Երեկ Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը լրագրողներին ներկայացրեց նոյեմբերի 22-ին ԱՄՀ-ի գործադիր տնօրենների հնչեցրած կարծիքը Հայաստանի տնտեսության վերաբերյալ: Փաստաթղթում գովաբանվում են ՀՀ տնտեսական աճն ու գնաճի մակարդակը, ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «հեռատես» ֆիսկալ եւ դրամավարկային քաղաքականությունները, ֆիսկալ եւ ֆինանսական հատվածների բարեփոխումները: Բնականաբար, հարց առաջացավ, թե ինչո՞ւ են այսքան ուշացումով հիշել այդ «պուպուշ» փաստաթուղթը հանրությանը ներկայացնելու մասին:
Ն. Օմեսի պատասխանը բավական անկեղծ հնչեց. «Սա շատ երկար բյուրոկրատական գործընթաց էր: Հիմնական պատճառն այն է, որ նախ պետք է ՀՀ կառավարությունը հաստատեր այս փաստաթուղթը: Ուստի ժամանակ պահանջվեց, որպեսզի կառավարությունը որոշի, թե արդյոք ինքը հաստատո՞ւմ է այս փաստաթուղթը»: Սակայն ԱՄՀ ներկայացուցիչն ավելացրեց, որ հիմնական ամբողջական փաստաթուղթը` աշխատանքային խմբի զեկույցը, հրապարակվել է դեկտեմբերի 12-ին: Ի դեպ, վերջինս հայերեն թարգմանված չէ:
«Մեր կարծիքով, Հայաստանում դեռեւս բարելավման շատ հնարավորություններ կան: Այն անձը, որը լավ տեղյակ չէ Հայաստանի մասին, եթե նայում է ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները, դրանք բավարար են: Այդ ցուցանիշներով Հայաստանը կարող է հետաքրքիր լինել: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում ամեն ինչ լավ է: Աղքատությունը կրճատվել է, բայց դեռեւս բարձր մակարդակի վրա է. բնակչության 30%-ից ավելին գտնվում է աղքատության գծից (ամսական 15.000 դրամ) ցածր: Պաշտոնական գործազրկության ցուցանիշները ցածր են, բայց իրական գործազրկության մակարդակը, ըստ որոշ աղբյուրների, 20-30% է, որը բավական բարձր ցուցանիշ է»,- ասաց Ն. Օմեսը: Որպես մեկ այլ խնդիր` նա նշեց հարկային ցածր եկամուտները, այն, որ չնայած հարկային մարմինների կողմից վերջերս ձեռք բերված որոշ առաջընթացի, այդ եկամուտները դեռեւս ցածր են: «Եվ սա` ոչ թե այն պատճառով, որ հարկային դրույքներն են ցածր, այլ այն պատճառով, որ շատ անձինք խուսափում են հարկերից, վճարում են շատ ավելի քիչ, քան պետք է: Կոռուպցիայի ու ստվերային տնտեսության մակարդակները Հայաստանում նույնպես բարձր են»,- ավելացրեց ԱՄՀ մշտական ներկայացուցիչը: Սակայն նա հիշեցրեց, որ ԱՄՀ-ն կենտրոնանում է մակրոտնտեսական քաղաքականության վրա, եւ, որ իրենք կոռուպցիայի գծով փորձագետներ չեն:
Հիշեցնենք, որ իր նախորդ զեկույցում ԱՄՀ-ն բողոքում էր Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունից. 2005թ. այն կազմել էր 14,5%: Այս տարի ԱՄՀ-ն կանխատեսում է 14,7%: «Սա նշանակում է, որ հարկային եկամուտների աճը գերազանցել է ՀՆԱ-ի աճը: ՀՆԱ-ի աճը հիմնականում պայմանավորված է շինարարությամբ, որը հիմնականում չի հարկվում: Եթե հանենք շինարարությունը, ապա ՀՆԱ-ն չէր աճի, այլ կնվազեր: Գյուղատնտեսությունը նույնպես չի հարկվում: Եվ այդ առումով հարկային մարմինների համար բավական դժվար էր բարձրացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը: Վերջինս բավական զիջում է Աղքատության կրճատման ռազմավարության փաստաթղթում նշված ցուցանիշին, որը պետք է լիներ 16,2%»,- ասաց Ն. Օմեսը:
Նա նաեւ նշեց, որ ՀՀ իշխանությունները պետք է խուսափեն գնաճի նպատակային ցուցանիշը հաճախակի փոխելուց, ինչպես արեցին այս տարի, երբ տարեսկզբին հայտարարված 3%-ն օգոստոսին դարձավ 5%: «Ամեն ամիս գնաճի նպատակային ցուցանիշ փոխելով` դրամավարկային քաղաքականության նկատմամբ վստահությունը կկորի»,- կարծում է ԱՄՀ ներկայացուցիչը:
Իր զեկույցում ԱՄՀ աշխատանքային խումբը որոշակի պայմաններ է ներկայացրել, որոնք մինչեւ տարեվերջ ՀՀ իշխանությունները պետք է կատարեն: Մասնավորապես, ԱԺ-ին պետք է փոփոխություններ ներկայացվեն պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքում, որպեսզի հստակեցվեն ՊՈԱԿ-ների սահմանումն ու գործունեությունը: «Այն ձեռնարկությունների թիվը, որոնք ձեռք են բերում ՊՈԱԿ-ի կարգավիճակ, ամեն տարի աճում է: Սակայն դրանք բյուջեի մեջ ներգրավված չեն, եւ խնդիրներ են առաջանում դրանց մոնիտորինգի գծով»,- ասում է Ն. Օմեսը: Նրա խոսքերով, ԱՄՀ-ն պահանջում է նաեւ փոփոխություններ եւ լրացումներ ներկայացնել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում, որպեսզի ԿԲ-ն հնարավորություն ստանա հրապարակել խախտումներ անող առեւտրային բանկերի ցուցակը եւ նրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Այդպիսով` քաղաքացիները տեղյակ կլինեն, թե որ բանկն է լավը, որը` վատը:
ԱՄՀ-ի փաստաթղթում եւս մեկ հետաքրքիր կետ կա. «Տնօրենները կոչ արեցին ՀՀ իշխանություններին` մշակել հեռանկարային ռազմավարություն, որը թույլ կտա մինչեւ 2008թ. ավարտն աստիճանաբար դադարեցնել գազի սուբսիդավորումը` ապահովելով լիարժեք ինքնաֆինանսավորում եւ նվազեցնելով միջնաժամկետ ֆիսկալ ռիսկերը»: Անդրադառնալով այս խնդրին` Ն. Օմեսն այն անվանեց «բավական ոչ թափանցիկ»: «Պարզ չէ, թե ինչ է համաձայնեցվել «Գազպրոմի» հետ: Սուբսիդավորման հարցը թափանցիկ չէ, քանի որ բյուջեում հաստատված չէ եւ կառավարվում է Պաշտպանության նախարարության կողմից: Երկրորդ պրոբլեմն այն է, որ սուբսիդավորումն անարդյունավետ է, եւ դրա վերջնական հասցեատերերը` աղքատները, դրանից այդքան էլ չեն օգտվում»,- ասաց Ն. Օմեսը:
Հետաքրքիր է նաեւ այն, որ զեկույցը պատրաստելիս ԱՄՀ աշխատանքային խումբը հիմնվել է հիմնականում Ազգային վիճակագրական ծառայության, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, ԿԲ-ի տվյալների վրա: «ԱՄՀ-ն հնարավորություն չունի բոլոր տվյալները մանրամասն ուսումնասիրել, սակայն մենք շատ ուշադիր վերլուծում ենք դրանք: Եվ եթե որեւէ բան մեզ տարօրինակ է թվում, սկսում ենք քննարկել»,- հավաստիացրեց Ն. Օմեսը: Նա օրինակ բերեց` կապված մասնավոր տրանսֆերտների թվի հետ: Ըստ ԿԲ-ի ուսումնասիրության (որը հաշվի է առել բանկային համակարգի միջոցով եկած գումարները), 2005թ. մասնավոր տրանսֆերտները գերազանցել են 1 մլրդ դոլարը: «Այս ցուցանիշը մեզ գերագնահատված թվաց: Երբ ավելի ուշադիր ուսումնասիրեցինք, տեսանք, որ այդ գումարներից ոչ բոլորը կարելի էր դասակարգել որպես մասնավոր փոխանցումներ, քանի որ դրանց մեծ մասը ներդրում էր Հայաստանում անշարժ գույքի մեջ»,- ասաց Ն. Օմեսը: