Նախատոնական լոգանք

16/12/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ազգային դրամի կուրսի կայունությունը ֆինանսական թեման մամուլի համար դարձրեց պակաս հրապուրիչ: Բնականաբար: Բոլորն էլ սակայն վստահ էին, որ կայունությունը երկար չի տեւի: Այս օրերին, երբ սկսվում է տոնական մեծ առեւտուրը, առկա են տնտեսագիտական բոլոր նախադրյալները դրամի արժեւորման հերթական փուլը մեկնաբանելու համար: Մեր տնտեսական ղեկավարությունը հո չէ՞ր կարող ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը: Նախատոնական օրերին բնակչությունը բարձի տակից հանում է իր խնայողությունները: Այս օրերին հայրենիք են վերադառնում արտագնա աշխատանքի մեկնածների վերջին խմբերը: Վերադառնում են արտերկրում վաստակած գումարով: Իսկ չվերադարձողներն ընտանիքներին փող են ուղարկում: Այդ գումարների նշանակալի մասն անմիջապես հանվում է շուկա` տոնական մեծ առեւտրի շուկա: Այսինքն` երկրում կտրուկ մեծանում է շրջանառության մեջ մտնող տարադրամը: Հետեւաբար, այն պիտի էժանանա: 2007 թ. պետբյուջեն հաշվարկված է մեկ դոլարը 357 դրամ փոխարժեքով: Ֆինանսական շուկայի գործընթացները հուշում են, որ դա ընդամենը բարի ցանկություն է: 357 դրամի ցուցանիշը կհաղթահարվի հենց այս տարի: Ազգային ժողովն արդեն ձմեռային հանգիստն է վայելում: Այսինքն, չկա այն հարթակը, ուր քաղաքական ելույթ-ղալմաղալներով կարելի կլիներ հետաձգել դրամի արժեւորման հերթական բնագիծը: Պաշտոնապես մեր դրամը լողացող կուրս ունի: Դրամի կուրսի տատանումներին հետեւողներն այլ բան են արձանագրում: Արժեւորման գործընթացը վերջին երեք տարում երբեմն-երբեմն դադարներ ունի: Բոլոր դադարներն էլ, որպես կանոն, քաղաքական բացատրություն ունեն: Դրանք հաջորդում են կամ նախագահականում, կամ խորհրդարանում անցկացված քննարկումներին: Այդպես եղավ երկու տարի առաջ ամռան վերջին, երբ դրամը հատեց 400-ի ցուցանիշը: Նախագահականում կազմակերպված քննարկումից հետո նահանջեց 420-ի սահման եւ երկար պահեց այդ ցուցանիշը: Այս հոկտեմբերին էլ խորհրդարանական, թող ներվի ասել, քննարկումներից հետո դրամը 380-անոց նոյեմբեր ունեցավ: Բայց հիմա սկսվել է գահավիժումը, որն ընթանում է հարվածային տեմպերով: Մինչ այդ դրամի կուրսի կայունացման տնտեսական պատճառները փաստարկողներն իհարկե հասարակությանը չկարողացան հոդաբաշխ բացատրություն տալ: Հասարակությունն այդպես էլ չէր հասկանում, թե ինչո՞ւ կուրսի արժեւորումը չի ուղեկցվում գների նվազումով: Պաշտոնական բացատրությունները, թե դրամի արժեւորումից դժգոհում են միայն տարադրամով վճարվող լրատվամիջոցները, հասարակական ուշադրության չարժանացավ: Ցավոք, նաեւ այն պատճառով, որ իրենք` լրատվամիջոցներն, այդքան լուրջ ազդեցություն չունեն հասարակական կարծիքի ձեւավորման վրա: (Խոսքը նաեւ պատասխանատու եւ վերահսկելի մամուլի մասին է): Այստեղ իշխանությունները գնացին աննախադեպ քայլերի: Նրանք սկսեցին գների նվազման հնարավորություններ փնտրել: Մեր չափից ավելի մոնոպոլիզացված շուկայում նման ձեռնարկները գոնե ժամանակավորապես հնարավոր են: Օրինակ բենզինի շուկան: Այստեղ գները հայտնի քննարկումներից հետո նվազեցին եւ առայժմ չեն բարձրանում: Նման օրինակ կարելի է տեսնել դեղորայքի շուկայում: Գները 2-10 տոկոսով նվազել են: Գների անկման պետական քաղաքականության ամենաազդեցիկ դրսեւորումն անշուշտ գազի սակագնի նվազեցումն էր: Սա բնակչության սիրտը շահելու որքան աննախադեպ, նույնքան էլ անզուգական քայլ էր: Նման պրոֆիլակտիկ միջոցառումներից հետո միայն կարելի էր նախաձեռնել տարադրամի նվաստացման շարունակական գործընթացը: Եվ պետք է ասել, որ մեր բանկային համակարգը հիմնավորապես նախապատրաստվել էր: ՀՀ տարածքում գործող բանկերից մեկն առավոտից երեկո հեռուստաեթերներում գովազդ է պտտացնում: Հեռուստագովազդն իր սրսուռ բովանդակությամբ ամենեւին էլ համահունչ չէ դրամի արժեւորման պաշտոնական բացատրություններին: «Եթե արտերկրից կատարված փոխանցումները ստանաք ազգային դրամով, ապա գումարը ձեզ կտրվի առանց բանկային միջնորդավճարի»,- համոզում է գովազդը: Կարելի է, իհարկե, բացատրություններ հորինել: Օրինակ, այն մասին, թե ինչպես առեւտրային մի բանկ պատասխանատվությամբ ու գիտակցաբար իր վրա է վերցրել ազգային դրամի քարոզչության գործընթացը: Կամ` ինչպես է առեւտրային այս բանկն իր փխրուն ուսերին վերցրել ազգային դրամի գործառույթներն ընդարձակելու ծանր պարտականությունը: Բայց երբ հիշում ես, որ այս բանկն արտերկրյա բանկի հայաստանյան մասնաճյուղ է` վերլուծությանդ ուղղությունն իսկույն փոխվում է: Հասկանում ես, որ բաց տեքստով քեզ ասում են` «եթե համաձայնեք ազատ փոխանակելի տարադրամի փոխարեն ստանալ ձեր ազատ լողացող դրամը` ծառայությունների վարձ չի գանձվի»: Հավանաբար, որ այդ փոխարկումով ինքնին մենք արդեն վճարած կլինենք արտասահմանյան այս բանկին: Եվ սա` այն պարագայում, երբ մեր ազատ լողացողը գրոհում է 350-ի բաստիոնը: Իսկ հարազատ, այսինքն` ՀՀ Կենտրոնական բանկն այս գովազդը չի ընկալում որպես վիրավորանք: Իհարկե, կարելի է ձեւացնել, որ այս գովազդատուն պարզապես չի ընկալում մեր ազգային դրամի հերթական սխրանքը: Չի ընկալում ու գերադասում է փող աշխատել օր օրի արժեզրկվող տարադրամով: Ասենք, դրա ժամանակն էլ չկա: Բոլորը զբաղված են տոնական առեւտրով: Ֆինանսական մակլերները լողացող կուրսից հերթական շահույթն են քամում: Բնակչությունն իր գրպանին հարմար էժան ապրանք է փնտրում: Ազգային վիճակագրական ծառայությունն էլ բենզինի, դեղորայքի ու խոզի մսի նվազող գներն է հաշվարկում: Հաշվարկում է, որ ավարտվող տնտեսական տարվա քաղաքակիրթ պատկեր հրապարակի: