ԱԺ կողմից հաստատված 2007թ. ֆինանսական գլխավոր փաստաթղթով առողջապահության ոլորտի հատկացումներն ավելացել են 20.7 %-ով, որտեղ հիվանդանոցային բուժօգնության աճը կազմում է 15.3 %. շեշտադրումն արված է մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջինացված արժեքի բարձրացմանը:
Դժվարանում ես հավատալ, որ բյուջեի «նպատակային ավելացումներին» զուգահեռ` պետպատվեր իրականացնողները կդադարեն գանգատվելուց, թե գումարը չի բավականացնում անվճար ծառայություն մատուցելու, այսինքն` ամբողջովին չեն փոխհատուցվում հիվանդության հետ կապված իրատեսական ծախսերը, որովհետեւ գաղտնիք չէ, որ պետպատվերով բուժվող հիվանդների համար որակյալ բուժօգնությունը, այդ թվում՝ անհրաժեշտ դեղորայքն օդի մեջ կախված բաներ են: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս մեծ թվով բժշկական ծառայությունների իրական արժեքը շատ ավելի բարձր է, քան այն գումարները, որ պետությունը փոխանցում է հիվանդանոցներին: «Անընդհատ բյուջեն մեծացնելով՝ ոչինչ չի փոխվում, որովհետեւ համակարգը սխալ է կառուցված»,- այս կարծիքին են նաեւ առողջապահության ոլորտում «ծանր» ռեֆորմներ իրականացնողները: «Պետությունն իրական պատվեր պետք է տեղադրի, մինչեւ դա տեղի չունենա, բուժաշխատողները հավելյալ գումարներ վերցնելու են: Երբ որ հիվանդանոցներում, համաձայն ռազմավարական պլանավորման, կունենանք ըստ բաժանմունքների եւ հիվանդությունների հաշվարկված ծառայությունների ինքնարժեք, ինչը մեր ծրագրով նախատեսված է, ապա հաջորդ տարվա համար նրանք կկարողանան պլանավորել, թե ի՞նչ սոցիալական խմբերի եւ ի՞նչ քանակությամբ ծառայություններ կարող են մատուցել, որն էլ կլինի այդ հիվանդանոցի բյուջեն, բայց դա ոչ թե նախարարությունն ու քաղաքապետարանը պետք է կատարեն, այլ հիվանդանոցները: Սա է ճիշտ ճանապարհը. այդ ժամանակ արդեն հավելյալ վճարումների, համաֆինանսավորման, գրպանից գրպան վճարումների կարիքը չի լինի: Բյուջեն պետք է հաշվարկվի ոչ թե վերեւից, այլ ներքեւից: Ներքեւից պետք է պլանավորել աշխատանքները, այդ թվերը գումարելով էլ կստացվի երկրի առողջապահության բյուջեն: Իրական հաշվարկները ցույց են տալիս, որ, ցավոք, երկրի բյուջեն իրեն չի կարող թույլ տալ շռայլություն` առողջապահությանն ուղղելով բոլոր միջոցները: Ո՞վ չի իմանում, որ այսօր առողջապահության բնագավառում սեւ շուկա կա»,- նկատում է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) տնօրեն Սերգեյ Խաչատրյանը, որի կարծիքով` առողջապահության համակարգում պետք է առաջնահերթ փոփոխության ենթարկվի կառավարման համակարգը` միաժամանակ առողջապահական համակարգի բարեփոխումների առաջընթացը համարելով սոցիալական բացասական երեւույթներից խուսափելու միակ ճանապարհն ու զարգացման մեխանիզմը: Կարեւորելով համակարգում բժշկատնտեսագիտական չափորոշիչների ձեւավորումն ու հիմնավորված բժշկության ներդրումը` Ս. Խաչատրյանը նաեւ այսպիսի հարցադրում արեց. «Հիվանդանոցային աշխատանքների վերաբերյալ երբեւէ որեւէ թերթում կարդացե՞լ եք, թե ինչպես են նրանք բյուջեի միջոցները ծախսում, որքա՞ն թափանցիկ են աշխատում: Այսօր մենք դեկլարատիվ ասում ենք, որ աղքատություն ունենք, ու նրանք պետպատվերից ավելի շատ պիտի օգտվեն, որն իրականում այդպես չէ: Պետպատվերը նրա համար է, որ պետք է ծածկի այն մարդկանց ռիսկերը, որոնք դրա կարիքն ունեն: Պարզվում է, որ Հայաստանում այդպես չէ, քանի որ բավականաչափ ունեւոր մարդիկ են պետպատվերից օգտվում, որը կատարվում է թափանցիկության բացակայության պատճառով: Ընդհանրապես առողջապահության բոլոր օղակների աշխատանքների թափանցիկության խնդիրը կա, հանրությունն իրավունք ունի իմանալ, թե ի՞նչ է տեղի ունենում հանրային եւ սոցիալական այդպիսի կարեւորագուն սեկտորում, որտեղ տուժողը հիմնականում մարդն է: Առողջապահության համակարգը ստեղծված չէ համակարգի աշխատողների համար, դա առաջին հերթին բնակչության համար է, որտեղ առաջնահերթությունը մարդու առողջության պահպանումն է»:
Հրաժեշտ պոլիկլինիկաներին
2006թ. «նորամուծությունը» բուժօգնության առաջնային օղակի 100 տոկոսանոց պետպատվերի տեղադրումն էր, որը տարբեր արձագանքներ ունեցավ: Պաշտոնական տեսակետով, նշված պետական ծրագիրը հաջողված քայլ էր, որի լավագույն հիմնավորումը հաճախումների թվի ավելացումն է: Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահության վարչության տվյալների, բնակչությունը գոհունակությամբ է օգտվել այս ծառայություններից, որովհետեւ սպասարկվողների թիվը տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գրեթե յուրաքանչյուր ամիս 40-50%-ով աճել է հաջորդ ամսվա նկատմամբ, եւ գանգատները վերաբերել են միայն գոյացող հերթերին: Սակայն, դիտարկենք մեդալի հակառակ կողմն էլ. անկախության տասը տարիների ընթացքում ազգաբնակչությունը բուժօգնության անմատչելիության հանգամանքներում մեծաքանակ հիվանդությունների ցանկ է ձեռք բերել, որոնց հիմնավոր բուժումը պոլիկլինիկաների հնարավորություններից դուրս է: Այսինքն, անվճար հետազոտվելուց հետո էլ, միեւնույն է, նրանք պետք է բուժվեն հիվանդանոցներում, որտեղ միայն «մուտքն» արժե 75 հազար դրամ:
Եկող տարի նույնպես պետբյուջեով ամբուլատոր-պոլիկլինիկական անվճար բուժօգնությունում ընդգրկված է ամբողջ ազգաբնակչությունը` անկախ տարիքից եւ սոցիալական կարգավիճակից, բացառությամբ՝ ստոմատոլոգիական ծառայությունից: 2007թ. պետբյուջեով մեծ տեղ է հատկացված նաեւ ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրմանը, որը կամաց-կամաց պետք է փոխարինի դեռեւս անցյալ դարի 20-ական թվականներին ստեղծված վարակիչ հիվանդությունների եւ մահացությունների դեմ պայքարող պոլիկլինիկաներին: Մասնագետների կարծիքով, մեր հանրապետությունը կարիք ունի շուրջ 2200 ընտանեկան բժշկի, վերապատրաստման դասընթացների արդյունքում նրանցից 1200-ն աշխատանքի կանցնեն 2008թ. վերջին: Սակայն, ընտանեկան բժշկության ինստիտուտի հակառակորդները հենց համակարգի աշխատողներն են, որոնց կարծիքով դա ֆիկցիա է: Մայրաքաղաքի լավագույն մասնագետներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, կարծում է, որ պոլիկլինիկաներին ընդհանրապես չի կարելի ֆինանսավորել, այլ դրանք վաղուց պետք էր փակել, որովհետեւ այն, ինչ անում են նրանք իրենց հիվանդների հետ՝ անգրագիտություն է: «Հիվանդները չեն վստահում պոլիկլինիկաների բժիշկներին, նրանց տված անալիզների պատասխանները չեն համապատասխանում հիվանդանոցի անալիզներին: Ընտանեկան բժիշկների ինստիտուտը լավ աշխատում է արտասահմանում, իսկ մեզ մոտ ոչ ոք չի հանդգնի բուժվել անգամ իր ծանոթ ընտանեկան բժշկի մոտ, որովհետեւ նրանք չեն կարող միանգամից 25 մասնագիտություն ձեռք բերել ու հարյուրավոր հատորներ սերտել»,- ասում էր բժշկուհին: Ինչեւէ, 2007թ. պետական ռազմավարական քաղաքականության նշանակետը հենց առաջնային բուժօգնության համակարգի դերին եւ նշանակությանն է միտված, քանի որ 2004թ. Համաշխարհային բանկի ու կառավարության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացվում է 25,5 մլն դոլար արժողությամբ երկրորդ վարկային քառամյա ծրագիրը: «Այս տարի էքսպերիմենտալ ծրագիր էր: Ես չեմ կարող ասել, որ ամեն ինչ հարթ էր, որովհետեւ մենք ունեցանք դեղորայքային ապահովվածության խնդիր, բայց 2007թ. ավելացած հատկացումներով, հույս ունենք, որ դեղորայքային ապահովվածությունը կլավանա: Արդեն գիտենք՝ ինչքան մարդու ենք մերժել, ըստ այդմ էլ կհստակեցվի ցանկը: Ուզում ենք որոշակի սահմանափակում մտցնել դեղորայքի հարցում, որպեսզի մեր հիվանդները դժգոհ չհեռանան պոլիկլինիկայից: Օրինակ, մեր հաշմանդամ հիվանդներից մեկն ուզում էր այնպիսի դեղորայք, որի մեկ սրվակն արժեր 16-18 հազար դրամ, եւ իրեն անհրաժեշտ էր 50 սրվակ: Մի ամիս հատկացնելու դեպքում, ամբողջ հաշմանդամներին տրամադրված գումարը կգնար միայն նրան»,- ասում է մայրաքաղաքի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Սահակյանը: Ինչ վերաբերում է ընտանեկան բժշկության ինստիտուտին, Գ. Սահակյանը նշում է, որ իրենց պոլիկլինիկայում, արդեն 3 տարի է, ինչ կիրառվում է այս նորարությունը (ունեն 40 ընտանեկան բժիշկներ), սակայն դա լիովին չի աշխատում, եւ արդար մրցակցության պայմաններում կհաղթեն նրանք, ովքեր ակտիվ կքարոզեն եւ իրենց աշխատանքով կապացուցեն համակարգի արդյունավետությունը: «Զուտ հիվանդների հավաքագրման թվերով (ընտանեկան բժշկի համար պահանջվում է նվազագույնը 1000 հիվանդ, որից 700-ը` մեծահասակ, 300-ը` փոքրահասակ), դեռեւս կայացման փուլում ենք: Թյուր կարծիք կա, որ ընտանեկան բժիշկն ունիվերսալ գիտելիքների տեր անձնավորություն է, դա առանձին մասնագիտություն է, որն ընտանիքի առողջական վիճակի գնահատողն է: Կան մասնագիտական հմտություններ, որոնք մեկ տարի սովորելով` կարելի է ցուցաբերել բժշկական որակյալ ծառայություն: 10-15 տարի է, ինչ փոխադարձ անվստահություն է ձեւավորվել բնակչի եւ բժշկի միջեւ, եւ պետք է հասնենք մի էտապի, որ նրանք վստահեն միմյանց»,- հավաստիացնում է պոլիկլինիկայի տնօրենը: