Կռվի ավարտից հետո բռունցքներ են թափահարում

22/12/2006

Երեւանի Երաժշտական կամերային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը` հետեւելով թատրոնի նախկին տնօրեն Լեւոն Աբրահամյանի օրինակին, երկու օր առաջ ասուլիս հրավիրեց` լրագրողներին ապացուցելու համար, որ իր հեռացումը փաստորեն եւ տեսականորեն թատրոնի մահն է կանխագուշակում, քանի որ նա Հայաստանի միակ դիպլոմավոր երաժշտական թատրոնի ռեժիսորն է: Ա.Մելիքսեթյանն ասուլիսին «զինված էր» ներկայացել` իր հետ բերելով համախոհների մի խումբ եւ տնօրենի «չար գործերը» բացահայտող ու ապացուցող փաստաթղթերի կապոցներ: Նա նշեց, որ 9 ներկայացումների հեղինակ է, իսկ այդ ներկայացումների տապալումը կամ հանդիսատեսի կողմից անտեսվելը կապեց միայն թատրոնի վատ ադմինիստրատիվ աշխատանքի հետ: Ա.Մելիքսեթյանն ինչպես բազմիցս ասել է, այս անգամ էլ ասաց, որ Լ.Աբրահամյանը ցանկացել է սեփականաշնորհել թատրոնի շենքը, քանի որ ըստ Ա.Մելիքսեթյանի` նրան միայն քառակուսի մետրերն էին հետաքրքրում, այլ ոչ թե` արվեստը: «Պարոն տնօրենը միտումնավոր այնպես էր անում, որպեսզի հանդիսատեսը թատրոն չգա: Տոմսեր չէր տարածում»,- ասաց նա: Ասուլիսին ներկա դիրիժոր Կարեն Դուրգարյանն այլայլված բողոքեց լրագրողների դիրքորոշումից. «Թատրոն է փակվում, իսկ դուք լռում եք»: Սակայն թատրոնի փակման ու մահվան լուրերը խիստ չափազանցված են: Չափազանցված են նաեւ Ա.Մելիքսեթյանին կրկին աշխատանքի հրավիրելու լուրերը: Թատրոնը հիմա նոր տնօրեն ունի, եւ շատ հնարավոր է, որ գեղարվեստական ղեկավար ընդհանրապես չունենա: