«Ես մեր իշխանություններին եւ աշխարհին հայտարարում եմ, որ մենք ապրում ենք 41 թվի ժամանակաշրջանում: Մեզ մոտ 41 թվի սովն ու ապրելակերպն ա տիրում: Փշրանքներին կարոտ ենք»,- ասում է Գայանե Բաբայանը, ում խոսքերին հավանաբար չէի հավատա, եթե չգտնվեի նրանց տանը:
Գայանեն 43 տարեկան է, ունի հինգ երեխա եւ երեխաներին կերակրելու համար այլեւս համոզիչ սուտ չի կարողանում հորինել, քանի որ աշխարհում հայտնի բոլոր ստերով նրանց խաբել է: Երեխաներից ամենափոքրը՝ 3 տարեկան Հովսեփը, հաշտվել է այն մտքի հետ, որ իրեն կերակրելու ճաշացանկը սահմանափակվում է շաքարաջրով: «Առավոտյան` քաղցր ջուր, ցերեկը՝ քաղցր ջուր, իրիկունը՝ քաղցր ջուր: Պատկերացրե՛ք, մարդ արարածը, աճող երեխան կարա՞ առողջ մեծանա շաքարաջրով: Հենց նոր շշով խմացրել եմ, որ քնի: Սովածությունից գազազում ա, լաց ա լինում երեխեն, անգամ չի կարողանում քնել, որովհետեւ ստամոքսը դատարկ ա»,- պատմում է Գայանեն, ում խոսքերն ընդհատվում են փայտե, կոտրատված բազմոցին քնած Հովսեփի ճիչով: Երեխան քնած ժամանակ բղավելով լաց է լինում, ձեռքերով գլուխը ճանկռտելով նյարդային շարժումներ է անում: Մայրն ասում է՝ սովածությունից է, ու շաքարաջրով լի շշով ծծակը մեկնում է երեխային: Գայանե եւ Սեյրան ամուսինների սենյակում կարելի էր մեքենա կայանել կամ այն որպես խորդանոց օգտագործել, բայց ոչ մի դեպքում չէր կարելի 5 երեխա մեծացնել: Աննկարագրելի տաղտուկ քառակուսի սենյակը լցված է միայն ստվարաթղթե արկղերով ու անպետք տախտակներով: Գայանեն ասում է, որ երեխաներն աղբանոցներից, փողոցներից վառելու համար պիտանի իրեր են գտնում, որ սառնամանիքից պաշտպանվեն: Հատակի տախտակներն ու պահարանի դարակներն անգամ քանդել-վառել են: Սենյակի դատարկ պատերն այնքան մրոտ են, որ Մարիամ աստվածածնի նկարը մշուշոտ է երեւում: Վարդաշենի հանրակացարանի այս սենյակում միակ բանը, որը չեն այրել տաքանալու համար, այդ սրբապատկերն է: Հարցնում եմ՝ «Հավատացյա՞լ եք»: Գայանեն մի տեսակ շփոթվում է ու կմկմալով պատասխանում՝ «Հավատացյալ եմ, բայց ես իմ Աստվածն ունեմ: Էլ չեմ հավատում էդ մարդկանց ասածներին, ասում են՝ լավ կլինի, լավ կլինի, բայց վիճակներս ավելի ա վատանում»: Հարցնում եմ՝ «Ո՞ւմ չեք հավատում»: «Մի հատ եկեղեցի կա՝ «Կյանքի խոսք» ա կոչվում: Իրանք գալիս էին մեր տուն, հավաքվում էինք էս շենքի բնակիչներով, աղոթք էինք անում, մեզ հույս էին տալիս: Ասում էին, որ Աստված մեզ կօգնի, մեր վիճակը կլավանա, սենց կլինի, նենց կլինի, բայց սուտ ա: Էլ չեմ թողում, որ գան ժողով անեն: Շատ եմ հիասթափվել: Ասում են` լավ կլինի, բայց ավելի հուսահատվում ես, որովհետեւ սպասելիքներդ մեծանում են ու ավելի վատ ես լինում, իսկ սենց հաշտվում ենք մեր ապրելակերպին»,- ասում է Գայանեն՝ վստահեցնելով, որ այլեւս արհամարհում է այդ քարոզիչներին, դրա համար էլ նրանք չեն համարձակվում կրկին գալ իրենց տուն: Հինգ երեխաներից ավագը 20 տարեկան Հասմիկն է, մյուսները տղաներ են, ովքեր ֆոտոխցիկը տեսնելուն պես դուրս են գալիս սենյակից, որ չլուսանկարեմ: «Ամոթ ա»,- ասում են ու հեռանում: Գայանեի ամուսինը՝ Սեյրանը, բանվորություն է անում. «Սեզոնային գործ ա, մի օր լինում ա, 3 օր չի լինում: Ես շատ աշխատող մարդ եմ, երեխեքիս պահելու համար ամենադժվար ու ծանր աշխատանքն էլ կանեմ, բայց չի ստացվում, չես հասցնում գոնե ուտելիքով ապահովել, էլ ուր մնաց հագուստը»: Երեխաներից 3-ը չափահաս են, սակայն անձնագիր չունեն, որովհետեւ համապատասխան պետական մուծումն ի վիճակի չեն կատարել: 4 դպրոցականներից միայն Գարիկն է դպրոց գնում, իսկ մյուսները հագուստ չեն ունեցել, որպեսզի դպրոց գնան ու միջնակարգ կրթություն ստանան: «Մյուս երեխեքս դուրս եկան դպրոցից, ոչ հագուստ ունեին, ոչ էլ գրենական պիտույքներ: Երեխեքս հիմա մի 2 կոպեկի համար մեշոկով զիբիլ ու գաջ են թափում, որ մի բանով օգնեն: Մեկը խղճում, 1000 դրամ ա տալիս, մյուսը՝ 1500»,- նեղսրտած պատմում է Գայանեն: Հարցնում եմ՝ «Ո՞նց եք ռիսկ արել էս պայմաններում 5 երեխա ունենալ»: Գայանեն ամաչելով ասում է՝ «Դե՛, ճիշտն ասած, էս մեկին չէի ուզում, բայց հնարավորություն չեղավ հանեմ: Հիմա երեխա ունեցողն ա ամաչում, չունեցողը չի ամաչում: Այ, որ հարցնում եք, նենց եք հարցնում՝ ոնց որ մեղք եմ գործել, բայց դե՛, օրինակ՝ հայ մարդ եմ ծնել, Հայոց բանակի համար զինվոր եմ մեծացնում: Մեր ընտանիքը Հայաստանի ապօրինի զավակն ա: Ոչ անձնագիր ունենք, ոչ փաստաթուղթ ունենք, ապօրինի ենք մեր երկրի համար: Եղանակ չենք փոխում Հայաստանի համար»,- ասում է Գայանեն ու վախեցած աչքերով նայում ամուսնուն՝ հասկանալու համար, թե հո ավելի բան չի՞ ասել: Սակայն Սեյրանն, ի զարմանս Գայանեի՝ շարունակեց նրա միտքը, ասելով. «Եղբորս տղային բանակում խփեցին, բայց ինչի՞ համար: Հես ա, 4-ին էլ ես եմ ուղարկելու: 1993-ին ես էլ էի ուզում գնալ կռվելու, բայց մեծ ախպերս չթողեց, մի հատ էլ սիլլա տվեց, ասեց` մեր ազգից շատ ենք տվել, թող ուրիշները գնան»,- վրդովված ասում է Սեյրանը, ով միայն վերջերս է իմացել, որ զինվորական ծառայության զորակոչման համար հետազոտության ենթարկված որդու մոտ ախտորոշել են լյարդի մեծացում, հոդացավ եւ ողնաշարի թեքություն: Եթե Զինկոմիսարիատում նրան չհետազոտեին, դժվար թե ծնողները տեղյակ լինեին, որ տղան առողջական խնդիրներ ունի, իսկ իմանալու դեպքում էլ ոչնչով չէին կարող օգնել: «Ես սուտ խոսել չեմ սիրում, երեխեքիս արեւ, ժամը 3-ն ա, բայց երեխեքս հացի փշուր չեն կերել: Փոքրս սովածությունից լացեց-լացեց, քնեց: Ահավոր ա»,- խոսքը կտրուկ եզրափակում է բազմազավակ մայրը, ում հինգ երեխաները, հայտնի չէ, թե որտեղ են գիշերում, քանի որ նրանց սենյակում միայն մի կոտրած բազմոց կա: