանք ոչ սպանում են եւ ոչ էլ դավաճանում, բայց այդ անտարբերությամբ է, որ գոյություն ունի եւ՛ սպանությունը, եւ՛ դավաճանությունը: Այդ հայրենավաճառությունը, որն իրականացնում են Սերժն ու Քոչարյանը, ուրեմն մենք այնքան խոսել ենք, Քրիստաֆորի խոսքերով ասած` «այնքան խոսեցինք, գործելը մոռացանք», հիմի պիտի դադարեցնենք խոսելը, պիտի կոնկրետ, հստակ, մենք գործ ունենք բանդիտական խմբերի հետ, հանցագործ, բանդիտական սափրագլուխ, ուրեմն՝ հանցագործ աշխարհի թափթփուկների հետ: Սրանց հետ պիտի իրենց ձեւով պայքարել` արյուն, կրակ թշնամու վրա, բոլոր ձեւերով, բոլոր միջոցներով: Բավական է, որ արդեն 6-8 ձեւով կխոսենք, կմեկնաբանենք, ուրեմն՝ փորձագետներին լսենք: Կարճ, ուղիղ` երկիրը զավթված է թշնամու կողմից, թշնամին ոչ թե ճակատում, այլ ներսում է, պիտի ազատագրենք: Բոլոր ձեւերով»:
Ժիրայր Սէֆիլյանի ելույթից
«Այս տարիների ընթացքին շատերն են մեզ մոտենում եւ հարցնում. «Տղերք, էս, իրո՞ք, որ ուզում են տարածքները վերադարձնեն»: Ես ուզում եմ էդ հարցին հիմա պատասխանել, եւ դրանից հետո եկեք չխոսենք դրա մասին: Ես, առիթ եղել է, մամուլով հայտարարել ենք, հիմա նույնպես կրկնում եմ. ով որ համարձակվի հող զիջելու, դրա գլուխը ջարդելու ենք, տրաքացնելու ենք, եւ սա, դուք հավատացեք, որ մեր երկրում կան շատ մարդիկ, որոնք դա կատարելու են: Անցանք առաջ: Էլ չենք խոսում ազատագրված տարածքների մասին:
… մենք պետք է շեշտը դնենք մեր կազմակերպվելու վրա: Այստեղ պարբերաբար ելույթների ընթացքում մտքեր հայտնեցին, որ «ի՞նչ անել, հերիք է: Եկեք միջոցների մեջ խտրականություն չդնենք»: Ես համաձայն եմ, իրոք, չդնենք, բայց եկեք նախ կազմակերպվենք: Այս 14 տարին, որ մեր երկիրը այս վիճակին է, պատճառը մեկն է, որ չկա մի կազմակերպված ուժ, որն, ըստ էության, առաջնորդվում է ազգային գաղափարներով, ազգային արժեքներով, այդպիսի կազմակերպված ուժ գոյություն չունի: … Բոլորս պետք է հասնենք նրան, որ կանգնենք շարքի: Եթե այդ հոգեվիճակին մենք չհասանք, ոչ մի գործ առաջ չի գնալու: … Մեր համախմբման կարեւոր հանգամանքներից մեկը նաեւ այն է, որ մենք ուզում ենք գտնել մարդկանց, որոնք չեն վաճառվում: Կա՞ն այդպիսի մարդիկ մեր երկրում: Հարց եմ տալիս ձեզ` կա՞ն: («Այո, այո»՝ պատասխանում են դահլիճից): Միլիոնների դիմաց չվաճառվող մարդ կա՞: («Այո, փառք աստծո, կան»` պատասխանում են դահլիճից): Եկեք գտնենք այդ մարդկանց: … Մեր խնդիրն է այդ մարդկանց փնտրել ու ի հայտ բերել, եւ, անշուշտ, անմիջապես կազմակերպելը: Նորից եմ շեշտում, մինչեւ չկազմակերպվենք, ոչ մի գործ առաջ չի գնալու: «Քոչարյան, Սերժ, հեռացիր» կրկնելով` իրենք չեն հեռանա, այս մարդիկ խաղաղ ցույցերով չեն հեռանա, ես ձեզ հավաստիացնում եմ, դրսի ճնշումով չեն հեռանալու: Եթե մենք կազմակերպվեցինք եւ կարողացանք որակական լուրջ ուժ ստեղծել, իրենք հեռանալու են: … Անշուշտ, մենք չպատերազմեցինք այսօրվա վիճակը տեսնելու համար, չպատերազմեցինք այսօրվա այս անբարո, այս այլանդակ, այլասերված վիճակի համար, մեր ժողովրդին ստրկացնելու, խեղճացնելու վիճակի համար: Սա մեր համար ցավ է, բայց ի՞նչ ասեմ: Գուցե պիտի այսքան վատանար, որ մենք խելքի գայինք: Գուցե: Իմ ընկերներից շատերը շեշտեցին, որ «եկեք չմեղադրենք իշխանավորներին». ես լիովին կիսում եմ իրենց կարծիքը: Ռոբիկներ, Սերժիկներ մեղավոր չեն, պարզապես իրենք մեր ազգի տականքի ներկայացուցիչներն են եւ իրենք իրենց «տականքությունն» են անում: Մենք պետք է մեղադրենք մեզ, ո՞ւր ենք մենք, ինչո՞ւ չենք կազմակերպվում, բոլորս, ամեն մեկս մի առանձին գեներալ ենք: … Եկեք գիտակցենք, որ այսօր նաեւ զինվորություն անելու խնդիր ունենք: Գեներալ ես, բայց արի ասա, որ ախպեր ջան, եկել եմ այս պահին զինվորություն անեմ: … Եկեք վստահենք մի խումբ մարդկանց: Եթե այսօր ինձ վստահել եք եւ եկել եք այստեղ, եկեք շարունակենք վստահությունը եւ միասին գործ անենք: Մի խոսքով, ընկերը մոռացավ հուշելու, որ ես կուզեի առիթ տալ, եթե հարցեր կան, ես կպատասխանեմ: … Հեռանկարային խնդիրն այս համախմբման վերջ ի վերջո ազգային գաղափարական շարժում սկսելն է, եւ այդ քաղաքական միավորով հայտ ներկայացնել եւ կամաց-կամաց սկսել մեր բոլոր խնդիրները լուծել: Բայց սա կարող է լինել մի քանի տարի, մինչեւ սա մենք կայացնենք: Մինչեւ սա չկայանա, որակական փոփոխություններ մենք չսպասենք, իսկ ունենք կարեւորագույն մեկ խնդիր, որն է այս իշխանություններից ձերբազատվելը, այսինքն` մենք այնքան պետք է կազմակերպվենք այս մի քանի ամիսը, որ կարողանանք չթողնել այս մարդկանց վերարտադրվելը, որովհետեւ եթե վերարտադրվեն, մեր հեռանկարային գործը մենք իրականացնելու համար լուրջ դժվարություն ենք ունենալու: Այս հրեշները վերարտադրվելուց հետո շատ ավելի վտանգավոր են լինելու: Այս մի քանի ամիսը մեզ շատ կարեւոր է, որ մենք կազմակերպվենք: Մեր կազմակերպելով, ինչու չէ, նաեւ ընդդիմությանը որոշ չափով կազմակերպենք: Այնպես լինի, որ այս անգամվա ընդդիմության տակտիկան պայքարի, ինչ-որ չափով արդյունքի հասնի: Ինչու չէ, պատկերացնենք, որ մենք ինչքան կազմակերպվենք, այնքան մենք ընդդիմությանը խոսք կարող ենք հասկացնել, սկիզբը խոսքով, եթե պետք լինի` նաեւ վախեցնելով, պարտադրելով, ինչու չէ, դա մեզանից է կախված, ես մենակ բան չեմ կարա անեմ, հիսուն հոգով բան չենք կարա անենք, մենք պետք է շատ լինենք, որ մեր խոսքը կարողանանք պարտադրել նաեւ ընդդիմությանը: Մենք այսօր ավելի շատ ասելիք ու բացատրելու խնդիր ունենք ընդդիմությանը, այլ ոչ թե իշխանությանը: … Այսօր Երեւանում մեր երիտասարդներից շատերը ձուլվում են, իրենք անունով հայեր են մեծանում, բայց էությամբ հայեր չեն: Սա, ես կարծում եմ, արդեն դանակը ոսկորին հասել է:
Նորից ուզում եմ անդրադառնալ շարժման մեր ընկերների կոչերին. «միջոց չխնայենք, ընտրություն չդնենք միջոցների մեջ», համամիտ եմ, բայց նախ եկեք կազմակերպվենք: Խոսելով, որ զենքով պիտի լուծենք հարցը, դա ես անիմաստ եմ համարում: Եկեք այսօր չխոսենք, թե ինչ ձեւով մենք պիտի կարողանանք մեր երկիրը, այս մարդկանց, սկսելու համար, հեռացնենք, հետո արդեն լուրջ հարցեր լուծենք: Ես ուզում եմ, որ եկող ամիսներին մենք երբեք ձեւերի մասին չմտածենք, ձեւերի մասին չքննարկենք ու չվիճենք իրար հետ, եկեք միայն կազմակերպվենք: Առանց կազմակերպվելու անիմաստ է զրուցելը: 10 տարի է` զրուցում ենք եւ այսօր տեսնում ենք քաղաքական դաշտում ամեն օր մի նոր օղակ, խնդրեմ, լավ խոսքեր են ասում՜ «ավլելու ենք, սրբելու ենք դաշտը»… ո՞նց, գնացեք մի հատ սրբեք` տեսնենք, Ռոբերտ Քոչարյանին ո՞նց եք սրբելու, ինչպե՞ս եք սրբելու: Ո՞ւմ եք խաբում, այսինքն` ինչ, հերթական անգամ ժողովրդին տանենք Բաղրամյան փողոց եւ նորից ժողովրդին ծեծեն, ու չկարողանաք պաշտպանել: Սա ուղղակի անհեթեթություն է: Ես ոչ մեկի չեմ ուզում քննադատել: Բայց ես ուզում եմ, որ մենք՝ բոլոր այստեղ հավաքվածներս, այս մասով իրար հասկանանք, որ մինչեւ մենք չկազմակերպվենք, մինչեւ մի քանի հազար հոգի մարդ մի մարդու նման ոտքի կանգնել ու նստել չսովորենք, ոչ մի բան չի լինելու, ոչ մի բան չենք կարողանալու անենք: Իսկ ինչ վերաբերվում է իմ նկատմամբ ձեր վստահությանը, որի համար շնորհակալ եմ բոլորիցդ, որ այսօր ներկա եք այստեղ, ես վստահեցնում եմ ձեզ, որ ես զգում եմ պատասխանատվությունը, այն բեռը, որ մենք վերցնելու ենք մեր վրա, ես իմ պատասխանատվությունը զգում եմ, եւ մեր այս համախմբումն անպայման հաջողացնելու ենք: Կարող է պատահի` քայլելուց կաղանք, բայց անպայման մենք հաջողացնելու ենք: Եվ ես համոզված եմ, որ Աստված մեզ հետ է»: