Որքան էլ անսովոր թվա այս նորությունը, բայց 2007 թվականի փետրվարի 17-ին Սան Պաոլոյի կառնավալում (որն, ի դեպ, իր գեղեցկությամբ ու շքեղությամբ չի զիջում Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ տոնաշքերթին), Բրազիլիայի կառնավալային ամենահայտնի սամբայի դպրոցներից մեկը, որպես իր սցենարի բաղկացուցիչ մաս, կներկայացնի Հայաստանը:
Կառնավալը` Բրազիլիայի ազգային ֆոլկլորի այդ բացառիկ երեւույթը, աշխարհի ամենամեծ «շոուներից» մեկն է, որն այս տարի ավելի քան 180 մլն բնակչություն ունեցող այս երկրում եւ աշխարհի ավելի քան մեկ միլիարդ հեռուստալսարանի առջեւ կցուցադրի հայկական սիմվոլներով համեմված բեմադրություն:
Կառնավալը մուտք է գործել Բրազիլիա Պորտուգալիայից 1720-ական թվականներին: Նրա ոճական ու թեմատիկ տարրերն աստիճանաբար հարստացվել ու միահյուսվել են աֆրիկյան բանահյուսությանը, ծիսակատարություններին եւ պաշտամունքներին, ստեղծելով էթնո-մշակութային մի առանձնահատուկ երեւույթ:
Կառնավալի երաժշտությունը սամբան է: Այն նույնպես սկիզբ է առնում աֆրիկյան երաժշտական ավանդույթներից, որոնք մուտք են գործել Բրազիլիա գաղութային շրջանում, սեւամորթ աշխատուժի ներկրման հետ մեկտեղ: Սամբան ունի ինը հիմնական տեսակ, այդ թվում՝ կառնավալայինը: Այդ է պատճառը, որ մրցույթ-շքերթին մասնակցող կառնավալային խմբերը կոչվում են սամբայի դպրոցներ:
Բրազիլական կառնավալը միայն տեսարժան ու փառահեղորեն գեղարվեստականացված հանդես չէ, եւ ոչ էլ կիսամերկ մուլատուհիների էկզոտիկ ներկայացում, ինչը քանիցս չարաշահել են հեռուստալրագրողներն ու օպերատորները: Այն տարեցտարի ձեռք է բերում ավելի լուրջ բնույթ՝ ասպարեզ հանելով սոցիալական, մշակութային, էկոլոգիական եւ այլ բնույթի թեմաներ ու հարցադրումներ: Ժյուրին կառնավալը գնահատում է տասը չափանիշներով, եւ արդյունքում տվյալ տարվա հաղթող է հռչակվում լավագույն սցենար, երաժշտություն, գաղափարական ուղղվածություն, լավագույն զգեստներ, գեղարվեստական բարձր երեւակայություն եւ այլ արժանիքներ ունեցող դպրոցը: Յուրաքանչյուր դպրոց, որպես կանոն, շքերթի է դուրս բերում 3,5 հազարից մինչեւ 5000 մասնակից, ինչպես նաեւ` առնվազն վեց շքեղորեն զարդարված «ալեգորիկ մեքենաներ», որոնց կոմպոզիցիան ընդգծում ու հարստացնում է պարն ու պարի բովանդակությունը: Եվ Ռիո դե Ժանեյրոյի, եւ Սան Պաոլոյի կառնավալները հաստատված օր չունեն: Դրանք սկսվում են Զատկի տոներից, ավելի ստույգ` Ավագ շաբաթից քառասուն օր առաջ: Ի տարբերություն տարածված թյուր կարծիքի, շքերթը տեղի է ունենում ոչ թե փողոցներում, տարերային ձեւով, այլ հատուկ մարզահրապարակներում, այսպես կոչված, «սամբոդրոմներում»: Ռիոյի եւ Սան Պաոլոյի սամբոդրոմներն ունեն 530-550 մետր երկարություն եւ 14 մետր լայնություն, երկու կողմերից ձգվող տրիբունաներում տեղավորվում է 30-35 հազար հանդիսական:
Բրազիլիայում գոյություն ունեն հարյուրավոր սամբայի դպրոցներ, որոնք միավորում են տասնյակ-միլիոնավոր բրազիլացիների` աշխատավոր մարդկանց ու ծառայողների, որոնց համար սամբան ոչ թե մասնագիտություն է, այլ` ապրելակերպ: Սամբան բրազիլացիների համար դառնում է այն օգտակար եւ հաճելի զբաղմունքը, որն ի զորու է մեղմել սոցիալական մի շարք հիմնախնդիրներ: Ուշագրավ է, որ սամբայի ճանաչված դպրոցները տասնամյակներ առաջ ստեղծվել են Բրազիլիայի ֆուտբոլային խոշոր ակումբների եւ նրանց համակիրների հիմքի վրա: Սամբայի դպրոցների ֆինանսավորումը կատարվում է քաղաքային իշխանությունների, խոշոր ընկերությունների եւ անհատ անձանց կողմից: Կառնավալն ամուր տեղ է գտել բրազիլական պաշտոնական տոների շարքում, այն տեւում է մեկ շաբաթ, որն արձակուրդային է ողջ երկրի աշխատավորների համար:
Վերջին տարիներին Սան Պաոլոյում եգիպտական եւ ճապոնական մշակույթներին նվիրված կառնավալային ելույթների կազմակերպման համար զգալի հատկացումներ էին կատարել ինչպես այդ երկու երկրների կառավարությունները, այնպես էլ Բրազիլիայում առկա նրանց համայնքները: Ճապոնական թեմայով ներկայացմանը ներկա էր այդ երկրի վարչապետ Ջունիշիրո Կոիզումին, ով նույնպես ակտիվ դերակատարում ունեցավ Սան Պաոլոյի սամբոդրոմում՝ հանդերձավորված փետրազարդ զգեստներով: Ռիո դե Ժանեյրոյի 2005թ. կառնավալի մասնակիցն էր նաեւ Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսը, որի կողմից քաղաքի հանրահայտ սամբայի դպրոցներից մեկին նվիրաբերած 5 մլն ԱՄՆ դոլարը վճռորոշ նշանակություն ունեցավ վերջինիս կողմից չեմպիոնի կոչումը նվաճելու հարցում: Ներկայացման թեման նվիրված էր Լատինական Ամերիկայում ազատագրական պայքարին:
Կառնավալն ինքնին տեւում է երեք օր, յուրաքանչյուր օր տոնահանդեսի է դուրս գալիս յոթական սամբայի դպրոց: Ամեն մի դպրոց պետք է անցնի սամբոդրոմի տարածքը 60 րոպեի ընթացքում: Այդ պայմանից ցանկացած շեղում տանում է միավորների կորստի: Երեք օրերի ընթացքում, սկսած երեկոյան ժամը 22.30-ից մինչեւ արեւածագ, շքահանդեսի են դուրս գալիս սամբայի յոթ դպրոցներ՝ ցուցադրելու իրենց պարային-երաժշտական վարպետությունն ու շքեղ հանդերձավորումը: Դա փայլատակող ու վառվռուն, երբեմն երեւակայության սահմաններից դուրս գունագեղ ու արտասովոր մի հանդես է:
Ձյունը սպիտակ է, իսկ նավթը` սեւ
Կառնավալի հետ Հայաստանն առաջին անգամ անմիջական ծանոթություն հաստատել է 1998 թվականին, Սան Պաոլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հաստատումից հետո: Հենց այդ տարի Սան Պաոլոյում Հայաստանի հյուպատոսարանը զրույցի հրավիրեց քաղաքի բազմակի չեմպիոն «Vai-Vai» («Առաջ-առաջ») սամբայի դպրոցի ղեկավարությանը: «Վայ-վայն» ընդունեց 40-45 մարդուց բաղկացած խմբով Հայաստան այցելելու առաջարկը, սակայն ֆինանսավորման դժվարությունները հնարավորություն չտվեցին այդ հյուրախաղերն իրականացնել ինչպես 1988, այնպես էլ 2000 թվականին: Հետագա տարիների կառնավալներին, ականատես լինելով սամբայի հանրահայտ դպրոցների կողմից ներկայացված եգիպտական եւ ճապոնական քաղաքակրթություններին նվիրված բարձրարվեստ ներկայացումներին, ծնվեց հաջորդ, ավելի համարձակ գաղափարը` պայմանավորվել լավագույն խմբերից մեկի հետ, որպեսզի հերթական կառնավալում նա հանդես գա Հայաստանին նվիրված թեմայով: «Rosas de Ouro» («Ոսկե վարդեր») դպրոցը դրա համար պահանջեց 2,5 մլն ռեալ՝ մոտ 2 մլն դոլար, «Վայ-վայը»` 3 միլիոն: Հարցը, բնականաբար, փակվեց, սակայն «Վայ-վայը»` ծանոթանալով Հայաստանի պատմության եւ մշակույթի հետ, որոշեց 2007թ. կառնավալային իր ներկայացման սցենարում, որպես նրա բաղկացուցիչ մաս, ընդգրկել Հայաստանը: Իսկ ընտրված սցենարը, որի հեղինակը դպրոցի բազմատաղանդ լրագրող եւ ձեւավորող, միջազգային մրցույթների դափնեկիր Շիկո Սպինոզան է, կրում է «Չորրորդ աշխարհ-Աբսուրդի թագավորություն» անվանումը: Բովանդակային առումով այն բաժանվում է երեք հիմնական մասի: Ստեղծելով աշխարհի երեք թագավորությունները` բնահանքային, բուսական ու կենդանական, Արարիչը վերջինիս պսակեց մարդ արարածով եւ միավորեց բոլորին երջանիկ ներդաշնակությամբ: Սակայն հետագայում առաջացավ չորրորդը` պլաստիկի թագավորությունը, որը Շ. Սպինոզան անվանում է «Աբսուրդի թագավորություն»: Պլաստիկը, սակայն, ոչ թե Աստվածն է արարել, այլ` մահկանացուն: Ստեղծված լինելով նավթի հումքից եւ ենթակա չլինելով վերամշակման ու քայքայման, այն հղի է մարդկությանը սպառնացող անկանխատեսելի հետեւանքներով, շրջապատի աղտոտման եւ էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգներով: Ուրեմն՝ այն «Աբսուրդի թագավորություն» է:
Ո՞րն է Հայաստանի տեղն առաջարկվող այս համակարգի մեջ, ինչո՞վ է նա կապվում այդ արդիական հարցի ու պլաստիկ նյութի հետ: Իտալացի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն իր «Ճամփորդություններ» գրքում ունի «Մեծ Հայաստան» հատվածը, որտեղ գրված է. «Այստեղ է գտնվում Նոյան տապանը… Առաջին անգամ ես այստեղ տեսա մի նյութ` սեւ գույնի թանձր հեղուկ, որն ուտելի չէ, սակայն կարելի է այրել… Այդ հեղուկը կարող է բուժել, եթե այն քսես մաշկի վրա առաջացած բորբոքումներին»:
«Սեւ թանձր հեղուկը», ասել է թե՝ նավթը, հայտնություն էր ինչպես բրազիլացիների, այդպես էլ, անկեղծ ասած, մեզ համար: Եվ այսպիսով, Նոյյան տապանի կողքին հայտնաբերված «սեւ հեղուկը» դառնալու է «Վայ-վայ» սամբայի դպրոցի ներկայացման սցենարի հեղինակ Շ.Սպինոզայի համար բեմադրության առանցքներից մեկը: Հարկ է նշել, որ Մարկո Պոլոն խոսում է պատմական Հայաստանին վերաբերող տարածքների մասին, որոնք հին շրջանում իրենց մեջ էին ներառում նաեւ Մերձավոր Արեւելքի որոշ նավթաբեր շրջաններ:
Արարատն ու Նոյան տապանը պետք է խորհրդանշեն մարդու եւ կենդանական աշխարհի վերածնունդը, իսկ Հայաստանում առաջին անգամ տեսնված նավթը հետագայում պետք է սկիզբ տար «Աբսուրդի թագավորությանը»:
Որոշվեց չորս «թագավորությունները» ներկայացնող ալեգորիկ մեքենաներից մեկը թեմատիկ առումով նվիրել Հայաստանին: Մոտ 10 մետր երկարություն եւ 12 մ բարձրություն ունեցող այդ կառույցը, ի թիվս մյուսների, արդեն մոտ երկու ամիս է, հավաքվում է «Vai-Vai»-ի փակ աշխատահրապարակում: Աշխատանքներն ընթանում են ուժեղացված պահակախմբերի հսկողության տակ, գաղտնի ձեւով եւ փաթեթավորումից դուրս կգան միայն կառնավալի օրը` փետրվարի 17-ին, սամբոդրոմի մուտքի մոտ: Մեքենայի հարթակի վրա, լեռան գագաթին, վեր կխոյանա Նոյան տապանը, Արարատի ներքին լանջերը ծածկված կլինեն հայկական խաչքարերով, հայատառ արձանագրություններով, առջեւից կտեղադրվեն մեր հանրապետության 2,6 մետր բարձրությամբ զինանշանն ու յոթ մետրանոց եռագույն դրոշը: Ետնամասում կհավաքվի Զվարթնոցի կամարաշարը` իր կենտրոնում ունենալով թեւատարած արծիվը: Վերջինս իր կտուցով կքաշի յոթ մետր երկարությամբ հաջորդ ալեգորիկ մեքենան, որը կխորհրդանշի Մեծ ջրհեղեղից հետո վերակենդանացած բնության աշխարհը: Այսպիսով, այդ երկու մեքենա-կառույցները կդիտվեն միասնաբար, 15 մետրից ավելի ընդհանուր երկարությամբ:
Կասկած չկա, որ այս տեսարանն ազդեցիկ կլինի: Այն ավելի տպավորիչ կդառնա, եթե ավելացնենք, որ նրա հեղինակ, մեծ երեւակայության տեր Շիկո Սպինոզան նախատեսում է նաեւ Արարատի գագաթին մոնտաժել արհեստական ձյան երեք աղբյուր: Նա արդեն ստացել է հղի վիճակում գտնվող բրազիլական ամենահայտնի մոդել-դերասանուհիներից մեկի` Լուիզա Ամբիելի համաձայնությունը, որպեսզի վերջինս ճերմակ աղավնու զգեստով հանդես գա մեր մեքենայի առջեւի բարձր հարթակի վրա՝ խորհրդանշելով Նոյ նահապետի սուրհանդակին, որն ազդարարում է նորոգյալ մարդկության մոտալուտ ծնունդը:
Նշենք նաեւ, որ ամեն տարի սամբայի ռիթմով մի նոր երգ է գրվում: Երգի կատարողները չեն քայլում շարասյան հետ, նրանց հատուկ խցիկներ են տրամադրվում վերին տրիբունաներում, որտեղից երաժշտությունը սփռվում է սամբոդրոմի ողջ տարածքով: Ազգային հեռուստատեսության լավագույն վարողները մեկնաբանում են դպրոցների ելույթները, ներկայացնելով նաեւ դրանց բովանդակային մանրամասները: Նույնը կլինի նաեւ Հայաստանի դեպքում, որի սցենարային տեքստն արդեն պատրաստ է եւ թարգմանվում է հայերեն:
Հ.Գ. Հետաքրքիր այս մանրամասները «168 Ժամի» խմբագրությունը ստացել է Սան Պաոլոյում Հայաստանի հյուպատոս Աշոտ Եղիազարյանից, ում մենք հայտնում ենք մեր շնորհակալությունը: Ա. Եղիազարյանը հույս ունի, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան այս տարվա կառնավալի ականատեսը դառնալ: Եթե ոչ այցելելով Բրազիլիա, ապա գոնե` հեռուստաէկրանին: