Պրոբլեմներ՝ ֆրանսերենից

22/12/2006

ՄԱԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար, հարավկորեացի Պան Գի Մունը երդման արարողության ժամանակ չի կարողացել պատասխանել ֆրանսերեն լեզվով հնչած մի հարցի։ Բայց, հաշվի առնելով այն, որ ՄԱԿ-ի աշխատանքային լեզուները համարվում են անգլերենն ու ֆրանսերենը, այդ պատճառով գլխավոր քարտուղարը պարտավոր էր ազատ տիրապետել այդ երկու լեզուներին։ Մամլո ասուլիսի ժամանակ կանադացի լրագրողը հարց է տվել Պան Գի Մունին, թե ինչո՞ւ է ՄԱԿ-ի երկրորդ լեզուն ֆրանսերենը, եւ, ոչ թե, ասենք՝ չինարենը կամ արաբերենը, որոնցով ավելի շատ մարդ է խոսում երկրագնդի վրա։ Ասելով, թե չի հասկացել հարցը՝ Պան Գի Մունը լրագրողին խնդրեց կրկնել այն ավելի դանդաղ։ Սակայն դա էլ չփրկեց։ Հարցն անգլերեն թարգամանելուց հետո Պան Գի Մունն այդպես էլ հստակ չպատասխանեց այդ հարցին։ Իրավիճակը շտկելու համար գլխավոր քարտուղարի օգնականն ավելի ուշ լրագրողներին հայտնել է, թե Պան Գի Մունը ֆրանսերենով պատասխանել է ֆրանսիացի լրագրողին։ ՄԱԿ-ում ֆրանսերենի՝ որպես երկրորդ պարտադիր լեզվի, պահանջ է ներկայացրել Ֆրանսիան։ Չնայած այս ամենին՝ ՄԱԿ-ում օգտագործվում են նաեւ իսպաներեն, ռուսերեն, չինարեն եւ արաբերեն լեզուները։