Նախօրեին Երեւանում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ երկժամյա բանակցություններից հետո Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հայտարարել է, որ Եվրամիությանը ԼՂ-ի հետ շփումներ պետք են: «Մեզ համար շատ կարեւոր է լսել եւ շփումներ ունենալ հակամարտության բոլոր կողմերի հետ: ԼՂ բնակչությունը կարեւորագույն գործոն է, եւ ցավում եմ, որ մինչեւ հիմա մենք բավարար մակարդակի շփումներ չենք ունեցել»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ասել է Սեմնեբին: Վերջինս ասել է, թե ինքը նպատակ ուներ այցելել ԼՂ, բայց «տարբեր պատճառներով» այնտեղ չեղավ եւ Ա. Ղուկասյանի հետ հանդիպեց Երեւանում: Պատճառներից մեկը, ըստ նրա, այն է, որ հանրաքվեի ժամանակ իր այցելությունը ԼՂ կարող էր տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ: «Բայց դա չի նշանակում, որ ես այլեւս չեմ այցելելու ԼՂ: Ավելին՝ շատ շուտով ես պատրաստվում եմ լինել այնտեղ, եւ ակնկալում եմ, որ դա շատ արդյունավետ այց կլինի»,- ասել է Փ. Սեմնեբին: Նրա խոսքերով՝ ԼՂՀ նախագահի հետ քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում եւ` ԼՂ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեի հարցը, որի առնչությամբ, ինչպես հիշեցրել է Սեմնեբին, Եվրամիությունն արդեն հայտարարել է իր դիրքորոշման մասին՝ նշելով, որ այդ հանրաքվեն կարող է խոչընդոտել բանակցային գործընթացին: «Մենք գիտակցում ենք, որ ԼՂ-ում ժողովրդավարության մշակույթի բարձր մակարդակ կա, եւ դա դրական է: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա այն ներառում է սկզբունքային այլ պահեր, որոնց մենք չենք կարող համաձայնել. հանրաքվեն կանխորոշում է այն հարցերը, որոնք պետք է լուծվեն բանակցությունների ընթացքում, այդ թվում եւ` ԼՂ կարգավիճակի հարցը»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս արված այն հայտարարությանը, թե մինչեւ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններն ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու, Սեմնեբին ասել է. «Ես չեմ ցանկանում որեւէ կերպ մեկնաբանել Հայաստանի նախագահի հայտարարությունը, բայց հույս ունեմ, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բանակցային գործընթացում արձանագրված ակտիվացումը կպահպանվի: Ես հույս ունեմ, որ հնարավոր է պահպանել ակտիվ բանակցային գործընթացը նաեւ քարոզարշավի ընթացքում»: Փ. Սեմնեբին երեկ հանդիպել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նախագահ Ռ. Քոչարյանի հետ: Ռ. Քոչարյանը եւ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը խոսել են ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների, ԼՂ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեի մասին: Անդրադարձ է եղել նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին` կարեւորելով դրանց՝ միջազգային չափանիշերին համապատասխան անցկացումը: Ռ. Քոչարյանը կարծիք է հայտնել, թե հաջորդ տարվանից Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները մտնում են շատ ավելի համակարգված փուլ: Նախագահի խոսքերով՝ ներկայումս փորձ է արվում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ստորագրված Գործողությունների ընդհանուր ծրագրից առանձնացնել հաջորդ տարվա հիմնական գերակայությունները եւ հստակեցնել Եվրահանձնաժողովի հետ աշխատանքի մեխանիզմները: