Այսօր հեռուստաեթերում եւ զանգվածային լրատվության այլ միջոցներում հաճախ կարելի է հանդիպել այս կամ այն դեղամիջոցի գովազդին: Դրանք հիմնականում հարբուխի, հազի, մրսածության դեմ, նաեւ ցավազրկող դեղամիջոցներն են, որոնց կիրառումը չի պահանջում բժշկի հատուկ նշանակում:
Առանց բժշկի նշանակման դեղորայքը կազմում է ընդհանուր շուկայի մոտ 70 %-ը: Կան երկրներ, որոնք վաղուց հրաժարվել են դեղորայք գովազդելուց: Օրինակ, ամենավճռականը Կուբան է: Ինչեւէ, մենք այդ երկրների շարքին չենք հավակնում դասվել:
Ուսումնասիրությունների համաձայն, 15% դեպքերում է, որ դեղ գնելիս հանրությունն առաջնորդվում է գովազդներով կամ գովազդային ակցիաներով: Հայկական բժշկական ասոցիացիան, հիմք ընդունելով 10 տարի գործող «ՀՀ գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետը, ըստ որի՝ արգելվում է դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդն առանց ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան թույլտվության, այս տարվա մայիս ամսին դիմել է պատկան մարմնին` պարզելու, թե՝ նշված ժամանակահատվածում որ գովազդներն են ստացել նախարարության թույլտվությունը: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասոցիացիայի նախագահ Պարունակ Ջելվեյանը նշեց, որ Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, անցած տասը տարիների ընթացքում եւ ոչ մի գովազդատու չի դիմել նման թույլտվություն ստանալու համար: Այսինքն, դեղերի գովազդումը մինչ օրս եղել է անբարեխիղճ կամ հակաօրինական: Նկատենք, որ մեզ մոտ չկա նաեւ գովազդային դաշտը վերահսկող կոնկրետ մարմին:
Այս տարվա անցած վեց ամիսների ընթացքում ասոցիացիայի կողմից կատարված մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ գրեթե բոլոր ԶԼՄ-ներում առկա են առողջապահական ոլորտին վերաբերող գովազդներ, որոնք նույնպես չունեն համապատասխան թույլտվություն: Իսկ այս տարվա դեկտեմբերի 16-ից ուժի մեջ մտնող «Դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության կարգը եւ այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» կառավարության որոշումը, Հայկական բժշկական ասոցիացիայի անդամների կարծիքով, ժամանակին է կայացվել եւ համապատասխանում է հասարակության պահանջներին: Կառավարության այս որոշումով ոգեւորված ՀԿ ներկայացուցիչները երեկ հայտարարեցին, թե այսուհետ իրենք վճռական են լինելու առողջապահական ոլորտի գովազդների վրա հասարակական հսկողություն իրականացնելու հարցում: Սակայն, եթե հաշվի առնենք, որ դեղորայքն ու բուսական հավելումները (որոնք իբրեւ բուժիչ միջոցներ ակտիվ քարոզվում են յուրաքանչյուր քայլափոխի) Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դիտվում են հակաահաբեկչություն իրականացնելու հնարավոր միջոցներ, ապա կարելի է արձանագրել, որ կառավարության համապատասխան որոշումը բավականին ուշացած է, մանավանդ, ինչպես նշեցինք, «Գովազդի մասին» օրենքն, արդեն 10 տարի է, ուժի մեջ է: