Մարդկանց ընդամենը հույս է պետք

16/12/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Արմենիա Նաու» ինտերնետային շաբաթաթերթի, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի եւ «Շողակաթ» հեռուստաընկերության համատեղ բարեգործական ակցիան:

Այս միջոցառումը հատկապես արտառոց էր նրանով, որ հրավիրվել էին սոցիալապես ծայրահեղ վատ վիճակում գտնվող մարդիկ, ինչպես նաեւ` ՀՀ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ: Հանդիպումը նաեւ նպատակ ուներ վերջին տարիներին ստեղծված սոցիալական շերտավորման սառույցը կոտրել: Հիշեցնենք, որ արդեն 4 տարի է, «Արմենիա Նաու» ինտերնետային շաբաթաթերթը Ամանորի նախօրեին ներկայացնում է Հայաստանում եւ ԼՂՀ-ում ապրող մի շարք կարիքավոր ընտանիքների պատմություններ՝ կոչ անելով աջակցել նրանց: Երեկ կինոթատրոնում հրավիրվածները հնարավորություն ունեցան դիտելու «Շողակաթ» հեռուստաընկերության արտադրած «Հայ Ձմեռ պապ» ֆիլմաշարը, որը սոցիալապես անապահով մարդկանց կյանքի վավերագրությունն էր: «Հայ Ձմեռ պապ 2007» տեսաֆիլմերը պատրաստվել են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղանի աջակցությամբ: Ֆիլմի ռեժիսորը Արա Շիրինյանն է: Նախագծի հեղինակներն են հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը եւ «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն Արմենուհի Պետրոսյանը: Տիգրան Պասկեւիչյանը երեկ բարեգործական ակցիայի ժամանակ ասաց. «Այսօր ձեզ չենք կանչել ուրախացնելու, զվարճացնելու համար, որովհետեւ, ցավոք սրտի, մեր իրականության մեջ ներկայացվող այս 8 ընտանիքները չեն միայն, որ կարիքի մեջ են, նրանք շատ-շատ են: Ամբողջ այս ընթացքում, երբ աշխատում էի ֆիլմերի սցենարների վրա, իմ գլխի մեջ պտտվում էր մի միտք: Սոցիալական հույս: Մարդկանց, որոնց հիմա կտեսնեք, անհրաժեշտ չէ փող, հագուստ, տուն, այլ իրենց պետք է այդ վիճակից դուրս գալու հույս»: «Լավ է օգնել ոմանց, քան անտեսել բոլորին»,- այս կարգախոսով առաջնորդվող ակցիայի կազմակերպիչները կարողացան ֆիլմը դիտող հայ մարդու մեջ արթնացնել կարիքի մեջ գտնվող մերձավորին նկատելու զգացումը: Կինոդիտողներից շատերն էին այն կարծիքին, որ նման ֆիլմերն, ավելի քան երբեւէ, այսօր անհրաժեշտ են մեր հասարակությանը: Ֆիլմը դիտելիս միակ բանը, որ մտածում ես՝ դա ինչ-որ մեկին օգնելու ցանկությունն է: Ֆիլմի հեղինակները «ճռճռան» կոչեր չեն անում, չեն քննադատում եւ ինչ-որ բան չեն ապացուցում: Ֆիլմը պատմում է սոցիալապես ծայրահեղ վիճակում գտնվող 8 ընտանիքների մասին, որոնցից մի կնոջը երջանիկ ապրելու համար անհրաժեշտ է աչքը վիրահատել, մյուս բազմազավակ ծնողներին տնտեսություն ստեղծելու համար ընդամենը մեկ կով է պետք, մեկ ուրիշին էլ` պարզապես անձը հաստատող փաստաթուղթ: Եվ հայտնվում են կամավորներ, ովքեր պատրաստ են այդ սոցիալական հույսը տալ նման մարդկանց: Ֆիլմը բավականին նրբորեն հոգեւոր դաշտ է փոխանցում մարդուն, քարոզելով՝ անտարբեր չլինել մեր կողքին գտնվող մարդկանց հանդեպ: Ֆիլմը հանդիսատեսին ստիպում է մտածել, թե սիրո՞ւմ է արդյոք նա դիմացինին, պատրա՞ստ է արդյոք ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվող մարդուն: Այս ֆիլմը նաեւ ինքնաճանաչողության հնարավորություն է տալիս՝ ստիպելով մտածել, թե պատրա՞ստ ես արդյոք ինքդ նույնքան շռայլ գտնվել մեկ այլ մարդու հանդեպ, որքան քո հանդեպ ես շռայլ: 8 ընտանիքների կարիքները բավարարելու համար ձեռք էին մեկնում անհատներ, ուսանողներ, պաշտոնյաներ: Սոցիալապես անապահով այդ ընտանիքների գտած սոցիալական հույսը հուզում է, ու մտածում ես՝ «Ես էլ կարող եմ օգնել»:

Հ. Գ. Տ. Պասկեւիչյանը վկայեց, որ նման ակցիաները բազմաթիվ արձագանքներ են ունենում: «Մեր ցուցադրած կամ դրանից առաջ «Արմենիա Նաուի» գրած ընտանիքներից բոլորն էլ օգնություն ստացել են: Նրանց կարիքները բավարարվել են, բայց եղել են իրենց ասածից ավելի չսպասված բաներ: Օրինակ, Երասխավանի բնակիչ մի մարդ շատ վատ վիճակում էր ապրում եւ հույս էլ չուներ, որ աշխատանք կգտնի, բայց գտնվեց մարդ, ով աշխատանքով ապահովեց, ավելին՝ ոչխարի հոտ տվեց»: Ի դեպ, անցյալ տարի Մարտունիում բնակվող 11 հոգուց բաղկացած մի ընտանիքի համար, որի տունը փլվել էր, եւ ապրում էին հարազատներից մեկի տանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը 3 սենյականոց տուն է գնել եւ նվիրել: