Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը եւ քաղաքապետարանի Շինարարության վարչության պետ Ֆրունզե Բասենցյանն անցած ամիս հայտարարել էին, թե մինչեւ դեկտեմբերի 15-16-ը կավարտվի Կոմիտաս փողոցի քանդված հատվածի վերականգնումը: Այսօր արդեն դեկտեմբերի 16-ն է, սակայն աշխատանքները դեռ չեն ավարտվել: Երեկ գիշեր տեղացած ձյունը երթեւեկության համար էլ ավելի դժվարություններ էր ստեղծել առանց այդ էլ դժվար անցանելի այդ հատվածում: Հիշեցնենք, որ Կոմիտաս եւ Տիգրան Մեծ փողոցները պետք է վերակառուցվեին «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Սակայն մեր իշխանությունները 3-4 ամիս առաջ քանդեցին փողոցները՝ չսպասելով մինչեւ հիմնադրամը գումարները հատկացներ: Վերահաս ձմռանը քանդուքարափ արված ճանապարհներով չդիմավորելու համար մեր իշխանությունները որոշեցին այդ հատվածն իրենց միջոցներով բարեկարգել: «Մեզ ասել են` 4-5 օրից կավարտեն»,- տեղեկացրեց Ֆ.Բասենցյանը:
«Ձյունը հիմա մեզ չի խանգարում,- ասաց «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը: -Այս օրերին մենք քանդած հատվածի խճային հիմքը կամրացնենք: Օդերեւութաբաններն ասել են, որ մի քանի օր հետո եղանակները կբացվեն, այդ ժամանակ էլ ասֆալտը կանենք»: Է. Բեզոյանը չասաց, թե կոնկրետ երբ կավարտեն ասֆալտապատման աշխատանքները, բայց ավելացրեց, որ գարնան վերջին կսկսեն նաեւ ամբողջ փողոցի վերակառուցման հիմնական աշխատանքները: Նա հույս հայտնեց, որ «Լինսին» այդ ընթացքում գումարները կտրամադրի: