Բազմաբնակարան տան մի հատվածը երերուն եւ փայտե սյուների վրա է:
Այն պտղունքցի 21 ընտանիքի կացարանն է: Այստեղ ապրելով` բնակիչներն ամեն պահ վտանգի են ենթարկում իրենց կյանքը: Թեպետ շենքի պատերը քարից են ու, թվում է` շատ ամուր, բայց իրականում խարխուլ են ու փլուզման ենթակա: Աստիճանավանդակներից սկսած մինչեւ տանիքը փայտաշեն այդ կառույցը բնակիչները բազմիցս «կարկատել» են ինչպես եւ ինչով պատահի: Ստացվել է հազարագույն ու թշվառ մի տեսարան` հենց գյուղապետարանի քթի տակ:
Գոհար Եղիազարյանն իր բազմանդամ ընտանիքով այստեղ է 1969թ.-ից:
«Այս ավերակների մեջ երեք աղջիկ եմ մեծացրել: Ուսանող երեխաներ են եղել, ամաչել են, որ ընկերուհի տուն բերեն: Կոմունալ որեւէ հարմարություն չունենք: Վախենում ենք մի ուրախություն անենք. թափով շարժվեն, պարեն` կարող է հատակը փուլ գա: Շենքը տակից է փտում: Նկուղային մասում պատերը կամաց-կամաց թափվում են: Ոչ ոք բանի տեղ չի դնում»,- դժգոհում է տիկին Գոհարը:
Նկուղային հարկի բնակիչների համեմատ` Գոհար Եղիազարյանի տունն ուղղակի փայլուն է: Ադրբեջանից բռնագաղթած Ալիկ Բադալյանը նկուղային հարկերից մեկում է ապրում 1988-ից:
«Սա տո՞ւն է, որ ապրում ենք: Արեւի լույսից ու ջերմությունից էլ ենք զրկված: Տղա ու աղջիկ եմ մեծացնում այս բարաքում: Նրանց համար եմ շատ ցավում, որ մինչեւ հիմա ոչինչ չունեն: Ո՞ւմ է հետաքրքիր, թե Աֆղանստանում եմ ծառայել, փախստական եմ: Ո՞ւմ դիմեմ, որ լսեն, կամ` ո՞վ է ինձ սպասում, որ ասածս էլ լսի»:
Շենքը 1925 թվականի կառույց է: Ի սկզբանե պահեստ է եղել: Ավելի ուշ մասնակի բնակեցվել է Հայաստանի տարբեր շրջաններից եկածներով, իսկ 1946-ին` իրանահայերով: «Նրանցից շատերը թողեցին-գնացին, ոմանք վաճառեցին: Հետո վերավաճառվեցին բնակարանները, որոնցից մեկն էլ մենք ձեռք բերեցինք,- պատմում է 2-րդ հարկի բնակիչ Նարինե Թանգամյանը: -Վեց հոգով այս խարխուլ տան մեջ ենք ապրում: Ո՛չ խոհանոց ունենք, ո՛չ զուգարան, ո՛չ բաղնիք: Սաղ ձմեռ չենք լողանում: Եթե ամռանը շորերով ու «ադյալներով» բալկոնը փակում, լողանում էինք, հիմա դա անել չենք կարող` ցուրտ է: Զուգարանն էլ 10-15 մետր տնից հեռու է` դրսում, համ էլ` ընդհանուր: Պատկերացնո՞ւմ եք, էս ծեր կինը (սկեսուրը) օրը քանի անգամ է հենակներով, էս փտած աստիճաններով իջնում-բարձրանում»:
Այդ ծեր կինը Օվսաննա Թանգամյանն է, ում որդիներից մեկը զոհվել է Արցախյան պատերազմում` «Տիգրան Մեծ» ջոկատի առաջամարտիկներից է եղել, մյուսը առողջությունն է կորցրել Չեռնոբիլում: «Խորհրդային բանակում էր ծառայում, այդ ընթացքում Չեռնոբիլի դեպքը եղավ: Ամուսնուս էլ տարան: Երկու տարի աշխատեց այնտեղ, վերադարձավ սրտի լուրջ հիվանդությամբ: Թոշակ չի ստանում, որովհետեւ պոլիկլինիկայում մի շարք կաբինետներ պիտի անցներ, փող տար: Հետո էլ իմացանք, որ թոշակ նշանակելու համար 500 դոլար էլ մաղարիչ պիտի անենք, հրաժարվեց: Թոշակն էլ թոշա՞կ լինի` ամսական 20.000 դրամ: Բա դրա համար 500 դոլար պարտքի տակ ընկնեի՞նք»,- անկեղծանում է Նարինե Թանգամյանը:
Բնակիչներին միայն շենքի վթարայնությունն ու տարրական պայմաններից զուրկ վիճակը չէ, որ մտահոգում է: Նրանք անհասցե են եւ առանց սեփականության իրավունքի` «օդից կախ», ինչպես իրենք են ասում: Պտղունքի գյուղապետարանում շենքի` որպես բնակելի տան մասին որեւէ տեղ ու որեւէ փաստաթղթով հիշատակում չկա: Քաղաքաշինության նախարարության հաշվեկշռից սկսած մինչեւ Պտղունքի գյուղապետարանի մատյաններ` այն նույնպես գոյություն չունի: Պատճառաբանվում է, որ այն իրենից նյութական արժեք չի ներկայացնում, հետեւաբար որեւէ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցնում: Եվ ստացվում է, որ շենքն իր բնակիչներով փաստացի գոյություն ունի, բայց իրավաբանորեն` ոչ:
«Մի անգամ Արմավիրի մարզպետարանից եկան, տեսան, ասացին, որ կարող ենք շինարարություն անել` գոնե կոմունալ հարմարություններ ստեղծելու նպատակով առաջ գնալ: Բայց ո՞նց կառուցենք, եթե չենք կարողանում տունը սեփականաշնորհել: Կադաստրը հրաժարվում է սեփականության վկայական տալ»,- ասում է Գոհար Եղիազարյանը:
«Այդ ե՞րբ գյուղապետարանը փաստաթղթեր ներկայացրեց, որ կադաստրը մերժեց,- զարմացավ Անշարժ գույքի կադաստրի Էջմիածնի ստորաբաժանման պետ Շիրազ Հարությունյանը: -Շենքի յուրաքանչյուր բնակչի համար առանձին կադաստրային գործ պետք է կազմվի, իսկ դա պետք է արվի գյուղապետարանի կոնկրետ որոշման հիման վրա: Եթե այդ որոշումը չկա, մեզանից ի՞նչ են պահանջում: Մեղադրելուց առաջ թող մտածեն` չե՞ն թերանում, արդյոք, իրենք իրենց գործում»,- թափանցիկ ակնարկն ուղղելով Պտղունքի ղեկավարությանը` հարցրեց Կադաստրի պետը:
Պտղունքի գյուղապետի տեղակալ Կարո Արթինյանը, ըստ էության, պատասխան չուներ տալու: Բայց լիովին համամիտ էր, որ շենքի բնակիչներին պետք է սեփականատերեր ճանաչել: Սակայն նաեւ մեղադրում էր բնակիչներին. «91-ի սեփականաշնորհման ժամանակ այդ շենքի բոլոր բնակիչներին տնամերձեր հատկացվեցին: Ոչ ոք տեղից չշարժվեց, որ տուն կառուցեր (ինքն իրեն հակասելով էլ նկատեց, որ այդ տարիներին ոչ ոք տուն չէր կառուցում.- Հ. Ա.): Վաճառեցին հողերն ու մնացին կոտրած տաշտակի առաջ: Հիմա ի՞նչ են ուզում»:
«Ուզում ենք, որ մեզ սեփականատերեր ճանաչեն, որ բնակության վայրի հասցե ունենանք, ու մեր երեխաներին անձնագիր տան, իսկ դրա համար անձնագրային սեղանից սեփականության վկայական են պահանջում: Երկու տղաներիս բանակ տարան առանց անձնագրի: Հիմա ծառայությունից վերադարձել են ու անձնագիր չունենալու պատճառով մի շարք քաշքշուկների մեջ ընկել: Ստիպված տարել-գրանցել եմ բարեկամիս հասցեով, անձնագիր հանել ու կրկին դուրս բերել գրանցումից»,- բողոքում է Սուսաննա Մարտիրոսյանը, ով զինվորական ծառայության ուղարկելու դեռ երկու տղա էլ ունի:
«Այդ ո՞նց է, որ առանց անձնագիր բանակ տանում են, բայց ուսումնական հաստատություն դիմելիս` պահանջում»,- հարցնում է 10-րդ դասարանցի Օվսաննայի մայրը` Նարինե Թանգամյանը: «Դիմելու եմ բժշկական ուսումնարան: Պետք է գրանցվեմ մեր ծանոթներից մեկի տան վրա, անձնագիր ստանամ, որ գործերս հանձնեմ: Մեր շենքում ապրողներից շատերն են այդպես արել»,- ասում է տասներորդցի Օվսաննան:
Աղջկա ծնողները շենքի սակավաթիվ բնակիչներից են, ովքեր, ԱԺ նախագահից սկսած մինչեւ տեղական իշխանություն, շարունակ իրենց նկատմամբ ուշադրություն են պահանջում: «Հաշվի առնելով, որ զոհված ազատամարտիկի ընտանիք ենք, մեր բնակարանային հարցերով գրավոր դիմել ենք ԱԺ նախագահին, վարչապետին: ԱԺ-ից պատասխան-գրություն եկավ, թե` դիմեք մարզպետարան, մարզպետարանից էլ թե` դիմեք գյուղապետին: Կարծես գյուղապետի տեղը մենք չգիտեինք: Ախր, սա ի՞նչ բյուջե ունի, որ ինչ էլ անի»,- հույսը գյուղապետարանից մեկընդմիշտ կտրած` ասաց տիկին Նարինեն:
Բայց, պարզվում է, գյուղապետարանում «անհանգստացել» էին. գյուղապետ Սամվել Զեյնալյանն էր եկել Թանգամյանների տուն եւ ասել, որ «պետք է փող հավաքվի` պատշգամբներ կառուցելու, կամ` բարերարներ գտնեն` շենքն ամբողջությամբ վերանորոգելու համար»:
«Բայց դա որքանո՞վ է խելացի` առանց սեփականատեր լինելու…»,- հարցնում էին «օդից կախ» բազմաբնակարանի ապրողները:
www.hetq.am