«Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության դեմ գործ հարուցած փաստաբաններից Մարկ Գերագոսի գրասենյակի աշխատակիցն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ իր ունեցած տվյալներով, ընկերությունից փոխհատուցում ստանալու պահանջով դիմածների բանկային չեկերը կամ մերժման մասին նամակները կառաքվեն Ամանորի տոներից հետո: «Նյու Յորք Լայֆը» համաձայնել է փոխհատուցում վճարել այն հայերի ժառանգներին եւ իրավահաջորդներին, ովքեր Արեւմտյան Հայաստանում ու Թուրքիայում ապահովագրված են եղել այդ ընկերությունում եւ զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը: Ապահովագրական ընկերության դեմ հարուցված գործում Ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը պաշտպանող 3 փաստաբաններից Վարդգես Եղիայանն ավելի վաղ հայտնել էր, որ «Նյու Յորք Լայֆը» նոյեմբերի կեսերից սկսել է փոխհատուցումների վճարումը դիմումատուներից 2515-ին, եւ բոլոր 5692 դիմումատուները մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում ստանալու են նամակ՝ դիմումներն ընդունվելու կամ մերժվելու վերաբերյալ: Այնուհանդերձ, դիմումատուները բողոքում են, որ մինչ օրս որեւէ նամակ չեն ստացել: Ամենաշատ գումարը՝ շուրջ 3 մլն 600.000 դոլար, փոխանցվելու է Հայաստան, ուր փոխհատուցում է ստանալու 1254 մարդ: Երկրորդն Ամերիկան է, ուր փոխանցվելու է 2 մլն 700.000 դոլար՝ 896 մարդու համար, երրորդը՝ Ֆրանսիան է, չորրորդը՝ Կանադան: Բաժանվելիք ամբողջ գումարը կազմում է 7 մլն 954.000 դոլար: