Երեւանի քաղաքապետարանում կայացած երեկվա ճեպազրույցի հյուրը քաղաքապետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանն էր:
Ինչպես այս տարի, այնպես էլ 2007 թվականին առաջնային բուժօգնությունը քաղաքացիների համար անվճար է լինելու: Ա. Սողոյանը վկայեց, որ այս տարի իրենք քաղաքացիներից բուժաշխատողների կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի համար բողոքներ են ստացել, սակայն, դրա հետ մեկտեղ, ավելի շատ լավ բուժսպասարկման համար ստացել են շնորհակալագրեր: «Բողոքների հետ կապված մենք տվել ենք կարգապահական տույժեր»,- վստահեցրեց նա: Անդրադառնալով առաջին օղակի անվճար բուժօգնության ծրագրին` Ա. Սողոյանն ամփոփեց 11 ամիսների արդյունքները: Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ամբուլատոր պոլիկլինիկ ծառայություններում առողջության առաջնային պահպանության բժիշկների մոտ հաճախումների թիվը կազմել է 1մլն 664.000-ից ավելի, ինչը 29,1%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Բնակիչների կողմից ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապեւտների մոտ կատարվել է 540.000 այց, իսկ մանկաբույժների մոտ կատարվել է 459.000 այց: Ամենաբարձր աճը դիտվել է նեղ մասնագետների մոտ՝ 40,7, ինչն անցյալ տարվա հետ համեմատած 40%-ով ավելացել է: Լաբորատոր գործիքային հետազոտությունների թիվը 40,6%-ով աճել է: Առաջնային օղակում, անվճար եւ արտոնյալ պայմաններով 280մլն դրամի դեղորայք է հատկացվել: «Այս արդյունքներն ամփոփելիս պարզ է դառնում, որ ծրագիրն իր նպատակին ծառայել է: Այսինքն՝ նպատակը եղել է բնակչությանն ուղղել դեպի առաջնային օղակ, որպեսզի ավելի մատչելի ձեւով կանխվեն հիվանդությունները եւ հիվանդությունների առաջացման դեպքում բուժվեն, որպեսզի խուսափենք հիվանդությունների բարդությունից եւ ստացիոնար բուժօգնությունից: Դա, բացի առողջությանը վնասելուց, նաեւ թանկարժեք է եւ՛ քաղաքացու համար, եւ՛ պետության»,- նշեց Ա. Սողոյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ Վիճվարչության տվյալներով՝ 11 ամիսների ընթացքում Երեւանում մահացությունը 7%-ով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Քաղաքապետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը շնորհակալություն հայտնեց առաջնային օղակի բժիշկներին եւ կազմակերպիչներին, ինչպես նաեւ` պոլիկլինիկաների աշխատակիցներին: «Շնորհակալություն եմ հայտնում այն ծանր աշխատանքի համար, որ նրանք կատարեցին 2006 թվականին, որովհետեւ այսպիսի ֆինանսական պայմաններում մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելն իրոք արժանի է գովեստի եւ խրախուսանքի»,- հայտարարեց Ա. Սողոյանը:
Արդիականացված երկու բուժկենտրոններ
Ա. Սողոյանի հավաստմամբ՝ Երեւանում իրականացվելու է Համաշխարհային բանկի վարկային ծրագիրը: Իրականացվելու են 2 խոշոր ծրագրեր՝ ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրումը եւ ստացիոնար համակարգի արդիականացումը: Հետեւաբար` Համաշխարհային բանկի վարկային առաջին ծրագրի շրջանակներում կրթություն են ստացել 148 ընտանեկան բժիշկներ եւ 111 բժշկուհիներ: «Նպատակ կա մինչեւ 2009թ. Երեւան քաղաքն ապահովել անհրաժեշտ քանակությամբ ընտանեկան բժիշկներով, որոնք առաջնային օղակի ամբողջ ծանրաբեռնվածությունը կփորձեն վերցնել իրենց վրա»,- տեղեկացրեց Ա. Սողոյանը՝ նաեւ նշելով, որ ստացիոնար համակարգում խոշոր բժշկական երկու կենտրոններում՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» եւ «Սբ. Աստվածամայր», իրականացվել են հետեւյալ աշխատանքները. «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնի ծննդատան շենքում ավարտվել է ծառայությունների կոնսոլիդացիան եւ սկսվել են ծննդատան շենքի շինարարական աշխատանքները: Բժշկական կենտրոնի կլինիկական եւ վարչական բաժանմունքներին հատկացվել են համակարգչային սարքավորումներ: Իսկ «Սբ. Աստվածամայր» կենտրոնում արդեն տեղադրվել են ավելի քան 1մլն 700.000 դոլարի արժողության սարքավորումներ: «Այս ծրագրի արդյունքում մենք կունենանք 2 լավ վերանորոգված, կահավորված եւ սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոններ, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ Երեւանի առողջապահական համակարգի վրա»,- ասաց Ա. Սողոյանը՝ նաեւ անդրադառնալով Շտապօգնության ծառայության տվյալներին: Այսպիսով, Շտապօգնության ծառայության կողմից 11 ամիսների ընթացքում իրականացվել է ավելի քան 7.7%-ով ավելի կանչ, քան նախորդ տարի էր: «Այս ավելացումը վկայում է առողջապահական համակարգի նկատմամբ բնակչության վստահության մասին: Այսինքն՝ անվճար բուժօգնության գաղափարն առաջնային օղակում եւ շտապօգնության բնագավառում շարունակում է արդարացնել իրեն»,- նշեց նա: