50 հազար դոլարանոց անցակետ

07/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Բրիտանիայի կառավարության Միջազգային զարգացման նախարարությունը մեր երկրում աղքատության նվազեցման ծրագրի շրջանակներում 2003-2007թթ. ընթացքում իրականացնում է Հայաստան-հանրային ոլորտի բարեփոխումների ծրագիրը՝ մոտ 5 մլն դոլար արժողությամբ։

Մինչեւ այժմ այդ ծրագրի շրջանակներում ծախսվել է մոտ 350.000 դոլար: Ըստ ծրագրի ղեկավար շոտլանդացի Սթիվեն Նյուտոնի, հանրային ոլորտի բարեփոխումներով իրենք նպատակ ունեն զարգացնել եւ հեշտացնել մեր կյանքը: Հայաստանում գտնվելու չորս տարիների ընթացքում պարոն Նյուտոնը հասկացել է, որ հայերը շատ հարմարվող են. «Եթե մի քիչ անհանդուրժող ու համառ լինեն, ավելի լավ ու ուրախ կյանքով կապրեն»: Բայց ոչինչ, ինքն ավելի վատ պայմաններում է մեծացել ու ավելի ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում է աշխատել, այնպես որ, իր կյանքի հարուստ փորձից ելնելով` մեզ վստահեցնում է, թե Հայաստանը կդառնա ավելի զարգացած երկիր, բայց՝ ոչ մեկ գիշերվա մեջ: Ա՛յ, օրինակ, պարոն Նյուտոնը նկատել էր, որ յոթ նախարարություններ հանգրվանած կառավարության երրորդ մասնաշենքում ժողովրդի ելք ու մուտքի խառնաշփոթ էր ստեղծվել: Եվ խորհրդակցելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի հետ՝ որոշել է կանոնակարգել ու ավելի արդյունավետ դարձնել նախարարություն-ժողովուրդ շփումը: Ու 2004թ. հուլիսին ստեղծեցին տեղեկատվական կենտրոն: Կենտրոնի վրա ծախսեցին 50.000 դոլար ու տեղադրեցին շենքի նախասրահում: Շենքում, բացի յոթ նախարարություններից, ոչ պակաս ծանրաբեռնվածությամբ աշխատում է նաեւ ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը: Այնպես որ, կենտրոնի անհրաժեշտությունն օդի ու ջրի պես էր:

Նպատակը մեկն էր. ստեղծել ինֆորմացված ու արագ արձագանքող մի կառույց, որը ցանկալի տեղեկատվությունը կտրամադրեր մարդկանց անմիջապես շենք մտնելուն պես: Նախ՝ յուրաքանչյուր նախարարությունից մեկական աշխատակից վերցրին համապատասխան վերապատրաստման համար, հետո բերեցին ութ համակարգիչներն ու ինտերնետը եւ մեծ շուքով, աղմուկ-աղաղակով ազդարարեցին տեղեկատվական մի այնպիսի հրաշքի ծնունդը, որը պիտի լուծեր ու թեթեւացներ այդ նախարարությունների ու ժողովրդի հոգսերը: Բայց աշխատանքներին մի փոքր հետեւելով՝ տեղեկատվական այդ կենտրոնից ստանում ենք ընդամենը անցագրային կետի տպավորություն: Մոտ 15 քմ տարածքում աշխատում են ութ գերատեսչությունների ներկայացուցիչներ. ապակու հետեւից նրանք փորձում են հասկանալ այցելուի գալու նպատակը, ճշտում են, թե ում մոտ պետք է ուղարկել նրան, անցագիր են տրամադրում, կամ չեն տրամադրում, եւ անցնում հաջորդին: Կենտրոնի մոտ, մանավանդ կեսօրվա ժամերին, մեծ կուտակումներ են լինում. մարդիկ՝ գոռգոռալով, դժգոհելով ու իրար հրմշտելով փորձում են իրենց ասելիքը տեղ հասցնել: Ավելի շատ հավաքվում են Կրթության ու գիտության, Առողջապահության եւ Աշխատանքի ու սոցիալական ապահովագրության նախարարությունների մասում: Յուրաքանչյուր աշխատակցի դիմաց՝ ապակու վրա կան հինգ փոքր անցքեր՝ իրար լսելու համար: Մանավանդ պիկ ժամերին իրար հասկանալու համար երկուստեք այնքան մեծ ջանքեր են գործադրվում, որ տեղեկատվական այդ կենտրոնը թողնում է խորհրդային ժամանակների «իմպոռտնի» ապրանք վաճառող խանութի տպավորություն:

Այնուամենայնիվ տեղեկատվության կենտրոն-անցագրային կետը նոյեմբերի մեկից գործում է եւ ունի բավականին շատ այցելուներ: Ամենաշատը դիմում են Առողջապահության նախարարության բաժին՝ երկու ամսվա ընթացքում՝ մոտ 3500 այցելու, հետո Կրթության ու սոցապ նախարարությունների բաժիններ՝ համապատասխանաբար 2022 եւ 1200 այցելու, իսկ ամենաքիչը դիմում են Վիճակագրության ծառայություն, այստեղ այցելուների քանակը հազարին դեռ չի հասել: Ի դեպ, այցելուներն իրենց սոցիալական պատկանելությամբ, այցի նպատակներով ու տարիքային պատկանելությամբ ըստ նախարարությունների տարբերվում են: Աառողջապահության ու Սոցապ նախարարություններին դիմում են հիմնականում անապահով խավի տարեց ներկայացուցիչները՝ պետպատվերով բուժում, անվճար դեղորայք ստանալու, հաշմանդամության կամ թոշակի, սոցիալական քարտերի հարցերով: Կրթության ու գիտության նախարարության դիմորդները տարիքային ու սոցիալական սահմանափակում չունեն: Մշակույթի նախարարություն, ինչքան էլ զարմանալի է, գալիս են հիմնականում ենթակա կառույցների հաշվապահները՝ պլանային բաժին կամ հաշվապահություն հաշվետվություն ներկայացնելու համար: Ապակուց այս կողմ այցելուները դժգոհում են հակառակ կողմում նստածներից: Ներսում նստածները չեն ուզում իրենց հասկանալ ու ներս թողնել.

«Ախր, որ էս վիճակով էկել- հասել եմ ստեղ, ուրեմն պետք է,- դժգոհում է Առողջապահության նախարարություն մտնել ցանկացող կինը: -Հիվանդ մարդ եմ, ես ի վիճակի չեմ էս ցրտին էսքան կանգնելու, իրենք ներսում տաք-տաք նստել են, ասում են՝ տեղում չէ կամ զբաղված է: Անխիղճ մարդիկ են»:

«Իմ թոշակը քիչ են տալիս,- արդարանում է մեկ ուրիշը,- ուզում եմ գնալ Աղվանի մոտ, բացատրել ինչն-ինչոց է, որ ավելացնեն: Չեն թողում»:

Իրականում ապակուց այն կողմ նստածների վիճակը քիչ է տարբերվում դրսում հավաքվածների վիճակից: Յուրաքանչյուր աշխատող օրական սպասարկում է ամենաքիչը 50 հոգու. «Տեսե՛ք, էս փոքր սենյակում ութ հոգի միաժամանակ բարձր խոսում են,- բացատրում է նրանցից մեկը,- դրան գումարած՝ դրսից եկող աղմուկը, մեզ ուղղված դժգոհություններն ու բողոքը, մի սարսափելի վիճակ է ստեղծվում, ու այդպես՝ առավոտյան ժամը 9-ից մինչեւ 5 անց կես»: «Էս պայմաններում աշխատում ենք առանց փոխարինողի, նույնիսկ ընդմիջում անելու հնարավորություն չունենք,- ասում է առողջապահության ներկայացուցիչը: -Պատկերացրեք, թե ինչքան անհարմար է, երբ ուզում ես մի կտոր հաց ուտել, իսկ ապակուց այն կողմ քեզ է նայում ծեր, հիվանդ, հնարավոր է նաեւ սոված այցելուն»: «Գիտեք, շատ դեպքերում մեր նախարարությունների աշխատակիցներն առանց պատճառի ձգձգում, հետաձգում են մարդկանց ընդունել, մենք դա զգում ենք, բայց ինչ կարող ենք անել,- բացատրում է մեկ ուրիշը: -Մեզ ասում են՝ մի թող, ու վերջ: Դե արի ու բացատրի, մարդիկ էլ մեզ վրա են ջղայնանում: Ի՞նչ անենք: Ճիշտ է մուրացկան, ներքնաշոր վաճառող հիմա նախարարություն չի մտնում, բայց շատ դեպքերում լուրջ խնդիր ունեցող մարդուն էլ մենք չենք կարողանում ընդառաջել»: Իսկ առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանը փորձում էր հավատացնել. «Եթե մարդը դիմել է նախարարություն, ուրեմն ստանալու է արագ ու դրական պատասխան»: Այնպես որ, հիսուն հազարանոց տեղեկատվական այս կենտրոնն անցագրային կետից գրեթե չի տարբերվում եւ մինչ այժմ միայն կրճատել է մարդկանց մուտքը նախարարություններ՝ ապահովելով աշխատակիցներին, ազատելով «ավելորդ գլխացավանքներից»: Բայց ոչինչ. «Սա դեռ սկիզբն է,- մեզ վստահեցնում է Սթիվեն Նյուտոնը: -Իմ տղայի անունն էլ Իսահակ Նյուտոն է, բայց նա մաթեմատիկայից զրո է, այնպես որ, պետք չէ վատատես լինել»: Ինչպես լավատես արտասահմանցիներն են ասում՝ եթե վատատես ես, փոխիր ակնոցիդ ապակիները: