Տեղեկատվության մատչելիության թեման ղարաբաղյան լրագրողները շոշափում են տարբեր հավաքույթների, կլոր սեղանների ժամանակ:
ԼՂՀ-ում կան այնպիսի պաշտոնյաներ, որոնց հանդիպելը լրագրողներից շատերի համար եթե անհնար էլ չէ, ապա մեծ դժվարություններով է ստացվում: Եվ այսպես, բոլորովին վերջերս ԼՂՀ լրագրողների միությունը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբը անց է կացրել սոցիոլոգիական հարցում` տեղեկատվության մատչելիության թեմայով: Հարցմանը մասնակցել է 37 լրագրող, որոնք ներկայացնում են 35 լրատվամիջոցներ` 13 արցախյան, 15 հայաստանյան եւ 7 արտասահմանյան:
Արցախյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին, արտերկրի՝ ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում հավատարմագրված թղթակիցներին ու նորանկախ երկրի առօրյան պարբերաբար լուսաբանող այլ լրատվամիջոցների աշխատակիցներին առաջարկվել է որոշել, թե ով է ԼՂՀ ամենամատչելի եւ ամենաանմատչելի պաշտոնյան: Հարցման մասնակիցներին հնարավորություն է տրվել յուրաքանչյուր անվանակարգում առաջարկել երկուական թեկնածու: Լրագրողները տվել են մատչելի պաշտոնյաների 21 եւ անմատչելի պաշտոնյաների 20 անուն: Պարզվել է, որ լրագրողները ԼՂՀ ամենամատչելի պաշտոնյա են համարում ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին, որի անունը տվել են 37 լրագրողներից 22-ը: 8 ձայն է հավաքել ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը, 7` ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, 6` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Մատչելի պաշտոնյաների շարքում էին նաեւ ԼՂՀ նախագահի օգնական Դավիթ Բաբայանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, որոնք հավաքել են 2-ական ձայն: Արկադի Ղուկասյանի անունը տվել է միայն մեկ լրագրող: Հետաքրքրական էր նաեւ ամենաանմատչելի պաշտոնյայի ընտրությունը, որտեղ առաջին հորիզոնականը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, որի անունը հնչեցրել են 15 լրագրողներ: 3-ական ձայն են հավաքել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, արդարադատության նախարար Ռոբերտ Հայրապետյանը եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Լրագրողների կարծիքով, ամենաանմատչելի պաշտոնյաներ են նաեւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Իսագուլովը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, արտգործնախարար Գեորգի Պետրոսյան, փոխվարչապետ Արարատ Դանիելյանը: