Ի՞նչ հրապուրիչ բան կա որսի մեջ՝ գնում ես մի քանի օրով քաղաքից դուրս, որտեղ քաղաքակրթության ոչ մի հարմարություն չկա, մրսում-սառում ես, քայլում՝ մինչեւ ծնկներդ ընկղմվելով ձյան կամ ցեխի մեջ, ժամերով հետապնդում կամ սպասում հարմար պահի, որ անվրեպ կրակ արձակես։
Եվ հանուն ինչի՞։
Նախամարդկանց նման ժամանակակից տղամարդիկ ստիպված չեն սեփական ձեռքերով որսած սնունդը տուն բերել։ Այսօր որսը գոյատեւման միջոցից վերածվել է հաճույքի։ Որսորդներն ասում են, որ որսն իսկական տղամարդու զբաղմունք է, որի իմաստը հասկանում եւ գնահատում են միայն իրենք՝ իսկական տղամարդիկ։ «Միայն որսորդը կարող է մեզ հասկանալ։ Գերագույն հաճույք է, երբ դարան մտած, ժամերով անշարժ մնալով, սպասում ես։ Մոռանում ես պրոբլեմների, աշխատանքի մասին, մեն մենակ ես մնում բնության հետ։ Որսն այնքան մեծ քանակի ադրենալին է արյուն ուղարկում, որ մոռանում ես այս՝ իրական կոչվող աշխարհը, որտեղ ստիպված ես անընդհատ ինչ-որ մի դեր խաղալ։ Որսի ժամանակ զգում ես, որ դու էլ ես կենդանի»,- ասաց մի ծանոթ որսորդ։ Այստեղ գործում են հավասարության եւ արդարության սկզբունքները։ Թեեւ ի՞նչ հավասարության մասին կարող է խոսք գնալ, երբ մինչեւ ատամները զինված մարդիկ անպաշտպան կենդանիների վրա են կրակում։ Բադը կամ լորը հո հրացան չունե՞ն։
Որսի նպատակը սպանությունը չէ
«Որսը սպանություն չէ, այլ բնության հետ ծանոթանալու ամենասիրուն միջոցը,- ասում է «Որսորդական միության» փոխնախագահ Գագիկ Աբրահամյանը։ -Որսը սպորտաձեւ է՝ լավագույն սպորտաձեւերից մեկը։ Զբոսնում ես, ծանոթանում բնության հետ, տեսարժան վայրերն ես տեսնում, ընկերների հետ շփվում»։ Որսորդները հետեւում են չգրված օրենքի՝ ինչ կսպանես, այն էլ կուտես, իսկ եթե չես ուտելու, մի սպանիր։ Վերջիվերջո, անտառում սպանում են բոլորը, պարզապես մի գիշատիչը որսում է մյուսին՝ նույնիսկ ոզնին ու գորտն են գիշատիչ։ Այդ պատճառով էլ այս «սպանությունը» համարվում է բնական երեւույթ։ Հայաստանում օրենքով թույլատրված է միայն որոշ թռչատեսակների որսը, որի համար ամենահարմար զենքը ողորկափող կամ ակոսավոր հրացաններն են։ Զենք ձեռք բերելու համար պետք է գրանցվել «Որսորդական միությունում», վճարել տարեկան 1200 դրամ անդամավճարը, ստանալ թույտվություն Ոստիկանությունից, հետո գնալ խանութ եւ գնել ուզած հրացանը։ Սպորտաձեւ լինելով, որսը մրցումներ չի ենթադրում։ «Որսի ընթացքում ի՞նչ մրցում,- ասաց Գ.Աբրահամյանը,- մրցել կարելի է հրաձգարանում։ Որսորդները գնում, ման են գալիս, օրը վայելում են, մի քանի թռչուն խփում, ուտում-խմում, գալիս են»։ «Որսորդական միության» տվյալներով՝ Հայաստանում որսի սեզոնը բացվում է օգոստոսի 21-ից եւ ձգվում է մինչեւ փետրվար։ Գրանցված 20.000 որսորդները կարող են որս անել Հայաստանի ամբողջ տարածքում, բացի արգելոցներից, արգելավայրերից եւ ազգային զբոսայգիներից։ Արգելոցներում կենդանիների այն տեսակներն են, որոնք «Կարմիր գրքում» են գրանցված, այսինքն՝ պաշտպանության տակ են։ Որսն արգելված է Խոսրովի արգելանոցում, Դիլիջանի ողջ տարածքում եւ Սեւանա լճի շրջակայքում։ Ըստ Գ. Աբրահամյանի, որոշ արգելանոցներ կարող են սեփականաշնորհվել. «Եթե սեփականատերը զբաղվելու է կենդանիների եւ թռչունների բուծմամբ ու պահպանմամբ, այսինքն՝ ներդրումներ է անելու, նա կարող է հետագայում որս անելը թույլ տալ։ Իհարկե, եթե որսը մասսայական բնույթ չի կրելու եւ կենդանիների հիմնական գլխաքանակը պահպանվելու է։ Կան թռչնատեսակներ, որոնց օգնել է պետք։ Մենք էլ օրինակ փորձում ենք ցրտաշունչ ու ձնառատ ձմռանն օգնել կաքավներին, սնունդ ենք տալիս, որպեսզի կաքավը չնեղվի, քանի որ նա աբորիգեն թռչուն է ու չի չվում տաք երկրներ»։
Հայաստանում որսի համար թույլատրված կենդանիների տեսակներն են՝ լորը, աղունիկները, կաքավները, նապաստակները եւ բադի որոշ տեսակները։ Խոշոր կենդանիների՝ վարազների, եղջերավոր կենդանիների որսն արգելված է։ Եթե ցանկանում եք խոշոր որս անել, պետք է Ղարաբաղ գնաք, այնտեղ կարելի է խոշոր կենդանիներ որսալ օրենքի սահմաններում։ Բնապահպանության միությունը որսագողության համար սահմանված իր տուգանքի չափերն ունի։ Որսագողին բռնում են, կազմում արձանագրություն եւ տուգանում։ Որսագողություն է համարվում նաեւ առանց լիցենզիայի որսը։ Նապաստակի սեզոնային լիցենզիան մեկ նապաստակի համար արժե 1600 դրամ, իսկ քարակաքավի սեզոնային լիցենզիան՝ 1500 դրամ (3 քարակաքավի համար)։ Որսագողություն է նաեւ որսի ընդունված կանոնների խախտումը, օրինակ, չի կարելի գիշերային որս անել ավտոմեքենայի լապտերների ուղեկցությամբ։ Նապաստակ հիմնականում այդպես են որսում, սակայն վկաներ չլինելու պատճառով՝ դա հաճախ անապացուցելի է։ Իրեն հարգող որսորդը որսի է գնում շների հետ։ Շները լիցենզիա չեն պահանջում, պարզապես նրանց կարելի է գրանցել միության բաժիններից մեկում, որտեղ նրանց կարող են ճիշտ վարժեցնել։ «Հիմնական գործը որսի ժամանակ հենց շունն է անում, դու ընդամենը կրակողի դերում ես»,- ասաց Գ. Աբրահամյանը։ Ավտոմեքենաներով որսը սովորական եւ բնական է, իսկ, օրինակ, ուղղաթիռներով որս անելու մասին «Որսորդական միությունը» տեղեկություններ չունի։ «Գիտե՞ք ինչ արժե ուղղաթիռի մեկժամյա վարձույթը։ Ո՞վ ունի այդքան փող, որ ուղղաթիռով որսի գնա»,- ասաց Գ. Աբրահամյանը։ Որս սիրողներ եւ փող ունեցողներ շատ կան։ Որսն ընդհանրապես թանկ հաճույք է եւ շատ մոդայիկ է։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ քաղաքական շատ գործիչներ, գործարարներ են հրապուրված որսորդությամբ: Եվ քաղաքական շատ հարցեր հաճախ որսատեղիում են քննարկվում: Հպարտությամբ խոսքի մեջ ասել՝ նոր եմ որսից վերադառնում, կուզենար տղամարդկանց մեծ մասը։ Այս առասպելական տղամարդկային գործով զբաղվելու համար խմբեր են կազմվում դեպի որսի լավ ավանդույթներ ունեցող երկրներ։ Աֆրիկյան սավաննայում առյուծների ու վագրերի որսի մասնակցել կարելի է՝ վճարելով 10.000 դոլար։ Գումարը մեծ է, սակայն ինչպիսի՜ հաճույք՝ սաֆարիից տուն բերել կոտոշներ կամ մորթի եւ ասել՝ ես եմ սպանել։ Թող առյուծ չլինի, այլ Հայաստանի փոքրիկ կաքավը՝ հաճույքը դրանից չի պակասում։
Որսորդները սնահավատ են
Որսի ժամանակ տղամարդիկ լիցքաթափվում են, մի քիչ հիանում սեփական հմտությամբ ու դիմացկունությամբ եւ պարզապես հանգստանում։ Մանավանդ, որ հետո այնքա՜ն, այնքա՜ն բան կունենան պատմելու, իսկ բոլորը, առավելեւս՝ կանայք, բերանները բաց կլսեն իրենց խիզախ ու աներեւակայելի արկածների մասին։ Լուրջ որսորդները երբեք կանանց իրենց հետ որսի չեն տանում եւ որսի ընթացքում կանանց մասին չեն խոսում։ Կանանց թեման տաբու է։ Հազվադեպ է կինը գնահատում այս իսկական տղամարդկային զբաղմունքը, եւ հետո էլ կանայք այնքան հեռու են մնացել՝ նախորդ շինծու կյանքում, որ նրանց հիշելը պատիվ չի բերում։ Կվերադառնան՝ գլուխ կգովեն, կամ էլ խորհրդավոր կլռեն, որ կանայք իմանան. կա մի դաշտ, որտեղ նրանց մուտքը չի ողջունվում։ Իմիջիայլոց, որսի ժամանակ չի կարելի նաեւ սափրվել ու օծանելիք օգտագործել։ Օծանելիքի հոտը վախեցնում է կենդանիներին, իսկ սափրվելը պարզապես վատ նշան է։