Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն ավանդական դառնալով, ավանդույթի համաձայն` նաեւ տարբեր բամբասանքներով ու կանխատեսելի քայլերով է շրջապատվում։ Մրցանակաբաշխության պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը ցանկանում է այս մրցանակաբաշխությունը տոն դարձնել։
«Տարվա մեջ գոնե մեկ օր մենք կարող ենք տոն դարձնել ու ցույց տալ, որ մեր իրականությունն ավելի լավն է, քան կա»,- ասաց նա։ Կարելի է ասել, որ տոնը կայացել էր, այն գունեղ էր ու ծանոթ դեմքերով լեցուն։ Սակայն այս տոնի առանցքը, միեւնույն է, մրցույթն է մնում։ Թեեւ այս մրցույթը գումարային ֆոնդ չունի ու կոմերցիոն նպատակներ չի հետապնդում, սակայն «լավագույններին» տրվող արձանիկը որոշակի բարձունքի խորհրդանիշն է համարվում։
Այս տարվա մրցանակաբաշխությունն ապացուցեց, որ հայկական փոփ-երաժշտության դաշտը տարեցտարի ավելի ու ավելի է նեղանում, բարակում ու փոքրանում։ Եթե երեք տարի առաջ լավագույն երգերի ու երգիչների միջեւ սուր պայքար էր նկատվում, ու տարբեր տրամաչափի «աստղերը» ձգտում էին անպայման իրենց անունները նոմինանտների շարքերում տեսնել, ապա հիմա մրցանակաբաշխությունն ուղղակի դարձել է նախապես կատարված ընտրության փաստի արձանագրություն։ Այս տարի ժյուրին ուղիղ եթերում էր կատարում իր ընտրությունը, սակայն այդ փաստը եւս չկարողացավ մեղմել «ազնիվ պայքարի» իմիտացիան։ Իսկ միակ ստանդարտից դուրս կատարած որոշումը՝ «լավագույն երգչուհի» միանգամից բոլոր, այսինքն՝ երկու, ներկայացված հավակնորդուհիներին համարելը՝ կարծիքների բախման առիթ դարձավ։
Մրցանակաբաշխության հույժ կարեւոր անվանակարգերն, ըստ ավանդույթի՝ «Լավագույն երգիչն» ու «Լավագույն երգչուհին» են։ Այս տարի տարբեր սեռի «լավագույնների» մեծ պակաս էր նկատվում, քանի որ շատ երգիչ-երգչուհիներ չէին ցանկացել իրենց անունը հավակնորդների ցանկում տեսնել։ Շատերը թերեւս մտածել են՝ ի՞նչ կարիք կա սոսկ «անուն» լինել, եթե, միեւնույն է, չենք հաղթելու, իսկ պարզապես «բուտաֆորիա» լինելու համար չարժե մեր վաստակները նսեմացնել։ «Այդ տարիքից արդեն դուրս ենք եկել»,- գրեթե միաձայն ասացին մեր էստրադայում կայուն տեղ զբաղեցնող շատ երգիչները, որոնք պատրաստ են մեծ ու գեղեցիկ շոուի հանդիսատեսը լինել, բայց ոչ՝ «խաղալիքը»։ Մի քանի տարի առաջ գրեթե այդպես մտածելով՝ իր թեկնածությունը նոմինանտների շարքից հանեց Շուշան Պետրոսյանը։ Հետագայում մրցույթին մասնակցել չցանկացան նաեւ Նունե Եսայանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը ու շատ ուրիշներ։ Այս տարի մասնակցել չցանկացողների շարքերը համալրվեցին ավելի երիտասարդ Զարուհի Բաբայանով, Արսեն Սաֆարյանով, Արսեն Գրիգորյանով, Ինգա եւ Անուշ Արշակյաններով։ Ուշագրավ է, որ իր թեկնածությունը չէր առաջադրել նաեւ այս տարի շատ բարձր արդյունավետությամբ ելույթ ունեցող «Եվրատեսիլի» «առաջին ծիծեռնակ» Անդրեն։ Գուցե նույնպես մտածել էր, որ ինքն այդ մրցանակաբաշխությունից արդեն մեծացել է։ «Շատերն իրենց թեկնածությունները դնում էին, իսկ հետո՝ հանում։ Մենք չենք կարող պարտադրել, որ նրանք մասնակցեին մրցույթին, քանի որ դա որպես մարդու իրավունքների խախտում կդիտվեր»,- ասաց Հ. Քեշիշյանը։ Մարդու իրավունքների խախտման փաստ չի արձանագրվել, սակայն երգիչների քանակի ու որակի պակաս արձանագրվել է։
Եվ այսպիսով «լավագույնները» երկուական թեկնածու ունեցան՝ Հայկո (հաղթող) եւ միստեր Իքս, Էմմի ու Հասմիկ Կարապետյան (երկուսն էլ հաղթող են)։
Որոշ հաղթողներ երեկ ասուլիս էին հրավիրել՝ հայտնելու համար իրենց կարծիքները։ Ընդ որում, այդ ասուլիսի նպատակն այդպես էլ պարզ չդարձավ։ Այո, մրցույթ էր, այո, եղան հաղթողներ։ Եղան նաեւ դժգոհողներ։ Հանդիսատեսը եւ շոուն, եւ հաղթողներին դիտել են հեռուստատեսությամբ, ի՞նչ կարիք կար կրկին բոլորով հավաքվել ու պարզել՝ լա՞վ էր, թե՞ ոչ։ Պարզվում է, որ նման կարիք կար, քանի որ մեկ տարվա կտրվածքով միանգամից երկու «լավագույն երգչուհի» ունենալը սխալ է։ «Ես կարծում եմ, որ դա սխալ որոշում էր, բայց այդպես էր որոշել ժյուրին»,- ասաց Հ. Քեշիշյանը։ Էմմին ու իր մայրը՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանը, նույն կարծիքն ունեին։ «Շնորհակալ եմ ժյուրիի այն հինգ անդամներից, ովքեր իմ օգտին քվեարկեցին, իսկ մնացածին կասեմ՝ Աստված ձեզ հետ»,- համեստորեն ասաց Էմմին ու նույնքան համեստորեն ավելացրեց. «Ես մրցանակը Հասմիկ Կարապետյանին տվեցի, քանի որ այդ արձանիկից արդեն մի հատ տանը ունեմ»։ Իսկ տարվա «լավագույն երգիչ» Հայկոն, ով վերջերս նաեւ «վաստակավոր արտիստի» կոչմանն է արժանացել, ասաց, որ ինքը «ներվայնանում» է, երբ անհիմն մեղադրանքներ է լսում՝ մրցանակաբաշխության անարդարության կամ Երգի պետական թատրոնի ղեկավար, կոմպոզիտոր եւ այս տարվա մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ Արթուր Գրիգորյանի «ձեռքի տակ մեծացած երգիչ» արտահայտությունը։ Հարկ է նշել, որ գրեթե բոլոր մեր երգիչներն են որոշ ժամանակ համագործակցել Ա.Գրիգորյանի կամ Երգի թատրոնի հետ։ Ա. Գրիգորյանը շատ լավ ճանաչում է ու գիտի բոլոր երգիչների հնարավորություններն ու արժեքը։ Գուցե հենց այդ պատճառով էլ խուսափում է հանրային հանդիպումներից ու լրագրողներից։ Եվ այդ պատճառով էլ հայտնվում է քննադատության թիրախում։
Մենք ունենք այն, ինչ ունենք։ Դրանից դժգոհելու կամ դրանով հպարտանալու կարիք չկա։ Երաժշտական դաշտն իր կանխորոշված սահմաններն ու սեփական խաղի կանոններն ունի։ Իզուր է կոմպոզիտոր Արամ Ավագյանը նեղսրտում, որ երիտասարդ երգչուհի, «BBC» «Next big thing» մրցույթի հաղթող Սիլվա Հակոբյանին Հայրենիքում ըստ արժանվույն չեն ընդունում։ Բեմն ու էստրադան մի մեծ խաղ են, որի օրենքները Վայքում ապրող Ս. Հակոբյանը դեռ պետք է սովորի ու ընդունի։ Նրա մոտ դեռ ամեն ինչ առջեւում է, նա այս տարվա երաժշտական «հայտնությունն» է, ով պետք է իր տեղն ու իր երգերը որոնի։ Իսկ «BBC» մրցույթին երգ ձայնագրելու ու պարային համար բեմադրելու գործում նրան մեծ աջակցություն է ցույց տվել հենց Ա. Գրիգորյանը, ում շատ լրատվամիջոցներ մեղադրում են կանխակալ ու ոչ հեռատես լինելու մեջ։
Փաստն այն է, որ երաժշտական, առավելեւս՝ փոփ-երաժշտական դաշտը քայլ առ քայլ ավելի միօրինակ է դառնում ու «երիտասարդականանում» է, վառ անհատականությունները փոփ-արեւի տակ իրենց տեղը զբաղեցնելու համար այլեւս ուժեր չեն ծախսում։ Ամեն ինչ շատ լավ երեւում է, հաստատված են հաղթողներն ու մրցույթների մասնակիցները։ Շատերն, օրինակ, վստահ են, որ 2007 թվականի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու է Հայկոն։ Ու թեեւ ժողովրդական քվեարկությունը դեռ չի կատարվել, բայց արդեն պարզ է, որ ժողովուրդն ընտրելու է հենց Հայկոյին։ Երգչի ընտրությունը շատ է նմանվում պատգամավորի ընտրությանը։ Ով ուզում է, ում ուզում է` թող ընտրի, հաղթողն արդեն որոշված է։