Սխալ գազիֆիկացումը թանկ հաճույք է

16/12/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ջրամատակարարման, էներգամատակարարման եւ գազամատակարարման ու դրանց հետ կապված այլ ծառայությունների թերի սպասարկումներից դժգոհությունները երբեք չեն պակասում:

Բնակիչ-բաժանորդներն անընդհատ խնդիրներ ունեն ջրի, գազի ու լույսի մարդկանց հետ, եւ դժվար է ասել, թե իրենց պարտականությունների մեջ հատկապես ո՞ր կողմն է ավելի շատ թերանում՝ սպասարկո՞ղը, թե՞ բաժանորդը: Իհարկե, կան բաժանորդներ, որոնք շատ դեպքերում հաշվի չեն առնում տվյալ ծառայության անվտանգության ու օգտագործման կանոնները եւ խախտումներ են անում: Բայց համատարած են նաեւ այն դեպքերը, երբ այդ ծառայությունների սպասարկումն է լինում թերի: Իսկ բաժանորդների մեծ մասը ոչ միայն տեղյակ չէ իր պարտականություններին, այլեւ ծանոթ չէ իր իրավունքներին: Նման դեպքերում ծառայությունների մասնագետները, կամ, ինչպես ընդունված է ասել՝ ջրի, գազի ու լույսի մարդիկ շատ հաճախ մոլորեցնում են բաժանորդներին ու նրանց ստիպում են անել այն, ինչը հենց իրենց պարտականությունն է: Նման դեպքերում բաժանորդները նաեւ գումարներ են ծախսում, ինչը չպետք է անեին:

Այսպիսի մի խնդրի առաջ էր կանգնել նաեւ գազի բաժանորդ մեր աշխատակիցը, ով ընդամենն այս գարնանն էր «գազ քաշել»: Նա, բնականաբար, կատարել է պահանջվող բոլոր վճարումները, կնքել է պայմանագրեր «ՀայՌուսգազարդի» եւ տեխնիկական սպասարկում իրականացնող այլ ընկերությունների հետ: Բայց վերջերս նրա տուն են այցելել Փրկարարական ծառայության Պետական հրդեհային տեսչության մասնագետ Ս. Միքայելյանը եւ «գազի ծառայության» տեսուչ Ա. Մկրտչյանը, նրա ներտնային ցանցում խախտումներ են հայտնաբերել ու դրանք վերացնելու մասին «կարգադրագիր» գրել:

«Փոխել զսպանակաձեւ գազատարը մետաղյա խողովակով եւ գազօջախը սնող ռետինե խողովակը փոխարինել ճնշումային ռետինե խողովակով»,- նշված է այդ կարգադրագրի մեջ:

Դրանից բացի, այդ մասնագետները մեր աշխատակցին ասել են, թե նրա տան գազատար համակարգն այնքան խախտումներով է անցկացված, որ ցանցն ամբողջովին պետք է փոխել: Այսինքն` բաժանորդն իր տունը նորից պետք է գազիֆիկացնի եւ նույն ծախսերը նորից պետք է անի: Քաղաքացին չի համաձայնել Ս. Միքայելյանի եւ Ա. Մկրտչյանի հետ եւ չի ստորագրել նրանց կազմած կարգադրագիրը: Եվ երբ ներկայացել է եւ փորձել է հասկանալ, թե որքանո՞վ են ճիշտ նրանց պահանջները, այդ մասնագետները միանգամից թողել-հեռացել են: Այս պատմությունը թերեւս շատ ուշադրություն չգրավեր, կամ էլ եզակի դեպք համարվեր, եթե մենք այլ բաժանորդների բողոքներ էլ չստանայինք: Պարզվում է՝ մեր աշխատակիցը միակը չէ, ում տուն այցելել են գազի եւ Հրդեհային տեսչության մարդիկ ու առաջարկել են համաձայնել իրենց կազմած եզրակացության հետ, փոխել տան գազիֆիկացման համակարգը: Մենք փորձեցինք համապատասխան մարմիններից ճշտել, թե իրականում որտե՞ղ է սխալը: «Այո, մեր մասնագետները «ՀայՌուսգազարդի» մասնագետների հետ ստուգայցեր են կատարում,- ասում է Հրդեհային տեսչության պետի տեղակալ Ռուբեն Խաչունցը: -Հայտնաբերված խախտումների մասին ակտ է գրվում եւ բնակչին առաջարկվում է որոշակի ժամկետում վերացնել այն»:

Պարոն Խաչունցի ասելով` խախտումների մեծ մասը կատարում են բնակիչները՝ ավելացնում են գազ սպառող մեկ այլ օջախ կամ էլ որեւէ այլ փոփոխություն են կատարում: Տվյալ դեպքում մեր աշխատակիցը հավատացնում է, որ իրենք գազիֆիկացնելուց հետո ոչինչ չեն փոխել եւ ոչինչ չեն ավելացրել: «Ինչքան գումար ուզեցին՝ տվեցինք,- ասում է մեր աշխատակիցը: -Մենք ոչ մի դետալ չենք գնել: Ամեն ինչ իրենք են բերել-միացրել: Դրանից հետո մենք ոչ մի փոփոխություն չենք կատարել: Ամեն ինչ մնացել է նույնը, ինչ որ արել էին գազ «քաշող» մասնագետները»:

Ուրեմն` խախտումները կատարել են գազ քաշողները: Այստեղ արդեն մեզ հետ համաձայն չէր պարոն Խաչունցը: «Ես 100 տոկոսով համոզված եմ, որ «ՀայՌուսգազարդի» ոչ մի կազմակերպություն, որը մոնտաժ է կատարել, ռետինե խողովակ չի օգտագործի,- ասում է Ռ. Խաչունցը: -Չէ, ինչքան որ ես շփվել եմ, այդ կազմակերպությունները նման բան չեն անի: Նրանք օրական այնքան են անցկացնում, որ արդեն անգիր գիտեն, թե ինչպես անեն: Իմ իմանալով` «ՀայՌուսգազարդը» կամ իր մոնտաժող մասնագետներն ունի, կամ էլ այլ կազմակերպություններից վարձում է լավագույններին»: Գրեթե նույն պատասխանը ստացանք նաեւ «ՀայՌուսգազարդից»: Բայց այս դեպքում ճիշտն այն է, որ գազիֆիկացումն է իրականացվել խախտումներով: Նման դեպքերում տրամաբանական է, որ խախտում կատարողն ինքը պետք է վերացնի իր թույլ տված սխալները: Եթե բաժանորդն է ինքնակամ փոփոխություն կատարել, ուրեմն նա պետք է մասնագետ հրավիրի եւ վճարի: Եթե գազիֆիկացնող կազմակերպությունն է մեղավոր, ուրեմն նա էլ պետք է ուղղի իր թույլ տված սխալները: Բայց դա դեռ պետք է ապացուցվի: Իսկ բաժանորդների մեծ մասը հետեւողական չէ իր իրավունքները պաշտպանելու հարցում, եւ մեծամասամբ անում են այն, ինչ թելադրում են այդ կազմակերպությունները: Եվ շատ քիչ դեպքերում է, որ նրանք հետամուտ են լինում եւ պաշտպանում են իրենց իրավունքները: Հետեւողական լինելու դեպքում էլ դեռ հարց է, կկարողանա՞ արդյոք գազիֆիկացնողին ապացուցել, որ դա նրա սխալն է: Սա հարցի մի կողմն է: Իսկ գազիֆիկացնող կազմակերպությունն ինչո՞ւ է խախտումներով կատարում իր աշխատանքը: Չէ՞ որ մինչեւ գազիֆիկացնելը նախագծում են տվյալ տարածքը, նախագիծը հաստատում են, հետո նոր սկսում աշխատանքները: Պարզվում է, որ մինչեւ շենքի մուտք կատարվող գազիֆիկացման նախագիծը համաձայնեցվում է Հրդեհային տեսչության հետ: Եթե նախագիծը չի համապատասխանում տվյալ կառույցի առաջադրած պահանջներին, ապա տեսչությունն իր ուղղումներն է մտցնում: Իսկ ներտնային ցանցի նախագիծը նման վերահսկողական փուլ չի անցնում: Եթե գազիֆիկացնողը հմուտ կամ ազնիվ եղավ իր գործում եւ աշխատանքը ճիշտ կատարեց, ուրեմն ամեն ինչ լավ է: Մնում է, բաժանորդն ինքը խախտումներ չանի: Իսկ եթե գազիֆիկացնող մասնագետներն, այնուամենայնիվ, սխալ են թույլ տվել, շատ դեպքում ուղղելու հոգսն ու ծախսերն ընկնում են բաժանորդի ուսերին: Եթե, իհարկե, վերջինս չփորձի պարզել, թե ո՞րն է իր մեղքը: Բայց դե կլինեն միամիտներ, որոնք կուլ կտան «գազի մարդկանց» խայծը: Փաստորեն ներտնային ցանցի թե՛ գազիֆիկացման ու սպասարկման, եւ թե՛ վերահսկողական աշխատանքները «ՀայՌուսգազարդի» իրավունքն են: Իսկ եթե մի ընկերություն ինքն է հսկում իր աշխատանքի որակը, ապա թերի սպասարկումն անընդհատ է լինելու: Հիշեցնենք նաեւ, որ ներտնային ցանցի սպասարկման մենաշնորհն էլ այս տարի տրվեց «ՀայՌուսգազարդին»: