Միտումնավոր ձգձգում է

22/12/2006

Ալիեւի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ՀՀ նախագահին մեղադրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի միտումնավոր ձգձգման մեջ: «Երկրում անցկացվելիք ընտրությունների կապակցությամբ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը կանգնեցնելու մտադրության մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը հերթական ապացույցն է այն բանի, որ հայկական կողմն անկեղծ չէ՝ հայտարարելով հիմնախնդրի հնարավորինս արագ լուծման մեջ իր շահագրգռվածության մասին»,- ըստ day.az-ի, ասել է նա: Ըստ նրա, բանակցային գործընթացի տեւական փուլից հետո պաշտոնական Երեւանը փոքր ընդմիջում էր խնդրել հետագա գործողությունները վերլուծելու համար, «սակայն չի անցել 1-2 շաբաթ՝ եւ ՀՀ-ի նախագահը հայտարարում է նման բան»: «Ինչպես երեւում է, հայկական կողմը ջանում է ժամանակ շահել, իսկ ՀՀ-ի նախագահը ցանկանում է այդ բանակցությունները ենթարկեցնել իր քաղաքական շահերին եւ ՀՀ-ում անցկացվելիք ԱԺ ու նախագահական ընտրությունների կապակցությամբ ձգտում է միավորներ շահել»,- կարծիք է հայտնել Ն. Մամեդովը: