Երեկ Մամուլի ազգային ակումբում տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը ներկայացրեց 2007թ. պետբյուջեի մասին իր գնահատականները, որոնք, ինչպեսեւ սպասվում էր, բացասական էին։
Էդուարդ Աղաջանովն առաջին հերթին անդրադարձավ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությանը, որը 2007թ. պետական բյուջեով նախատեսված է 15.7%-ի չափով։ Տնտեսագետի կարծիքով, դա խայտառակ ցածր ցուցանիշ է, որը վկայում է միայն այն մասին, որ կոռուպցիայի դեմ հաջորդ տարի ակտիվ պայքար չի լինելու, այլ լինելու է «իներցիոն պայքար»։ Իսկ ավելացած հարկային մուտքերի (մոտ 80 միլիարդ դրամ) հիմնական բեռն, ըստ Է. Աղաջանովի, ընկնելու է մանր ու միջին գործարարների վրա։
ՀՆԱ-ի 2.3%-ի չափով նախատեսված բյուջեի դեֆիցիտը տնտեսագետը համարեց նոնսենս։ «Եվրամիության սահմաններում դեֆիցիտի չափը սահմանված է 3%-ի սահմաններում, բայց անգամ նրանք միշտ չէ, որ կարողանում են ապահովել այդ ցուցանիշը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ։ Նա համաձայն չէր այն դիտարկմանը, թե ավելի մեծ չափով դեֆիցիտը կարող է հանգեցնել բարձր գնաճի։ Նշենք նաեւ, որ Է. Աղաջանովի կարծիքով, հաջորդ տարվա համար նախատեսված գնաճի ցուցանիշը (4%, ՞1.5%) նույնպես չի հաջողվի ապահովել, քանի որ սպասվում է հացահատիկի եւ էներգակիրների գների զգալի աճ։ Նա ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ նորմալ երկրներում բյուջեն իրենից ներկայացնում է կոնկրետ նպատակային ծրագրեր, օրինակ, ԱՄՆ բյուջեի 90%-ն ուղղված է նպատակային ծրագրերին։ «Դա կոչվում է արդյունքի վրա կողմնորոշված բյուջե, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ ծախսել գումարները եւ ապահովել թափանցիկություն»,- տեղեկացրեց տնտեսագետը՝ ավելացնելով, որ Հայաստանում այդպիսի բան չկա, եւ «բյուջեի կատարում» ասելով՝ հասկանում ենք միայն, թե որքան մուտքեր ենք ապահովել։ «Բյուջեն կարդալիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես այդ մարդիկ մեր տնտեսության հետ վերջին 2 տարում ընդհանրապես առնչություն չեն ունեցել»,- ասում է Է. Աղաջանովը։ Օրինակ, ասվում է՝ պետք է պահպանել վերջին տարիների արտահանման աճի տեմպերը, երբ այս տարի եւ նախորդ տարի դրանց տեմպերը շատ ցածր են եղել։ Է.Աղաջանովը տեղեկացրեց, որ պետբյուջեի 55-րդ էջում նշված է՝ 2007թ. արտահանումը պետք է կազմի ՀՆԱ-ի 20.1%-ը, մինչդեռ 2004թ. այդ ցուցանիշը կազմում էր 27.1%։ Ըստ տնտեսագետի, դա նշանակում է մի բան՝ «Հայաստան երկրում զարգացում չի լինելու… քանի որ մեր տիպի երկրների զարգացման համար ներքին շուկան բավարար չէ, պետք է շեշտը դնել արտահանման վրա»։
Եվ ընդհանրապես, ըստ Է. Աղաջանովի, բյուջեն կազմված է փնթի, կան շատ անհասկանալի թվեր, կանխատեսումներ եւ այլն։ Մի խոսքով, Է. Աղաջանովի տեսակետն էականորեն տարբերվում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի «հիասքանչ փաստաթուղթ» գնահատականից։ Իսկ այսպիսի «ոչ հիասքանչ» փաստաթուղթ ունենալու պատճառներից մեկն, ըստ Աղաջանովի, այն է, որ բյուջեն բարձր մասնագիտական որակներ ունեցող փորձագետների մոտ փորձագիտական քննություն չի անցել։ Իսկ Է. Աղաջանովը նվազագույնը 3 այդպիսի մասնագետների գիտի՝ Հրանտ Բագրատյան, Արմեն Դարբինյան, Էդվարդ Սանդոյան։ Այլ հարց է, որ նրանք «մի կողմ են քաշվել» եւ չեն մասնակցում բյուջեի նախագծման աշխատանքներին։ Սակայն Է. Աղաջանովը մեղադրում է ոչ թե նրանց, այլ իշխանություններին, որոնք չեն փորձում ներգրավել այդ ռեսուրսը։ Ի դեպ, այս ընթացքում ձեռքի հետ պարզվեց, որ Էդուարդ Աղաջանովը հարգում է մեր իշխանություններին՝ մասնավորապես, Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին՝ իրենց անցած ուղու համար։ Սակայն չի հասկանում, թե ինչու նրանք չեն օգտվում փորձառու տնտեսագետների ծառայություններից։ Իսկ վերջիններս (օրինակ, Հրանտ Բագրատյանը), կհամաձայնե՞ն արդյոք համագործակցել իշխանությունների հետ։ Է. Աղաջանովը կարծում է՝ այո, քանի որ կան տնտեսական հարցեր, որտեղ քաղաքական հայացքները չպետք է որեւէ կապ ունենան։ «Պետք է լինել ոչ թե ռուսամետ, արեւմտամետ, այլ` հայամետ»,- համոզված է Էդուարդ Աղաջանովը։
Բյուջեից բացի, խոսք գնաց նաեւ Ազգային անվտանգության հայեցակարգի եւ, մասնավորապես, տնտեսական անվտանգության մասին։ Է. Աղաջանովը կարծում է, որ ճիշտ կլինի ասել ոչ թե «տնտեսական անվտանգության հայեցակարգ», այլ «տնտեսական անվտանգության վերականգնման հայեցակարգ»։ Քանի որ, ըստ տնտեսագետի, անիմաստ է խոսել անվտանգության մասին, եթե Հայաստանի գրեթե բոլոր ենթակառուցվածքներն օտարների սեփականությունն են։